Ռուսաստանի հիանալի գամբիտը

Ռուսաստանի հիանալի գամբիտը

Ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածության նոր ալիքը ջրի երես է հանել անցած տասնամյակների ընթացքում երկու պետությունների միջև կուտակված խնդիրների բազմությունն ու բովանդակությունը։ Չնայած այն բանին, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը հետևեցին չափազանց խիստ, ինչ֊որ տեղ նաև էմոցիոնալ գնահատականներ, այնուամենայնիվ շուտով պարզ դարձավ, որ հակամարտության բուն պատճառը ո՛չ հիշատակված SU 24-ն էր, ոչ էլ Ռուսաստանի օդուժի գործողությունները Սիրիայում։ Երկու այս գործոնն էլ ընդամենը հետևանքն են այն հակամարտության, որը երկու պետությունների միջև սկիզբ է առել դեռևս XVI դարում և, փոփոխական հաջողություններով, շարունակվում մինչ օրս։ 

Ռուս-թուրքական պատերազմներում Ռուսաստանի տարած հաղթանակները ժամանակին դարձան Օսմանյան կայսրության փլուզման հիմնական պատճառներից մեկը։ Բնական է, որ Թուրքիայի քաղաքական միտքն ու պատմական հիշողությունը չէր կարող ներել Ռուսաստանին նման կորուստը։ Պաշտոնական Անկարան մշտապես վառ է պահել ռևանշի հասնելու գաղափարը՝ չխնայելով դրա համար ոչինչ։ Եվ, պետք է ասել, որ Թուրքիայի իշխանություններին վերջին տարիներին հաջողվել էր տպավորիչ արդյունքների հասնել։ Համենայնդեպս, Թուրքիան հասել էր այն մակարդակին, երբ այդ պետության մեջ կրկին ակտուալ էին դարձել հարակից տարածաշրջաններում գերիշխող դիրք գրավելու անհրաժեշտության մասին քննարկումներն ու նեոօսմանիզմի գաղափարախոսությունը։ Ավելին` թուրքական պետությունը հաջողել էր նաև այս հարցում։

20-րդ դարի վերջում ամեն ինչ շատ հաջող էր դասավորվում Թուրքիայի համար։ Սկզբում փլուզվեց Խորհրդային Միությունը, այնուհետև Հարավսլավիան։ Աշխարհաքաղաքական երկու կարևոր այս իրադարձություններն Անկարայում ընկալվեցին որպես նախկին դիրքերն ու ազդեցությունը վերականգնելու շանս։ Թուրքիան երբեք չէր հապաղում։ Արդեն 92 թվականին, անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու միջինասիական թուրքալեզու չորս պետությունները դարձան ՄԱԿ֊ի անդամ, պաշտոնական Անկարան նախաձեռնեց Թյուրքալեզու պետությունների ղեկավարների խորհրդաժողով և համագործակցություն, որը շարունակում է գործել մինչ օրս։ Նույն հաջողությամբ Անկարան գործեց նաև բալկաններում, որտեղ հռչակվեց Կոսովոյի անկախությունը, իսկ Բուլղարիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում և այլուր կտրուկ մեծացավ թուրքական ազդեցությունը։

Մերձավոր Արևելքի երկրներին Թուրքիան առաջարկեց պետության կառավարման այսպես կոչված «թուրքական մոդելը» (իսլամական աշխարհիկ պետություն), հայ֊թուրքական հարաբերություններում փորձեց ձերբազատվել Հայկական հարցի գործոնից (2008 թվականի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց), ակտիվացրեց իր քաղաքական և տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում և Ղրիմում։ Մի խոսքով` Թուրքիայի իշխանություններն անում էին ամեն ինչ, որպեսզի կարողանան վերականգնել պետության նախկին դերակատարումը հարակից տարածաշրջաններում։ Անգամ լուրջ փորձեր էին կատարվում ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում` Հյուսիսային Կովկասում, որտեղ կենտրոնական իշխանությունների դեմ պայքարի ելած անջատողականները ստանում էին թուրքական և լեհական հիմնադրամների աջակցությունը։

Թուրքիայի աշխարհաքաղաքական և տնտեսական պոտենցիալն այն աստիճանի է աճել, որ պետությունը տարածաշրջանում Արևմուտքի հավատարիմ դաշնակցից որոշ հարցերում վերածվել է մրցակցի։ Անկարան սկսել է ավելի ինքնուրույն գործել, ինչի արդյունքում աշխարհաքաղաքական այլ կենտրոններում հաճախ են սկսել խոսել Թուրքիայի ակտիվությունը զսպելու անհրաժեշտության մասին։ Առանձին դեպքերում էլ նույն Արևմուտքը, Թուրքիայից այս կամ այն հարցում աջակցություն ստանալու համար, ստիպված է որոշակի զիջումների գնալ, փոխադարձ ծառայություններ առաջարկել։

Եվ ահա այս իրավիճակում, երբ Անկարայի համար ամեն ինչ այդքան դրական էր դասավորվում, կրկին աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ է վերադառնում Ռուսաստանը, որի հզորացման առաջին իսկ օրերին Թուրքիան կորցնում է Աբխազիան և Հարավային Կովկասում ազատ գործելու հնարավորությունները։ Երկրորդ հարվածը Թուրքիան ստանում է Ղրիմում, որը 2014 թվականին վերամիավորվում է Ռուսաստանին։ Հաջորդիվ աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է Մերձավոր Արևելք՝ տարածաշրջան, որտեղ Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում բավական գործ էր արել և համարում էր իր համար կենսական նշանակության տարածք։

Ռուսական օդուժի գործողությունները Սիրիայում շատ կարճ ժամանակահատվածում չեզոքացրին բոլոր այն ենթակառուցվածքները, որոնց շնորհիվ Թուրքիան միջազգային շուկաներ էր հանում սիրիական և իրաքյան նավթի ու գազի պաշարները։ Ահա այս կորուստն էր, որ հունից հանեց Թուրքիայի իշխանություններին՝ դառնալով նրանց անհավասարակշիռ և խիստ ռիսկային գործողությունների պատճառ։ Թուրքիան չկարողացավ համարժեք գնահատականներ տալ այն իրողություններին, որոնք ձևավորվել էին իր համար կարևոր տարածաշրջաններում և դիրքային պայքարը տեղափոխեց ուղղակի հակամարտության դաշտ։ Այստեղ Անկարան, իհարկե, Ռուսաստանի հետ մրցակցելու որևէ ռեսուրս չունի։ Իսկ ՆԱՏՕ֊ին Ռուսաստանի դեմ հանելու թուրքական փորձը չէր կարող հաջողություն ունենալ։ Գոնե թե այն պատճառով, որ ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմական մրցակցություն հրահրելու գաղափարի հեղինակը միայն և բացառապես Անկարան էր։ Այսինքն՝ ռուսական ինքնաթիռը խոցելու որոշումը կայացրել էին հենց Թուրքիայի իշխանությունները։ Դատելով Արևմտյան մայրաքաղաքներից այդ կապակցությամբ հնչող հայտարարությունների բովանդակությունից, Թուրքիայի նման որոշումը նախօրոք այլոց հետ չի քննարկվել։

Մեծ հաշվով, Թուրքիայի արևմտյան դաշնակիցները դեմ չեն ռուս-թուրքական հակամարտության ակտիվացմանը։ Վաշինգտոնում և Բրյուսելում անգամ կարող են ուրախ լինել այդ փաստի համար, քանի որ չափազանց ինքնուրույն դարձած Թուրքիան կբախվի այնպիսի խնդիրների, որոնք ետ կվերադարձնեն նրան Արևմուտքի գիրկը։ Միացյալ Նահանգներում վստահ են, որ խիստ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են փրկել Թուրքիան կործանումից։ Բայց նրանց պետք է համբերել որոշ ժամանակ։ Մինչ Էրդողանի իշխանությունը կդադարի ճախրել երկնքում և կհասկանա, որ առանց Վաշինգտոնի օգնության չի կարող ինքնուրույն հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները։

Իհարկե, ՆԱՏՕ-ն չի կարող ամբողջությամբ կողքի քաշվել և որևէ կերպ չմիջամտել Թուրքիա֊Ռուսաստան հակամարտության ընթացքին։ Ի վերջո, պատմության մեջ առաջին անգամ է, երբ ՆԱՏՕ անդամ երկիրը ռուսական օդանավ է խոցում։ Նման պարագայում պաշտոնական Մոսկվան անպայման որոշ հարցեր կհղի նաև Հարավատլանտյան դաշինքին։ Բայց քանի դեռ Ռուսաստանն այս պահին զբաղված է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իր խնդիրների կարգավորմամբ, ՆԱՏՕ֊ի ղեկավարությունը նախընտրում է ռուս-թուրքական հարաբերություններում դատավորի դեր ստանձնել՝ զուգահեռաբար փորձելով հաշտարարության որոշակի ռեսուրսներ կուտակել՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունները կրկին կայունացնելու նպատակով։

Մինչ ՆԱՏՕ-ն պղտոր ջրում ձուկ է որսում Թուրքիայի իշխանությունները փորձում են հասկանալ դեպքերի զարգացման հնարավոր բոլոր սցենարները։ Իհարկե, Անկարան հասկանում է, որ Ռուսաստանի գործողությունները երկրորդ անգամ են քանդում թուրքական կայսրությունը, բայց դրան դիմադրելու ռեսուրսներն այդքան էլ շատ չեն։ Թերևս դա է պատճառը, որ Էրդողանն այդքան համառորեն հանդիպում է փնտրում Պուտինի հետ։ Որքան էլ հանդես գա վճռական հայտարարություններով՝ Էրդողանը չի կարող չտեսնել, որ հակամարտության այս ձևը կործանիչ է Թուրքիայի տարածաշրջանային շահերի համար։ Ղրիմից բացի, Անկարան վերջին մեկ տարում փաստորեն կորցրեց նաև Սիրիայի տարածքում ձևավորված այսպես կոչված «անվտանգության գոտին»։ Թուրքիայի գլխավոր խնդիրն այս պահին հնարավոր հետագա կորուստներից խուսափելն է դարձել։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ ամենաիրական և գործուն մոտեցումները Ռուսաստանն է ցուցաբերում։ Կրեմլում հիանալի տեսնում են Սիրիայում սկսած ռազմական գործողությունների ողջ արդյունավետությունը։ Իհարկե, պատերազմները չեն կարող առանց տհաճ անակնկալների լինել։ Այս տեսակետից, SU 24-ի խոցումը, թերևս, պետք է դասել հաշվարկված հնարավոր կորուստների շարքում։ Բայց աշխարհաքաղաքական այն կշիռը, որը Ռուսաստանը ձեռք է բերել Մերձավոր Արևելքում և հարակից մնացած բոլոր տարածաշրջաններում, անհամադրելի է ցավալի այդ կորստի հետ։ Բացի նրանից, որ Ռուսաստանին հաջողվեց զգալիորեն թուլացնել այսպես կոչված Իսլամական պետության ահաբեկիչներին և ջրի երես հանել նրանց աջակցողներին (ինչը նպաստեց Ռուսաստանի և Եվրասիական Տնտեսական Միության այլ անդամ պետությունների տնտեսական անվտանգության ապահովմանը), Կրեմլը կարողացավ նաև, ի հակակշիռ Արևմուտքի, միջազգային նոր կոալիցիա ստեղծել Մերձավոր Արևելքում։ Սա շատ կարևոր ձեռքբերում էր, որը կազդի գլոբալ անվտանգության ողջ համակարգի վրա։

Ռուսաստանի իշխանությունների քայլերի ողջ հետևողականությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի հիմնական խնդիրը ներկայումս արձանագրված հաջողությունների զարգացումն է։ Այստեղ դրական արդյունքների հասնելու համար Կրեմլը ստիպված է միանգամից մի քանի ուղղություններով աշխատել։ Ամեն ինչ մեծապես կախված կլինի այն փաստից, թե որքանով Ռուսաստանին կհաջողվի այդ գործընթացի մեջ ներգրավել դաշնակից ուրիշ պետությունների։ Աշխարհաքաղաքական գլոբալ հակամարտության մեջ հայտնված Ռուսաստանի համար կարևոր են անխտիր բոլոր տարածաշրջանները։ Հատկապես Կովկասը, որտեղ առկա են ինչպես մարտահրավերներ ու սպառնալիքներ, այնպես էլ մեծ հնարավորություններ։ Թե՛ առաջին, և թե՛ երկրորդ պարագաներում մեր տարածաշրջանի բոլոր ռիսկերն այսօր կառավարում է Հայաստանի Հանրապետությունը։ Կախված նրանից, թե որքան արդյունավետ կլինեն հայկական պետությունները տարածաշրջանային անվտանգության ձևավորված համակարգը պահպանելու գործում, այնքան ավելի մեծ կլինեն Ռուսաստանի՝ այլ տարածաշրջաններում հաջողությունները զարգացնելու շանսերը։ Սա փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ են, որոնք վերջին օրերին ակնհայտորեն նոր թափ են ստանում։

Նույնը վերաբերվում է նաև այլ տարածաշրջաններին, որտեղ Ռուսաստանը համանման դաշնակիցների կարիք ունի։ Սա Պուտինի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկն է, որը չափազանց մեծ տեղ է գրավում Լավրովի՝ առանց այն էլ գերհագեցած աշխատանքային գրաֆիկում։

Ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության ոլորում Ռուսաստանն այսօր խիստ արդյունավետ է գործում։ Թուրքիայի հետ կապված խնդիրները Մոսկվայի համար կարելի է լուծված համարել։ Չէ՞ որ վերջնական նպատակը ոչ թե այդ պետության կործանումն է, այլ նրա գործողությունները վերահսկելիության սահմաններում պահելն ու Թուրքիայից բխող հնարավոր վտանգները չեզոքացնելը։ Երկու դեպքում էլ Ռուսաստանն արդեն հասել է իր ուզածին։ Մնում է՝ այդ ամենն ամրապնդել և առաջ շարժվել` իհարկե, նոր որակի հարաբերություններ կառուցելով թե՛ դաշնակիցների և թե՛ հնարավոր հակառակորդների հետ։ Ռուսաստանն այլևս վերադարձել է համաշխարհային քաղաքականություն և դա արդեն կայացած փաստ է։ Գամբիտը հրաշալի էր։ Մնացածը կախված կլինի խաղի ընթացքից։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում