Սարգիս Ղազարյանն իտալացի գործարարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները

Սարգիս Ղազարյանն իտալացի գործարարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները

Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը նոյեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է Պալերմոյում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նոյեմբերի 24-ին ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Պալերմոյի քաղաքային խորհրդի նախագահ Սալվատորե Օռլանդոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սիցիլիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները՝ հատկապես առևտրատնտեսական, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցեր, Սիցիլիայում առկա իրավիճակը՝ կապված փախստականների մեծ ներհոսքի հետ:

Նույն օրը՝ երեկոյան, կայացել է դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային հանդիպումը Պալերմոյի գործարար և առևտրաարդյունաբերական շրջանակների ղեկավար ներկայացուցիչների հետ: Դեսպան Սարգիս Ղազարյանը պատասխանել է ներկաների՝ Հայաստանի տնտեսական վիճակի, գործարար միջավայրի ու ներդրումային դաշտի, ներդրումային հստակ ծրագրերի վերաբերյալ հարցերին:

Նոյեմբերի 25-ին տեղի են ունեցել դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումները Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օռլանդոյի և Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի: Հանդիպումներին քննարկվել են Հայաստանի և Սիցիլիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին, Եվրասիական տնտնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման հնարավոր ոլորտներին, Սիցիլիայում հայերի դարավոր ներկայությանն ու թողած ժառանգությանն առնչվող հարցեր:

Նույն օրը Սիցիլիայի ութ տասնյակից ավելի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Ճանաչենք մրցակցելու համար. Հայաստան՝ դարպաս դեպի Եվրասիա» խորագրով գործարար համաժողովը: Այն կազմակերպել էր Սիցիլիայի Եվրասիական կազմակերպությունը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Ներածական խոսքով՝ «Հնարավորությունները և գործարար միջավայրը Հայաստանի Հանրապետությունում. նոր առանցքային կենտրոն Եվրասիա մուտք գործելու համար» խորագրի ներքո, հանդես է եկել Սիցիլիայի Եվրասիական կազմակերպության նախագահ Նունցիո Պանձարելլան: Դեսպան Սարգիս Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային ծրագրերն ու մակրոտնտեսական ցուցանիշները, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա են եղել և ելույթներ ունեցել Սիցիլիայի նահանգապետ Ռոզարիո Կրոչետան, փոխնահանգապետ Մարիա Լո Բելլոն, Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օռլանդոն, Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեն, սիցիլիական մի շարք ձեռնարկությունների ղեկավարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում