Հասնելու ենք նրան, որ հայկական բոլոր եկեղեցիները վերադարձվեն Վիրահայոց թեմին. Վազգեն սրբազան Միրզախանյան

Հասնելու ենք նրան, որ հայկական բոլոր եկեղեցիները վերադարձվեն Վիրահայոց թեմին. Վազգեն սրբազան Միրզախանյան

Տարին Վիրահայոց թեմի կյանքում բուռն էր` լի ձեռքբերումներով, նոր նախաձեռնություններով եւ մարտահրավերներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը ներկայացնում է թեմի կատարած աշխատանքն ու անդրադառնում հայկական եկեղեցիների վերադարձման հարցին:

-Սրբազան, եթե ամփոփենք 2015 թվականը, ինչպիսի՞ն էր այն Վիրահայոց թեմի համար: Ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել անցնող տարվա ընթացքում:

-Տարին մեկնարկեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնախմբի ձեւավորմամբ եւ դրա հետ միասին սկսվեցին միջոցառումների նախապատրաստումը, անցկացումը: Միջոցառումների շրջանակում նախատեսված էին խաչքարերի տեղադրում, գրքերի տպագրում, միջեկեղեցական հիշատակի արարողություններ, բողոքի ակցիաներ եւ այդպես շարունակ: Առանձնահատուկ կարեւորության իրադարձություն էր Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգման ավարտն ու պաշտոնական բացումը: Ջավախքում նույնպես առանձնակի կարեւորության միջոցառումներ տեղի ունեցան, որոնցից ամ ենակարեւորը Նինոծմինդայի շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումն ու օծումն էր, որը տարածաշրջանային շատ մեծ նշանակություն ունեցավ: Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային կենտրոնի ձեռքբերումն ու Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան մեկ հատվածի ձեռքբերումը:

-Տարին ոգեկոչման տարի էր, դուք էլ Ձեր խոսքում անդրադարձաք այդ հարցին: Ըստ Ձեզ, ո՞րն է այն դասը, որ պետք է քաղել այդ տարելիցից:

-Մեր ամենամեծ դասը մեր միասնությունն է: Միասնությունը մեր միջանձնային հարաբերություններում եւ Հայրենիք-Արցախ-Սփյուռք կապը: Սրանք խոսքեր չեն, սա մեր գոյատեւման առանցքն է: Դասեր քաղելու ուղղությամբ աշխատանքներ արվել են, մանավանդ անհատների մակարդակով: Մտածելակերպն այլ է, քան հարյուր տարի առաջ, որովհետեւ այսօր մենք ունենք պետություն, եւ այն մեզ ուղղորդում է, որ հայությունը ճիշտ դասեր քաղի: Աշխատանք է պետք տանել, որ մեր սահմանի իրավիճակը, թիկունքը, Սփյուռքը համահունչ ապրեն: Չի կարող մարդը երջանիկ լինել, ուրախության մեջ ապրել, երբ սահմանին զինվոր է զոհվում: Մենք բոլորս համազգային շնչով պետք է ապրենք: Մեր ողջ ուժը պետք է միավորվի: Մենք ունենք մարդկային եւ նյութական ռեսուրսներ, որպեսզի թե՛ ազատագրված տարածքները բնակեցվեն, թե՛ կանխարգելենք այս անմարդկային արտագաղթը եւ ինչ-որ տեղ նպաստենք գաղթին: Եթե սա անում ենք, ապա մենք իսկապես կարողացել ենք ճշմարիտ դասեր քաղել հարյուր տարի առաջ մեզ հետ կատարվածից:

-Միջոցառումները փաստեցին, որ հարյուր տարի անց էլ մեզանից յուրաքանչյուրի հոգում կա ցավ, տառապանք նաեւ ատելություն: Հնարավո՞ր է նայել ապագային, երբ հոգում կա այսքան ցավ:

-Ցավը, երբ մարդու մեջ կա, նրան մղում է ամոքումի եւ դարմանումի: Մարդը փորձում է դեղամիջոցներով իր մարմնի ցավը բուժել: Նույնը նաեւ վերաբերում է մեր ազգին հարյուր տարի առաջ պատած ցավին: Մենք այդ ցավին պատասխանել ենք մեր անկախ պետությամբ եւ Արցախի ազատագրմամբ: Վերքերը բուժում ենք մեր գիտությամբ, մշակույթի ձեռքբերմամբ, աշխարհասփյուռ հայության ձեռքբերումներով: Սրանք մեր դեղերն են: Որքան էլ ցավ ու ատելություն կա, դա չպետք է արգելք հանդիսանա մեր ընդհանուր զարգացմանը: Ընդհակառակը, միասնությամբ պետք է զարգանանք, պետք է սիրենք, միմյանց օգնենք:

-Մյուս կողմից առանց հիշողության էլ հնարավոր չէ:

-Այո, այդ հիշողությունը մեր գենի մեջ է: Օրինակ, Թբիլիսիում ունենք ընտանիքներ, որ խառնամուսնություններ են եւ երբ երեխան գնում է վրացական կամ ռուսական դպրոց, դուք չեք պատկերացնում, թե ինչ կարող է պատահել, եթե դպրոցում հայության մասին մի բացասական բան են ասում, այդ երեխաներն ինչ կերպով են ձայն բարձրացնում: Սա գենետիկ հիշողությունն է, այն կա, բայց այն չպետք է մեզ խանգարի առաջ գնալու:

-Խոսեցիք Սփյուռք-Հայաստան կապի միասին: Վրաստանի հայ համայնքի եւ Հայաստանի միջեւ կապը որքանո՞վ է ամուր:

-Ամենաամուր կապերից մեկն է: Ոչ միայն, որ կպած ենք եւ ամեն ինչով խաչաձեւում ենք, այլեւ մեզ հետ շատ լավ աշխատում է ՀՀ կառավարությունը: Այդ աշխատանքի լավագույն օրինակը Բաթումում ձեռք բերված Ալեքսանդր Մանթաշովի կրթամշակութային կենտրոնն է: Նյութական աջակցություն էլ ենք ստանում ՀՀ կառավարությունից եւ Թբիլիսիի պանթեոնի հոգածության մի մասը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Շատ լավ համագործակցում ենք նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ:

-Սրբազան, խոսենք ամենացավոք հարցերից մեկի` Վրաստանում հայկական եկեղեցիների պատկանելության մասին: Հարցը շարունակում է մնալ առկախված: Տարին ինչպիսի՞ն էր այդ հարցի լուծման առումով:

-Վրաստանի նոր իշխանությունները նախաձեռնեցին այս հարցի լուծումը: Մահմեդական եւ հրեական համայնքներին կամաց-կամաց վերադարձվում է խորհրդային տարիներից բռնագրավված գույքը: Մենք ներկայացրել ենք ցուցակը` սկզբում ամբողջական ցանկը` 442 կառույց, սակայն հիմա խումբ-խումբ ենք աշխատում: Քսան եկեղեցու պատմություն վրացերենով ներկայացրել ենք երկրի կառավարությանը: Հունվարին մենք կսպասենք պատասխանի եւ եւս երեսունհինգի համար պատրաստվում ենք դիմել: Եվ այսպես, փուլ առ փուլ մենք դիմելու ենք, եւ հասնելու ենք նրան, որ պատմական եկեղեցիները մեզ վերադարձվեն եւ հետեւողական ենք լինելու այս հարցի առնչությամբ:

-Խոնարհված եկեղեցիների առնչությամբ ի՞նչ նորություն կա:

-ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Վրաստանի հուշարձաննեի պահպանության եւ վերանորոգման գործակալությունը այդ հացերով զբաղվեցին եւ այժմ գործակալությունը դիմել է քաղաքապետարանին, որ եկեղեցիների շրջակայքում ապրող մարդկանց ապահովեն բնակարաններով, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Մուղնեցոց Սուրբ Գեւորգը, Երեւանցոց Սուրբ Մինասը կամ Սուրբ Նշանը: Սա կարեւոր քայլ է: Ինչ վերաբերում է Սուրբ Նորաշենին այդտեղ վիճակը բարդ է. վերանորոգման աշխատանքներ կատարվում են հիմքերի ամրացման առնչությամբ, բայց այնտեղ շատ ջուր կա: Նախագծման աշխատանքներն այն քան էլ բավարար չէին եւ երկու անգամ մենք դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարին, որ պատասխանատու մարդիկ գան եւ վրացական կողմի հետ վերանայեն նախագիծը, որովհետեւ նախագծով ամեն օր եկեղեցու տակից ջուր է դուրս տալիս: Եթե խողվակներով ջուրը դուրս չհանեն, եկեղեցու տարածքը ջուր կլցվի:

-Մշակույթի նախարարությունից ձեր նամակներից չե՞ն արձագանքել:

-Ցավոք, դեռ չեն արձագանքել:

-Որո՞նք են 2016-ի մարտահրավերները:

-Առանցքային է լինելու Թումանյանի տան ամբողջական վերանորոգումը, կահավորումն ու որպես Թումանյանական վերնատան բացումը: Սա համահայկական նշանակության գործ պետք է լինի: Սա նաեւ շատ կարեւոր է հայ-վրացական մշակութային հարաբերությունների համար: Փորձելու ենք շրջաններում եկեղեցիների վերանորոգումներ կատարել, համայնքերը հոգեւոր սպասավորներով ապահովել եւ անել ամեն ինչ, որ կենտրոնի ու համայնքների զարգացումը համահունչ լինի:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում