Եվրամիության և Թուրքիայի «կեղտոտ» գործարքը

Եվրամիության և Թուրքիայի «կեղտոտ» գործարքը

Բրյուսելում օրերս կայացել է Եվրամիություն-Թուրքիա արտահերթ գագաթնաժողով, որի արդյունքում կողմերը համաձայնության են հասել փախստականների խնդրի շուրջ: Սիրիական ճգնաժամի պատճառով միլիոնավոր մարդիկ լքել են իրենց տները և հայտնվել Թուրքիայում: Տարբեր գնահատականներով` փախստականների ընդհանուր թիվը 2-ից 4 միլիոն է: Թուրքիայից բավական մեծ հոսքով փախստականներն անօրինական ճանապարհներով հայտնվում են Եվրոպայում: Բացի զուտ փախստականներին տեղավորելու և ապահովելու խնդրից, առկա է անվտանգության խնդիր:

Բանն այն է, որ եվրոպական երկրներ հայտնվող փախստականների շարքերում կան նաև ծայրահեղ իսլամիստներ, ահաբեկիչներ: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ավելի սրեց փախստականների առկա ճգնաժամը Եվրոպայում: Այս հումանիտար ճգնաժամը դարձել է Թուրքիայի ձեռքին հարմար խաղաքարտ Եվրամիության վրա ճնշում գործադրելու և շանտաժի ենթարկելու համար: Պատահական չէ, որ Թուրքիան թույլատրել է իր տարածքում այդքան փախստականների առկայությունը: Եվ հենց թուրքական իշխանությունների թողտվությամբ, եթե ոչ ուղղակի հովանավորությամբ են փախստականները կարողանում հատել հունա-թուրքական սահմանը և հայտնվել եվրոպական տարբեր երկրներում:

Մամուլում հրապարակվել են տվյալներ, թե ինչ մասշտաբների բիզնեսի է վերածվել փախստականներին Եվրոպա տեղափոխելու գործը: Կան քրեական խմբավորումներ, որոնք տարբեր չինովնիկերի հետ հանցավոր համաձայնությամբ, կաշառքի դիմաց թույլատրում են միգրանտներին ապօրինաբար հատել պետական սահմանները: Ընդ որում` ստեղծված իրավիճակից անգամ օգտվում են որոշ եվրոպական երկրների չինովնիկները: Հենց փախստականների խոսքով` օրինակ Հունգարիայում են իրենք հանդիպում մեծ խոչընդոտների և ստիպված են կաշառք տալ չինովնիկներին Գերմանիա հասնելու համար: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մասշտաբների է հասնում այդ բիզնեսը Թուրքիայում, որտեղից սկսվում է այս ամբողջ շղթան:

Այսպիսով` մարդկային այս ողբերգությունը վերածվել է անկառավարելի բիզնեսի: Դրան զուգահեռ` Եվրոպա է ներթափանցում միջազգային ահաբեկչությունը: Եվրամիությունը ցանկանում է դրան վերջ տալ: Սակայն սիրիական հակամարտությունը կարգավորելու փոխարեն, որի սանձազերծման մեջ եվրոպական երկրներն ունեն իրենց մեղքի բաժինը, Եվրամիությունը գործարք է կնքում Թուրքիայի հետ: Ահա թե ինչ համաձայնություն է ձեռք բերվել Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքում:

Թուրքիան գործնական քայլեր է ձեռնարկում փախստականներին իր մոտ պահելու համար և ամեն կերպ խոչընդոտում նրանց մուտքը Եվրոպա: Դրա դիմաց Եվրամիությունը Թուրքիային հետևյալ կերպ է փոխհատուցում` 1. Թուրքիան ստանում է 3 միլիարդ եվրո, 2. վերսկսվում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները և 3.շարունակվում է Թուրքիային ազատ վիզային ռեժիմ տրամադրելու շուրջ երկխոսությունը:

Այսպիսով` միգրանտներին իր մոտ պահելու և Եվրոպա չուղարկելու դիմաց Թուրքիան մեկ օրում ստացավ այդպիսի նվերներ Եվրամիությունից: Սա կարելի որակել որպես «կեղտոտ» գործարք` միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հաշվին: Փաստորեն` թքած, թե Սիրիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում կշարունակվի քաոսը և անարխիան, թքած, թե ինչ ճակատագրի կարժանանան Թուրքիայում ապաստանած միլիոնավոր մարդիկ: Կարևորը, որ նրանք չհայտնվեն Եվրոպայում: Բացի դրանից` Եվրամիությունը, փաստացի, հրաժարվում է իր այն սկզբունքներից, եվրոպական արժեքներից, որոնց մասին ամեն առիթով բարձրաձայնում է:

Թուրքիան այսօր այլևս այն Թուրքիան չէ, որը զարգանում էր եվրոպական ճանապարհով: Թուրքիայում հաստատվել է կիսասուլթանական ռեժիմ, որի վերևում կանգնած է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ ռեժիմը ավելի ու ավելի շատ է սկսել բռնաճնշումները երկրում` ոտնահարելով մարդու իրավունքներն ու ազատությունները, սահմանափակելով խոսքի ազատությունը: Հատկապես ուժգնացել են ճնշումներն ազգային փոքրամասնությունների և մասնավորապես քրդերի դեմ: Մամուլում գրեթե ամեն օր հաղորդվում է ահաբեկչությունների, բախումների և անգամ քաղաքական սպանությունների մասին:

Այլ կերպ ասած` ժողովրդավարության առումով զգալի հետընթաց գրանցած Թուրքիայի հետ այսօր Եվրամիությունը պատրաստվում է վերսկսել անդամակցության բանակցությունները, ֆինանսական օժանդակություն է հատկացնում և անգամ խոստանում ազատականացնել վիզային ռեժիմը: Այս իրողությունը եվրոպական մամուլում անգամ որակվել է որպես Եվրամիության կապիտուլյացիա:

Մյուս կողմից, անշուշտ, միամտություն կլիներ կարծելը, թե Եվրամիությունն իսկապես պատրաստվում է Թուրքիային ներառել իր շարքերում կամ թեկուզ ազատականացնել վիզային ռեժիմը: Իհարկե` ոչ: Սա ընդամենը դեմոնստրատիվ զիջում է Թուրքիային: Հակառակ պարագայում Թուրքիան միայն ավելի մեծ խնդիրներ կստեղծեր Եվրոպայի համար: Հայտնի է, որ Եվրոպայից վռնդված Թուրքիան ավելի վտանգավոր է ու անկանխատեսելի: Դրանից է խուսափում Եվրամիությունը: Թուրքիան էլ ուղղակի վարպետորեն օգտվում է եվրոպական այդ վախերից: Սակայն մինչև ե՞րբ և որտե՞ղ կարող է շարունակվել այս «կեղտոտ» խաղը:

Մերձավոր Արևելքում հակամարտություններից Թուրքիան օգտվում է հենց Եվրամիության հաշվին, քանի որ փաստացի ստեղծվել է անկայունության գոտի Եվրոպայի քթի տակ: Այդպիսի գործարքներով գլխավոր խնդիրը չի լուծվում: Սիրիայում ճգնաժամը միայն խորանում է: Նման գործարքների փոխարեն պարզապես պետք է լուծել սիրիական հակամարտությունը, որից հետո միայն կդադարի թե փախստականների հոսքը, թե որոշակիորեն կչեզոքացվի միջազգային ահաբեկչության այսօրվա սպառնալիքը: Իսկ ինչպե՞ս լուծել այդ հակամարտությունը: Նախ պետք է դադարեցնել ահաբեկիչներին, նախ և առաջ «Իսլամական պետությանը» հովանավորելը: Իսկ ինչպես արդեն պարզ է բոլորին` Թուրքիան «Իսլամական պետության» համար մեկ հովանավորներից է:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում