Տարօրինակ է, որ դիտորդական կազմակերպությունները կարող են իրենց զեկույցում քարոզչության տարրեր պարունակող դատողություններ անել. Վլ. Հակոբյան.Tert.am

Տարօրինակ է, որ դիտորդական կազմակերպությունները կարող են իրենց զեկույցում քարոզչության տարրեր պարունակող դատողություններ անել. Վլ. Հակոբյան.Tert.am

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կայքէջում հրապարակվել է Քաղաքացի դիտորդ նախաձեռնության և Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) «Հանրաքվեի նախապատարաստական փուլի գնահատում» զեկույցը, որն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման քաղաքական համատեքստին, ընտրական թվերի մանիպուլյացիային, վարչական ռեսուրսի չարաշահմանը, ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության հանձնարարականների կատարման ուղղությամբ գործողություններ չձեռնարկելուն, հանրաքվեի՝ միջազգային ստանդարտներին և ՀՀ օրենքներին անհամապատասխանությանը, մարդու իրավունքների վրա առաջարկվող փոփոխությունների հետևանքներին:

Tert.amն այս առնչությամբ խոսել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի հետ: 

– Պարո՛ն Հակոբյան, երեկ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կայքէջում հանրաքվեի դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք կազմակերպությունների կողմից հրապարակվել է «Հանրաքվեի նախապատրաստական փուլի գնահատում» անգլերեն լեզվով զեկույցը, որում, մասնավորապես, նշված է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը միանձնյա որոշում է կայացրել ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին, որ իշխանությունների կողմից հանրաքվեի անցկացումն արագացված և ագրեսիվ կերպով առաջ է մղվել, և որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակն է, որ գործող նախագահը պահպանի իշխանությունը՝ շարունակելով առաջնորդի իր դերակատարությունը ՀՀ ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի պաշտոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գնահատականը:

-Նշված զեկույցի հրապարակման մասին տեղեկատվությանը հանդիպել եմ ԶԼՄ-ներում և դրա վերնագրից ողջամտորեն կարելի էր ենթադրել, որ այն վերաբերում է հանրաքվեի նախապատրաստման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը: Տարակուսելի է, որ այդ փաստաթուղթը կարող է պարունակել Ձեր մատնանշած քաղաքական գնահատականները:

-Զեկույցում նաև նշված է, որ առաջարկվող փոփոխությունները բացասաբար կանդրադառնան ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանվածության վրա՝ թուլացնելով այդ ոլորտում պետության պատասխանատվությունը և դերը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

-Ձեր հարցը դարձյալ բովանդակային պատասխան է ենթադրում: Ուստի այդ կապակցությամբ ևս կարծիք չեմ հայտնի:

Այդուհանդերձ, առնվազն տարօրինակ է, որ Ձեր կողմից մատնանշված դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են իրենց զեկույցում կամ այլ կերպ քարոզչության տարրեր պարունակող դատողություններ անել, քանի որ համոզված եմ, որ ցանկացած դիտորդ շահագրգռված է իր զեկույցի օբյեկտիվության և արժանահավատության մեջ, հետևաբար, ամբողջ գործընթացում անկողմնակալություն պահպանելու խնդիր ունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում