Իլհամ Ալիևը այլևս չի զբաղվում ադրբեջանա֊արցախյան հակամարտությամբ

Իլհամ Ալիևը այլևս չի զբաղվում ադրբեջանա֊արցախյան հակամարտությամբ

Նրան շատ ավելի կարևոր հարցեր են հիմա հուզում

Վերջին շրջանում հաճախ եմ ստիպված լինում պատասխանելու լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է Ալիևի վարչակազմը հայ֊ադրբեջանական սահմանում հետևողականորեն իրավիճակ սրում։ Ամեն անգամ, երբ ադրբեջանական կողմն ակտիվացնում է իր գործողություններն առաջնագծում, հայկական մամուլը սկսում է դրա պատճառների փնտրտուքը՝ զուգահեռաբար փորձելով հասկանալ, թե էլ ի՞նչ կարելի է սպասել Իլհամ Ալիևից։ Հայկական պետությունների անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող այսպիսի հարցերը չպիտի օդից կախված մնան։ Դրանց պետք է տալ շատ ուղիղ պատասխան՝ չթաքցնելով մարդկանցից այն իրողությունը, որ պատերազմը դեռ չի վերջացել և ամեն ինչ պայմանավորված է հայ֊ադրբեջանական, իսկ ավելի ճիշտ՝ հայ֊թուրքական թշնամությամբ։ Դա է Ալիևի, Էրդողանի, Դավութօղլուի, Հասանովի և շատ ուրիշ գործիչների հակահայկական բոլոր որոշումների հիմնական պատճառը։ Այս հարցը պիտի հստակ լինի յուրաքանչյուրիս համար, որպեսզի ասյուհետև չշփոթենք նրանց գործողությունների հիմնական պատճառը այն առիթների հետ, որոնք պարբերաբար ստիպում են ադրբեջանական կողմին իրավիճակ սրել սահմանում։

Եթե պատճառը մեկն է՝ թշնամությունը, ապա առիթները շատ են։ Իսկ վերջին օրերի սահմանային զարգացումների հիմնական առիթը դեկտեմբերի 19֊ին կայանալիք Սարգսյան֊Ալիև հանդիպումն է։ Ավելի ճիշտ՝ բանակցություններից խուսափելու և դրանք տապալելու Ալիևի քաղաքականությունը։ Դատելով անցած երկու տարիների զարգացումներից՝ Ադրբեջանի նախագահի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը փակված հարց է։ Իրականում Ալիևը վաղուց է հասկացել, որ ո’չ բանակցությունների, ո’չ էլ որևէ այլ ճանապարհով չի կարող հասնել այնպիսի արդյունքների, որոնք կբավարարեին Ադրբեջանի հասարակության՝ իր իսկ կողմից ձևավորված սպասումները։ Հասկացել է և դադարել զբաղվել այդ հարցով՝ ադրբեջանա֊արցախյան հակամարտությանը վերաբերող բոլոր խնդիրները գործուղելով պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Միակ խնդիրը, որ դրվել է վերջինիս առջև, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ռազմական ճանապարհով խոչնդոտելն է։ Կրակել, վազել, հոխորտալ և այլն։

Ինքը՝ Ալիևը, զբաղվում է միանգամայն այլ գործով։ Նա ձևավորում է վաղվա Ադրբեջանի իշխանական նոր համակարգը և այն հասարակությունը, որը կհնազանդվի այդ իշխանության բոլոր որոշումներին։ Քաղաքական այդ ծրագրի ստարտը տրվել է մոտ երկու տարի առաջ։ Այդ ընթացքում մի քանի կարևոր փոփոխություն է կատարել ուժային կառույցներում, հիմա էլ անցել է անվտանգության ծառայության ձևափոխմանը։ Հաջորդ հարվածները քաղաքական վերնախավին են ուղղվելու։ Դրա փորձն Ալիևը ունի, մեկ անգամ արդեն անցել է այդ ճանապարհով։ Նրա գործողություններն այն ժամանակ այնքան վճռական էին, որ չէր խորշել անգամ հարազատ հոր մահվան փաստը թաքցնելուց, նրա ստորագրությունը կեղծելով ինքն իրեն վարչապետ նշանակելուց և հետո այդ գործի վկա իր հիմնական դաշնակիցներին բանտերում թաքցնելուց (մանրամասները տես այստեղ)։ Հիմա էլ ոչ մի խնդիր չունի, թերևս, բացի իսլամական տրամադրությունների ակտիվացումից հասարակության շրջանում։ Այստեղ ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան նա կուզեր տեսնել։ Բայց դա չի շեղի Ալիևին սեփական իշխանությունը հավերժացնելու մտադրությունից։ Չէ՞ որ հակառակ դեպքում կանգնելու է շատ ավելի լուրջ խնդիրների առջև…

Ադրբեջանում այսօր իրապես լուրջ վերափոխումներ են տեղի ունենում։ Այնտեղ որոշվում է այդ պետության ապագա ճակատագիրը։ Ընդ որում, որոշողն էլ միայն Ալիևը չէ։ Ի դեմս Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի նա լուրջ մրցակիցներ ունի։ Դրանցից առաջինը ցանկանում է տեսնել իսլամական Ադրբեջան, երկրորդը՝ եվրասիական, երրորդը՝ պանթուրքիստական, չորրորդը՝ հակառուսական… Բոլորն էլ հաջողության լուրջ շանսեր ունեն, ինչը էլ ավելի է թեժացնում պայքարը Ադրբեջանի համար։ Այս փաստը չի կարող չհուզել Ալիևին, որի գործողություններն օր օրի ավելի ոչ ադեկվատ են դառնում։

Նման իրավիճակում հարց է առաջանում, թե ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմն Ադրբեջանի ղեկավարից, օրինակ, դեկտեմբերի 19֊ին կայանալիք հանդիպման ընթացքում։ Ցավոք, պատասխանը խիստ ակնհայտ է. ոչինչ։ Ալիևը չի կարող հրաժարվել «20% օկուպացված տարածքների» մասին արջի երգից, չի կարող հրահանգել իր բանակին հանգիստ մնալ սահմանում, չի կարող որևէ բան խոստանալ ո՛չ միջնորդներին, ո՛չ էլ հայկական կողմին։ Որովհետև ցանկացած նման քայլի դեպքում ստիպված է լինելու հետո երկար֊բարակ բացատրություններ տալ այն նույն ժողովրդին, որի շրջանում, ինչպես արդեն ասացի, անհավանական մեծ սպասումներ է ձևավորել։ Դրա համար էլ Ալիևն ամեն անգամ գալիս, լուռ լսում է հայկական կողմի քննադատությունները և գնում ու նախապատրաստվում հաջորդ չափաբաժին քննադատություններին՝ զուգահեռաբար փորձելով հնարավորինս հեռացնել նոր հանդիպման օրը։

Իհարկե, այս իրավիճակն անելանելի չէ։ Որքան էլ Ալիևը չզբաղվի ադրբեջանա֊արցախյան հակամարտության կարգավորման խնդրով, իսկ Զաքիր Հասանովը սահմանում կռիվ֊կռիվ խաղալով իր PR-ը անի, միևնույն է նրանք չեն կարող բախվել այն դաժան իրողության հետևանքներին, որը հայկական զինուժը ստեղծում է Ադրբեջանի հասարակության համար։ Այս առումով, մեր գործողությունները ճիշտ են՝ պետք է շարունակել դաժանորեն չեզոքացնել Ադրբեջանի բխող ցանկացած սպառնալիք։ Անգամ, եթե դրա համար պետք լինի օրեկան թշնամու 10 ռազմավան ոչնչացնել։ Անհրաժեշտ է միայն այս գործունեությունը ամրապնդել նաև դիվանագիտական ավելի աշխույժ աշխատանքով, որը, ի դեպ, վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է։ Մնացածը ժամանակի և տեխնիկայի հարց է։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում