Նավթային անեծքը հետապնդում է Ադրբեջանին կամ ադրբեջանական տնտեսության մղձավանջը

Նավթային անեծքը հետապնդում է Ադրբեջանին կամ ադրբեջանական տնտեսության մղձավանջը

Նավթի միջազգային գները շարունակում են գահավիժել: Թվում է, թե վերջին երկու տարվա ընթացքում նավթի գների կրկնակի անկումից հետո այլևս դժվար թե այդ միտումը շարունակվի: Սակայն համաշխարհային տնտեսության և նավթային շուկայի զարգացումները ցույց են տալիս, որ իրականություն են դառնում ամենավատատեսական կանխատեսումները: Brent տեսակի մեկ բարել նավթն արդեն արժե 37 ամերիկյան դոլարից ավելի քիչ, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է 2008թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամից ի վեր: Նվազել են նաև մյուս տեսակի, այդ թվում` ադրբեջանական նավթի գները:

Որո՞նք են նավթի գների շարունակական նվազման հիմնական պատճառները: Դրանք կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը կապված է զուտ նավթային շուկայի զարգացումների հետ, երկրորդը պայմանավորված է գլոբալ տնտեսական իրավիճակով: Զուտ նավթային գործոնը ևս կարելի է բաժանել մի քանի մասի: Եվ այսպես, օրերս միաժամանակ տեղի ունեցավ երեք իրադարձություն, ինչը միանգամից հանգեցրեց նավթի գների անկմանը:

Նախ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) որոշեց չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները: Բանն այն է, որ այսօր աշխարհում ավելի շատ նավթ է արդյունահանվում, քան սպառվում: Այլ կերպ ասած` առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը: Իսկ այդ տնտեսագիտական օրինաչափությամբ ցանկացած ապրանքի գները նվազում են: Նման որոշման պատճառը հավանաբար այն է, որ նավթային պետությունները վստահ են`նավթի արդյունահանման ծավալների նվազումը այնքան էլ չի փոխի շուկայում առաջարկ-պահանջարկը: Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է անկման ցիկլում, ուստի միևնույն է, պահանջարկը մոտ ապագայում չի մեծանալու:

Այնուհետև Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը մինչ այդ զրոյական մակարդակի էր: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ն թանկացրեց դոլարը, ինչը ուղղակիորեն հարվածում է պետություների ազգային արժույթներին, ազդում է նաև նավթի գների վրա: Բացի դրանից` 40 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ն որոշեց չեղարկել նավթի արտահանման արգելքը: Հայտնի է, որ ԱՄՆ-ն դարձել է աշխարհում նավթ արդյունահանող առաջատար երկիր: Նոր տեխնոլոգիաների միջոցով Միացյալ Նահանգները արդյունահանում է թերթաքարային նավթ և գազ: Առաջացել է ավելցուկ, որն ամերիկացիները ցանկանում են արտահանել:

Երրորդ գործոնը կապված է առաջիկայում միջազգային շուկա իրանական նավթի վերադառնալու հետ: Երբ տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը սկսի ազատորեն արտահանել իր նավթը, ինչը այսպես թե այնպես տեղի կունենա, ապա դա էլ իր հերթին հանգեցնում է նավթի գների անկմանը: Իսկ ոչ նավթային գործոնը համաշխարհային շուկայում ընդհանուր անկման միտումներն են: Երբ գլոբալ արտադրության ծավալները նվազում են, նվազում է էներգիայի հանդեպ պահանջարկը: Տնտեսական աճի միտումները նվազում են Չինաստանում, Եվրամիությունում, մյուս կողմից զարգանում է այլընտրանքային էներգետիկան: Պետությունները սկսում են ավելի քիչ նավթ օգտագործել արտադրության բնագավառում` փոխարինելով դա այլ աղբյուրներով:

Նավթի գների գահավիժումը, բնականաբար, մղձավանջ է այն երկրների համար, որոնք նստած են նավթի ասեղի վրա: Ամենախոցելի իրավիճակում է հայտնվում Ադրբեջանը, որի արտահանման կառուցվածքում նավթն ու գազը կազմում են 90%-ը : Իսկ երկրի ամբողջ համախառն ներքին արդյունքի մոտ կեսը կրկին բաժին է ընկնում նավթից ու գազից ստացվող եկամուտներին: Երկրի տնտեսության այդ կառուցվածքն ինքնին ենթադրում է, որ նավթի գների անկումը հարվածում է Ադրբեջանի ամբողջ տնտեսությանը, քանի որ տնտեսության մյուս ճյուղերի աճը նույնպես կախված է այդ գործոնից:

Ադրբեջանական արժույթը` մանաթը, արդեն իսկ արժեզրկվել է 35%-ով: Իսկ այս նոր գնային գահավիժումից հետո մանաթի արժեզրկումը կրկին անխուսափելի է դառնում: Ադրբեջանի բյուջեի եկամուտներն արդեն իսկ զգալիորեն նվազել են: Պետական նավթային ընկերության մուծած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ 18%-ով: Նման զարգացումները շատ մռայլ հեռանկար են խոստանում Ադրբեջանի տնտեսության համար:

Նավթի գործոնը, ինչպես հայտնի է, նաև լուրջ քաղաքական գործոն է, ինչը Ադրբեջանն օգտագործում է առավելագույնս: Մի կողմից նավթի առևտրից ստացվող հսկայական եկամուտները Բաքվի իշխանությունները ծախսում են ռազմական ոլորտի վրա` սպառնալով Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմով, մյուս կողմից` Բաքուն փորձում է տարածաշրջանում հանդես գալ որպես Ռուսաստանին այլընտրանք ճանապարհ նավթն ու գազը դեպի Եվրոպա արտահանելու համար: Այդ նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին գործի է դրել տարածաշրջանային էներգետիկ նախագծեր (TAP, TANAP), որոնց գործարկման` նոր հանքավայրերի շահագործման և խողովակաշարեր կառուցելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ:

Եվ ահա նավթային անեծքը կարող է հօդս ցնդեցնել Բաքվի բոլոր ծրագրերը: Նավթային ոլորտում ներդրումներ անելուց հետո իրական շահույթը ստացվում է 5-15 տարի հետ: Իսկ սա նշանակում է, որ նավթի գների անկման և դոլարի թանկացման պարագայում շատ ռիսկային և անհեռանկարային է այսօր ներդրումներ անել այդ ոլորտում: Ավելի շահավետ է մաքսիմալ քամել արդեն իսկ գործող հանքավայրերն ու ենթակառուցվածքները, քան կառուցել նորերը: Բոլոր կանխատեսումներով` նավթի գները կշարունակեն դեռ մի քանի տարի մնալ շատ ցածր մակարդակի վրա, եթե ոչ ավելի մեծ նվազում լինի: Ամենավատատեսական կանխատեսումների համաձայն` նավթի գինը կարող է հասնել մինչև բարելը 10 ամերիկյան դոլարի:

Նավթային գերշահույթների նվազումը և տարածաշրջանային էներգետիկ նախագծերի մշուշոտ հեռանկարը խարխլում են Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքերը: Սա է այն գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու է Բաքուն սկսել ավելի խորացնել լարվածությունը Արցախյան հակամարտության շուրջ: Հավանաբար մտածելով, որ մի քանի տարի անց այլևս Ադրբեջանը չի ունենա այն տնտեսական և ռազմական ներուժն, ինչ այսօր, Ալիևի իշխանությունը սրում է իրավիճակը սահմանին` փորձելով այս պահին ստանալ մաքսիմալ զիջում թե՛ հայկական կողմից, թե՛ միջազգային հանրությունից:

Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, նման մարտավարությամբ որևէ հաջողության չեն հասնում: Ադրբեջանական տնտեսության մռայլ հեռանկարը, դրա հետ կապված նաև այդ երկրի իշխանությունների քաղաքական դիրքերի թուլացումը կարող են երկու հետևանք ունենալ: Կամ Բաքվում գալիս են այն գիտակցության, որ ռեսուրսների սպառմանը զուգահեռ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելը խելահեղություն է, պետք է խաղաղ ճանապարհով և փոխզիջումներով հասնել լուծման, կամ էլ դիմել այդ խելահեղությանը, պատերազմ սանձազերծել և վտանգել ամբողջ ադրբեջանական պետության գոյությունը: Տեսնենք, թե որ ուղին կընտրեն Ադրբեջանի իշխանությունները:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը բաց է թողել երկրի ազգային արժույթը՝ մանաթը, թույլ տալով, որ այն անցնի լողացող փոխարժեքի։ Որոշումից անմիջապես հետո մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ռեկորդային 47%-ով (1 դոլարն այս պահին արժե մոտ 1.55 մանաթ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում