Թուրքիան Մերձավոր Արևելքում անցնում է պլան B-ին

Թուրքիան Մերձավոր Արևելքում անցնում է  պլան B-ին

Դեկտեմբերի 5–ին, Բաղդադի տվյալներով, Իրաքի Մոսուլի շրջան է ներխուժել մի քանի հազար թուրք զինվորական՝ հրասայլերով ու զրահամեքենաներով, չնայած Անկարայի այն պնդումներին, թե ընդամենը 130 զինվոր է մեկնել՝ իրաքյան աշխարհազոր պատրաստելու «Իսլամական պետության» դեմ կռվելու համար։ Անկարայի պաշտոնական հայտարարությունը դեռևս հիմք չէ ընդունելու Թուրքիայի` Իրաք ներխուժման իրական պատճառները: Թուրքական այս ներխուժմանը հաջորդեց Իրաքի կենտրոնական իշխանությունների սուր արձագանքը, ովքեր կոչ էին անում թուրքական կողմին անհապաղ լքել երկրի տարածքը:

Հարցը նույնիսկ բարձրացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ: Իրաք մեկնեց նաև Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ովքեր հանդիպում ունեցան նաև Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին: Հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետն ընդգծել է, որ ստեղծված ճգնաժամային իրադրության լուծումը կախված է միայն «իրաքյան տարածքներից թուրքական ուժերի ամբողջական հեռացմամբ»:

Ի պատասխան Իրաքից հնչող հայտարարություններին, թուրքական կողմն, ի դեմս երկրի առաջնորդների, արդեն մի քանի անգամ շեշտել է, որ չեն պատրաստվում զորքերը դուրս բերել Մոսուլի մերձակայքից: Թուրքիան շարունակելու է սովորեցնել «պեշմերգա» քուրդ ապստամբներին և չի պատրաստվում Հյուսիսային Իրաքից դուրս բերել իր զինվորականներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքմենիա մեկնելուց առաջ: Պատասխանելով Բաղդադից հնչող մեղադրանքներին` թուրքական կողմը վկայակոչում է Իրաքի և Թուրքիայի միջև իբրև թե գոյություն ունեցող համաձայնագիրը, որով Իրաքի իշխանությունները թույլ են տալիս Թուրքիային առանց թույլատվության 5-10կմ խորանալ Իրաքի տարածքում:

Միանշանակ նշել մեկ պատճառ, հանուն, որի Թուրքիան իր զորքերն ավելացրեց Մոսուլի մերձակայքում, դժվար է նշել: Փորձենք թվարկել մի քանի գործոններ, որոնք հնարավոր է ընկած են Թուրքիայի` Իրաք ներխուժելու դրդապատճառների հիմքում: Հարկ է նշել, որ թուրքական զորքեր Իրաքում կան դեռևս 2014թ-ից, որոնք, ըստ պաշտոնական հայտարարությունների, զբաղված էին տեղի քրդերին ուսուցանելու` կռվելու «Իսլամական պետության» մարտիկների դեմ: Իհարկե, նման պատճառաբանությունն այսօր ընդամենը ծիծաղ է առաջացնում:

Մոսուլը Թուրքիայի համար պատմական կարևոր նշանակություն ունի և նույնիսկ թուրքական որոշ քարտեզներում այն նշվում է, որպես Թուրքիայի տարածք: Այս խնդիրն առաջացել է դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի ավարտից հետո նավթով հարուստ Մոսուլ քաղաքն ու Մոսուլի վիլայեթը գրավվում է Մեծ Բրիտանիայի կողմից, որը հավակնում էր իր մանդատի տակ վերցնել ներկայիս Իրաքը: Ուստի Մեծ Բրիտանիան ձգտում էր իր ենթակայության տակ վերցնել ռազմավարական կարևորություն ներկայացնող տարածքները: Չնայած 1916թ-ի Սայքս Պիկոյի համաձայնագրով Մոսուլը պատկանում էր Ֆրանսիային, սակայն հետագայում Անգլիային հաջողվեց Սիրիայում Ֆրանսիայի իրավունքները ճանաչելու դիմաց Մոսուլը վերցնել իր ենթակայության ներքո: Մոսուլի խնդիրը Թուրքիան բարձրացրեց մի շարք կոնֆերանսների ժամանակ, սակայն1920թ-ի Սևրի համաձայնագրով այն հաստատագրվեց Իրաքի կազմում:

Նույիսկ մեկ դար անց Թուրքիան չի հաշտվում Մոսուլի կորստի հետ և փորձում է պատեհ առիթների դեպքում վերականգնել իր ազդեցությունը այստեղ, որն ի դեպ պետք է շեշտել այնքան էլ փոքր չէ: Ավելացնելով իր զորքերը Մոսուլի մերձակայքում` Թուրքիան գուցե փորձում է հիշեցնել Ռուսաստանին, որ սա իր կայսերական տիրույթներն են և Մերձավոր Արևելքը իր ազդեցության գոտին է: Սիրիայում ռուսական ներկայությունից հետո Թուրքիայի պլանները հարևան երկրում կարծես թե անհաջողության են մատնում: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը», որն իր արտաքին քաղաքական կուրսում կարևորագույն տեղ էր հատկացնում Մերձավոր Արևելքին և իր նեոօսմական քաղաքականության շրջանակներում փորձում էր «թուրքական մոդել» արտահանել այդ երկրներ, կարծես թե լիովին ձախողել է այն: Սակայն ԱԶԿ-անները չեն հաշտվում մերձավորարևելյան քաղաքականության տապալման հետ և փորձում են նոր ճակատում գոնե թե հաջողություններ արձանագրել:

Մոսուլի մերձակայքում զորքերի տեղակայմանը հաջորդեց թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) Քանդիլ, Ավաշին, Բասյան, Զափ և Հաքուրք շրջաններում գտնվող PKK-ի ռազմաճամբարները: Սա թլ թերևս կարող ենք նշել, որպես երկրորդ պատճառ, որը ստիպեց Թուրքիային զորքեր ավելացնել Իրաքի տարածքում: Նախկինում ևս Իրաքը թույլատրել էր Թուրքիային իր տարածքից ռազմական հարվածներ հասցնել PKK-ի դիրքերին:

Կարևոր է նաև հիշել Իրաք զորք մտցնելուն նախորդած իրադարձությունը, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Քաթարում: Այցի շրջանակներում նշվում էր, որ երկու երկրներն ստորագրել են ռազմավարական նշանակության մի շարք փաստաթղթեր: Ամենայն հավանականությամբ, կողմերը քննարկել են նաև Քաթար-Թուրքիա գազամուղի տարանցման երկրորդ տարբերակը: Սկզբանապես նախատեսված էր քաթարական գազը Սիրիայի տարածքով տարանցել Թուրքիա, իսկ այնտեղից էլ` Եվրոպա: Սակայն Բաշար Ասադն իր անհամաձայնությունը հայտնեց այս նախագծի վերաբերյալ, որն էլ գուցե դարձավ հիմնաքարային պատճառներից մեկը Սիրիայի տարածքում «արաբական գարուն» հրահրելու համար:

Քանի որ դեռևս անհայտ է կհաջողվի Ասադին զրկել իշխանությունից, Թուրքիան և Քաթարն, ամենայն հավանականությամբ կփորձեն գործարկել Քաթար-Թուրքիայի գազմուղը ավելի երկար` Իրաքի տարածքով: Չնայած ծախսատարության ավելացմանը, սակայն ներկայումս Իրաքը միակ երկիրն է, որի տարածքով հնարավոր է քաթարական նավթը Իրաքով տեղափոխել Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա: Այս պարագայում Թուրքիային անհրաժեշտ է ամրապնդել իր դիրքերն Իրաքի տարածքում, որպեսզի գոնե թե այս տարբերակով հնարավոր լինի կենսագործել գազամուղային ծրագիրը, հատկապես, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնալով վատանալու միտումներ են ցույց տալիս:

Այսպիսով, տեսնում ենք, որ Թուրքիայի` Իրաք ներխուժելու համար բազմաթիվ պատճառներ թվարկել` սկսած հոգեբանականից մինչ պրագմատիկ շահեր, սակայն անկախ դրանց բնույթից, ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է փրկել իր մերձավորարևելյան քաղաքականությունը և այդ նպատակով չի խորշելու հարաբերությունների սրացում ունենալ նաև իրաքյան կենտրոնական իշխանությունների հետ:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում