Սարգսյան-Ալիև. կխախտվի՞ բանակցային մեկամյա լռությունը

Սարգսյան-Ալիև. կխախտվի՞ բանակցային մեկամյա լռությունը

Գերմանիան, որպես ԵԱՀԿ ապագա նախագահ հավաստիացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ լիովին սատարում է ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ նրա, ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում, որը տեղի ունեցավ Բելգրադում դեկտմեբրի 3-4-ին, համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկել են երկու երկրների նախագահների մոտալուտ հանդիպման վերջին մանրամասները: «Մենք հավատում ենք, որ գրեթե 1 տարվա ընդմիջումից հետո, եկել է ժամանակը երկու նախագահաների հանդիպման և կարգավորմանն ուղղված հետագա քայլերի կառուցողական քննարկումների համար», – ասել է Ուորլիքը:

Սարգսյան-Ալիև հանդիպման ժամկետների վերաբերյալ ամենատարբեր խոսակցություններն են շրջանառվում, սակայն դեռևս մեկ ամիս առաջ նշվել էր, որ այն կկայանա Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո: Դեռևս հստակություն չկա օրվա հետ կապված, ինչը գուցե վկայում է այն մասին, որ տարեվերջյան լարված այս վիճակում համանախագահներին այդպես էլ չի հաջողվի երկու երկրների նախագահներին բանակցային սեղանի շուրջ նստացնել: Արցախյան հակամարտությունը, որը վերջին մի քանի տարիներին արդեն իսկ լքել է սառեցված հակամարտությունների շարքը, այս տարի ևս աչքի ընկավ էսկալացիոն աճով:

Այո՛, հակամարտությունն այլևս սառեցված չէ, այլ մտել է ակտիվ գործողությունների շրջան, երբ տեղի են ունենում ոչ թե լայնածավալ պատերազմական գործողություններ, այլ միկրոպատերազմներ, որոնցից տուժում է նաև խաղաղ բնակչությունը: Եվ նման լարվածության աճի պարագայում համանախագահներին այդպես էլ չհաջողվեց մեկ տարվա ընթացքում կազմակերպել գեթ մեկ հանդիպում, որտեղ երկու երկրների նախագահները առերես կքննարկեին ստեղծված իրավիճակը: Վերջին անգամ նախագահների հանդիպում կայացել էր նախորդ տարի հոկտեմբերին վերջին Փարիզում:

Սա հերթական հանդիպումն էր, որտեղ չէր ակնկալվում իրավիճակի փոփոխություն, այլ կարծես ժեստ լիներ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ով փորձում էր նախորդ տարեսկզբից նախագահների հանդիպում կազմակերպել, սակայն նրանից առաջ էին ընկել ռուս և ամերիկացի գործընկերները: Հանդիպումն անպտուղ էր, և դրան հաջորդող գործողություններն ապացուցեցին, որ կողմերին չէր հաջողվել գոնե թե սահմանային լարվածությունը թուլացնելու հարցում որոշակի համաձայնության հասնել:

2014թ-ի նոյեմբերի 12-ին արցախա-ադրբեջանական սահմանին ՀՀ-ԼՂՀ համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռը։ Ադրբեջանը պարծենում էր, որ ուսումնամարզական ինքնաթիռ է խոցել և հայտարարում էր, որ հետ չի տա հայ օդաչուների դիակները, սակայն հայկական ԶՈՒ-ի կողմից կատարված հատուկ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ հետ բերել հայ օդաչուների դիակները:

Ոչ պակաս լարված սկսվեց նաև 2015թ-ը, որը պահպանվեց նաև ողջ տարվա ընթացքում: Խաղաղ բնակչության շրջանում կորուստները, կիրառվող ռամզատեխնիկան, մարտական կորուստներն այդպես էլ չհայտնվեցին համանախագահ երկրների ղեկավարության ուշադրության ծիրում և չդարձան հրատապ հանդիպումներ նախաձեռնելու առիթ:

Աշխարհաքաղաքական բարդ զարգացուների և արյունալի պատերազմների ֆոնին, արցախյան ճակատում լարվածությունը կարծես թե բավարար ուշադրության չարժանացավ: Համանախագահող երեք երկրներից յուրաքանչյուն իր ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներն ունի, ուստի արցախյան հակամարտությունը այդ երկրների արտաքին քաղաքական օրակարգում երկրորդական նշանակություն այժմ ունի:

Տարածաշրջանային զարգացումներն իրենց անմիջական անդրադարձն են ունենում նաև Արցախյան հակամարտության վրա: Տարածաշրջանային տերությունների` Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացումից անմիջապես հետո շրջանառվում էր, որ աննախադեպ սրացում կնկատվի նաև Արցախյան ճակատում: Լարվածության աճ նկատվեց, և նույնիսկ ադրբեջանական կողմը սկսեց հայկական դիրքերին հարվածել տանկերց: Գրեթե ամեն օր կան երկկողմանի մարտական կորուստներ, գործողություններում սրացում և սամանային աննախադեպ լարվածություն: Այս ամենը կարելի է կապել և՛ ռուս-թուրքական հարաբերությունների սրացմամբ, և՛ նախագահների հանդիպումից առաջ ավանդական դարձած պատրվակով և՛ բազմաթիվ այլ խնդիրներով:

Սակայն մեկ բան ակնհայտ է, որ Արցախյան չկարգավորված հակամարտությունը վերջին տարիներին փոխում է իր դիմագիծը և վերածվում է թեժ պատերազմի: Եվ այստեղ ոչ այնքան կարևոր են համակարտության վրա ազդող արտաքին գործոնները, այլև հենց այն, ինչ տեղի է ունենում սահմանին: Արտաքին գործոնները փոխվում են և ամեն անգամ նոր մեկնաբանություն կարելի է տալ և պատճառներ փնտրել ադրբեջանական ագրեսիվ գործողությունները բացատրելու համար, սակայն ակնհայտ է, որ սահմանին մշտական լարվածությունը ոչ թե մարելու, այլ ընդհակառակը բռնկվելու միտումներ է ցույց տալիս:

Ստեղծված իրավիճակում, եթե համանախագահներին հաջողվի Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել, ապա բանակցային սեղանին քննարկվելու շատ խնդիրներ կդրվեն: Հայկական կողմը անպայման պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից սահմանին կիրառվող ծանր տեխնիկայի, դիվերսիոն հարձակումների և  լարվածություն հրահրելու խնդիրները: Կարևոր է, որ նաև, որ հայկական կողմը պահանջի համանախագահներից համարժեք գնահատական տալ և հավասարության նշան չդնել հայ և ադրբեջանական կողմերի գործողությունների միջև:

Այսպիսով, մեկ տարի ընդմիջումց հետո աղոտ հույս կա, որ առաջնագծում չպարզված հարցերը  կբարձրաձայնվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, սակայն միանգամայն անիրատեսական է կարծել, որ հնարավոր հանդիպումը կարող է ինչ-որ բան փոխել իրավիճակում: Մինչ միջազգային հանրությունը զբաղված է ահաբեկչության դեմ պայքարով և խոշոր ճգնաժամերով, Ալիևը փորձելու է ապակայունացնել դրությունը սահմանին և չափելու պատերազմին պատրաստ լինելու իր բանակի աստիճանը: Քանի դեռ հայկական կողմը կասեցնում և կանխարգելում է հակառակորդի գործողությունները, այնքան ապահովված է տարածաշրջանի փխրում խաղաղությունը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում