Ռուսաստանը Թուրքիայի դեմ սկսեց օգտագործել նաև քրդական «զենքը»

Ռուսաստանը Թուրքիայի դեմ սկսեց օգտագործել նաև քրդական «զենքը»

Ռուսական ռմբակոծիչի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները մտել են որակական նոր հարթություն, որտեղ վերջին տասնամյակներում բարեկամ ձևացող վաղեմի մրցակիցները չեն խուսափում դիմել թշնամական գործողությունների: Թիկունքից դավադրաբար խոցված Ռուսաստանը, ինչպես, որ Թուրքիայի արարքը որակեց   դաշնային պետության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկը մյուսի ետևից հարվածում է Թուրքիայի թույլ կետերին` ապացուցելով, որ ոչ բարեկամական այդ գործողությունը բավականին թանկ կնստի թուրքական պետության վրա: Ի թիվս բազմաթիվ պատասխան գործողությունների Ռուսաստանը նաև սեղմեց Թուրքիայի աքիլեսյան գարշապարը. այսուհետ ՌԴ-ն զենք կմատակարարի նաև թուրք-սիրիական սահմանին գտնվող քրդերին:

Ռուսական ինքնաթիռի խոցումից ընդամենը երկու օր անց, Ռուսաստանը Սիրիայում օդային գործողություններ սկսկելուց հետո առաջին անգամ սկսեց ուղղակի համագործակցություն հաստատել Սիրիական քրդերի գերագույն խորհրդի հետ: Մի քանի օր է, ինչ ռուսական ավիացիան օդային հարվածներ է հասցնում թուրք-սիրիական սահմանին գտնվող Ազազ բնակավայրին, որը գտնվում է Սիրիական ազատ բանակի հսկողության ներքո: Բացի այդ մի քանի անգամ գնդակոծվել է հսկիչ անցագրային կետ Բաբ ալ-Սալամը, որի միջոցով էլ Թուրքիան զինում է հակակառավարական մարտիկներին: Բացի այդ ռուսական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Դեյր Զեմալում իսլամիտների դիրքերին, որտեղով ներկա պահին անցնում է սիրիական քրդերի և պրոթուրքական ապստամբների շփման գիծը: Ռուսական ավիահարվածներին զուգահեռ, քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը, որոնք անուղղակիորեն ենթարկվում են վերոնշյալ խորհրդին, սկսել են մասսայական հարձակումներ իրագործել Սիրիական ազատ բանակի դիրքերի դեմ:

Ռուսական ավիացիայի և քրդական ուժերի միջև կորդինացված գործողություններն այլևս կասկածներ չեն հարուցում: Ավելին` թուրքական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ ռուսական ինքնաթիռները սկսել են ծանր սպառազինություն մատակարարել Սիրիայի քրդերի Աֆրին ինքնավար կանտոն (շրջան)։ Զենքն իջեցվել է YPG-ի մարզաճամբարում, ուր մարզվում է 1500 մարդ։ Հաջողության դեպքում Սիրիայի հյուսիսում կմիավորվեն տեղի քրդերի առանձին կանտոնները, և կխզվի Թուրքիայի ու Իսլամական պետության միջև կապը։ Իսկ դա Թուրքիայի համար տարածաշրջանային ամենաանցանկալի զարգացումն է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր քրդական պետության ստեղծումը, որը հարավից սահմանակից կլինի Թուրքիային: Անկարան կգործադրի բոլոր միջոցները, որպեսզի այդ ծրագիրը երբեք չիրագործվի, որքան էլ բարձր լինի հարցի արժեք: Թուրքական իշխանությունները կոշտ արձագանքը Սիրիայում քրդական պետության ստեղծմանը այնքան էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ այդ երկրում ևս քրդական հարցը բավականին սուր է և մտավախություն կա, որ անջատողական ալիքը կտարածվի նաև Թուրքիայում: Արդեն իսկ տարիների առաջ Թուրքիային սահմանակից մեկ այլ պետությունում` Իրաքում, ձևավորվել է անկախ Քրդստան, որի հետ Թուրքիան բավականին սերտ հարաբերությունների մեջ է: Էրդողանի արձագանքը ևս մեկ անգամ ապացույցն է, որ Թուրքիան կանգնած է այն ուժերի հետևում, որոնք հովանավորում են ԻԼԻՊ-ի գործունեությունը Մերձավոր Արևելքում, ուստի նրա համար ավելի ցանկալի է սեփական սահմանների մոտ ծածանվի ԻԼԻՊ-ի, այլ ոչ թե Սիրիական Քրդստանի դրոշը:

Քրդական ուժերը, որոնց ռուսական կողմը սկսել է զենք մատակարարել, հանդես են գալիս ոչ թե Սիրիական Քրդստանի անջատման, այլ Սիրիայի ներսում քրդական լայն ինքանավարության ստեղծման օգտին: Սիրիական Քրդստանի առաջնորդ Սալեհ Մուսլիմն ընդգծել է, որ «որպես սիրիացի քրդեր, մենք ցանկանում ենք լինել Սիրիայի մասը: Մենք միշտ մեր ապագան տեսել ենք միասնական ժողովրդավարական սիրիական պետության շրջանակում»: Անշուշտ քրդական նման դիրքորոշման մեջ իր ավանդն ունի նաև Ռուսաստանը, որը հավաստաիցումներ է ստացել Սիրիայի քրդերի ղեկավարությունից, որ տրված զենքը կուղղորդվի միայն Իսլամական պետության դեմ պայքարին:

Ռուսաստանն այս կերպ ոչ միայն ուղղակի հարված է հասցնում Թուրքիային, այլև բարձրացնում է իր օդային գործողությունների արդյունավետությունը, քանի որ եթե Թուրքիան որոշի լրջորեն մտնել Սիրիայի տարածք, առաջինը հարվածի տակ կհայտնվեն քրդերը, որի ելքից կախված կլինի պատերազմի հետագա ընթացքը: Հիմա քրդերը մոտ 70 հազար մարտիկ ունեն, և եթե զենք տրվի, ռուսական աղբյուրները պնդում են , որ կլինի ևս 150 հազար: Թուրքերն արդեն մոտ 1000 միավոր զրահատեխնիկա են մոտեցրել սահմանին: Դա վկայում է այն մասին, որ թուրքերը մեծ պատերազմի են պատրաստվում: Այս պարագայում քրդերին պետք են հակատանկային համալիրներ, որոնք ՌԴ-ն կտրամադրի, եթե քրդական կողմն ու Սիրիայի օրինական իշխանությունները միասնաբար հանդես գան:

Այսպիսով, տեսնում ենք, որ ի պատասխան Թուրքիայի, ռուսական կողմը բազմավեկտոր հարված է հասցնում Թուրքիային: Խոցված ինքնաթիռի պատճառով ոչ միայն տուժեցին ռուս-թուրքական քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունները, այլև առայժմ Սիրիայի տարածքում ռուս-թուրքական ռազմական պատերազմ կընթանա: Եթե նախկինում ռուսական ղեկավարությունը խուսափում էր ռազմական դաշինքի մեջ մտնել Սիրիայում քրդական ուժերի հետ, ապա այսօր ռուսական զենքի օգնությամբ ամեն ինչ կարվի որպեսզի կտրվի Թուրքիան ԻՊ-ին կապող պորտալարը: Նման զարգացումները թուրքական ղեկավարության համար խիստ անցանկալի են, ուստի բացառված չէ, որ Թուրքիան զորք մտցնի Սիրիայի տարածք: Այդ ամենն էլ ավելի կսրի ռուս-թուրքական առճակատումը և կողմերից յուրաքանչյուրը կփորձի հաղթաթուղթ օգտագործել մյուսի դեմ: Իրավիճակի նման բարդացման դեպքում բացառված չէ, որ ռուսական կողմն աջակցի նաև Թուրքիայի ներսում քրդերի ազատագրական պայքարին, ինչը տարածաշրջանային քարտեզում նոր ձևափոխությունների սկիզբը կմատնանշի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում