Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան հակաիրանական նոր օրակարգ են մշակել

Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան հակաիրանական  նոր  օրակարգ են մշակել

2016թ-ի մեկնարկը նշանավորվեց Իրան-Սաուդյան Արաբիա առանց այն էլ լարված հարաբերությունների սրացմամբ, որն ընդհուպ հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների խզման: Մերձավոր Արևելք վառոդով լի տակառը հերթական պայթունի առաջ կանգնեց, որը խարխլում է տարածաշրջանային կայունության հիմքերը: Եթե մինչ այս իսլամական աշխարհի երկու լոկոմոտիվները գերադասում էին անուղղակի բախումները, ապա վերջին իրադարձությունները վկայում են, որ հարաբերությունները թևակոխել են էսկալացիայի նոր փուլ և այլ պետությունների տարածքներում առճակատումն ավելի սուր բնույթ կկրի: Ստեղծված իրավիճակում պետություններից յուրաքանչյուրը ձգտում է դիրքավորվել տարածաշրջանում և հստակեցնել իր ազդեցության գոտիները: Կարևորվում է նաև դաշնակիցների հավաքագրումն ու հակառակորդի նկատմամբ ոչ բարեհաճ տրամադրված երկրներին սեփական ճամբարում ներգրավելը:

Թերևս հենց այս համատեքստում էլ հարկ է դիտարկել Սաուդիան Արաբիայի և Ադրբեջանի հարաբերությունների ջերմացումը: Հակաիրանականությունը եղել է ոչ միայն ադրբեջանական ինքնության ձևավորման, այլ նաև արտաքին քաղաքականության կերտման հիմնասյուներից: Չնայած պաշտոնական հանդիպումների ժամանակ ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները շեփորահարում են Իսլամի շիական ուղղությանը պատկանելու հանգամանքը, որն իբրև թե նրանց մերձեցնող գործոն է, սակայն պրակտիկ քաղաքականության արդյունքները միանգամայն այլ բան են վկայում:

Սաուդիան Արաբիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման դինամիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ այն ուղիղ համեմատական է Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորմանը: Պաշտոնական Բաքվի և Էլ Ռիադի հարաբերություններում ջերմացում նկատվեց դեռևս 2012թ-ին: Չնայած Սաուդիան Արաբիան այն եզակի երկրներից է, որը հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Արցախյան հակամարտության պատճառով, և այդ հարցով միջազգային հարթակներում միանշանակ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, սակայն քաղաքական այդ հովանավորչությունն ամենևին էլ չէր նպաստել բազմասպեկտ կապերի զարգացմանը:

2012թ-ին Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարար արքայազն Խալեդ Բին Սաուդ Բին Խալեդը հայտարարեց, որ Ադրբեջանը տարածաշրջանում հիմնական գործընկերն է. «Միջազգային ասպարեզում Ադրբեջանը խաղում է և կշարունակի կարևոր դերակատարություն ունենալ: Այն կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև»: Հայտարարություններին հաջորդեցին տնտեսական և հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության համաձայնագրերի կնքումը: 2013թ-ին երկու կառավարությունները անվտանգության ոլորտում փաստաթուղթ ստորագրեցին, որով պատրաստվում էին հանցագործությունների և ահաբակեչության դեմ համատեղ պայքար մղել: Համագործակցության ուշագրավ արդյունքներից է 2013թ-ից սկսած հաճախակի անցկացվող բիզնես ֆորումները, որոնք միջկառավարական համաձայնագրերի արդյունք են: Այն աջակցություն է վայելում Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարության կողմից և ներկայացնում է ավելի քան հարյուր ձեռնարկություններ: Նման ֆորումների շնորհիվ Ադրբեջանում մեծացել է սաուդարաբական ներդրումների քանակը: Չնայած տնտեսական ճգնաժամային պայմանների հետևանքով երկու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը գրեթե երկու անգամ կրճատվել է` հասնելով 14.66 միլիոն դոլարի (2014), սակայն այն չի ազդել ներդրումների ծավալների վրա: 2015թ-ի դեկտեմբերին կայացած չորրորդ բիզնես ֆորումի ժամանակ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարեց, որ Սաուդիան Արաբիան արդեն իսկ 368 միլիոն դոլարի ներդրում է կատարել ադրբեջանական տնտեսության մեջ, որը նաև աճելու միտումներ է ցույց տալիս: Տնտեսական ոլորտում համագործակցության էլ ավելի խորացումը կախված կլինի միայն քաղաքական այն աջակցությունից, որը Ադրբեջանը կցուցաբերի Սաուդիան Արաբիային Իրանի դեմ պայքարում:

2015թ-ի գարնանը, երբ Արևմուտքն ու Իրանը միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում դրական արդյունքների հասան և պարզ դարձավ, որ վերջնական համաձայնագրի կնքումը սարերի հետևում չէ, Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան ինտենսիվացրեցին շփումները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի սկզբին անակնկալ այց կատարեց արաբական թագավորություն, որը մինչ վերջին պահը գաղտնի էր պահվում: Հատկանշական է, որ  թագավոր Սալմանն Ալիևին ընդունեց, ոչ թե թագավորի` ընդունելությունների համար նախատեսված սրահում այլ Էլ Ռիադի ռազմական ավիաբազայում: Ալիևը բազմաթիվ հանդիպումներ ուենցավ այցի ընթացքում, որից հետո հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան և Ադրբեջանն այսուհետ հարաբերությունների նոր օրակարգ ունեն: Դժվար չէ գլխի ընկնել, որ այդ օրերին, երբ միջնորդների վեցյակը և Իրանը ուղենշում էին հարաբերությունների կարգավորման պլանը, Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան հակաիրանական օրակարգ էին մշակում, ում այդ հարցում մեծ աջակցություն էր ցուցաբերում նաև Թուրքիան:

Սակայն Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունն այնքան էլ անվտանգ չէ Ադրբեջանի համար, քանի որ մեր հարևան պետությունը ստիպված է բախվել մի շարք ռիսկերի հետ: Վերջին տարիներին Ադրբեջանում մեծ տարածում է գտնում իսլամի վահաբիստական ուղղությունը, որի հետևում կանգնած է հենց Սաուդյան Արաբիան: Մշակութային համագործակցության քողի ներքո սաուդարաբական ֆոնդերը հովանավորում են Ադրբեջանում կրոնական ծայրահեղականության տարածումը: Ադրբեջանի իշխանությունները, որոնք քաղաքացիական ընդդիմությանը զրկել են գործելու հնարավորությունից, ստիպված են առերեսվել կրոնական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մյուս կողմից էլ Ադրբեջանում կրոնական ծայրահեղականության տարածման հետևանքով «Իսլամական պետության» շարքերում հարյուրավոր Ադրբեջանի քաղաքացիներ են կռվում, ինչը ևս բացասական է ընկալվում ալիևյան վարչակարգի կողմից:

Ադրբեջանը լավ հարթակ է Իրանում հետախուզություն կատարելու համար: Նույնիսկ սաուդական իշխանությունները դիտարկում են անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածներ հասցնելու հեռանկարը: Սակայն Ադրբեջանը խուսափում է բացահայտ հակաիրանական գործողություններից և փորձում է գոնե թե առերես նորմալ հարաբերությունների պահպանել իսլամիստական հարևանի հետ:Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացումը Սաուդյան Արաբիային թույլ կտա նաև ներթափանցել Հյուսիսային Կովկաս և անհրաժեշտության դեպքում հակառուսական տրամադրություններ սփռել տեղի իսլամադավան բնակչության շրջանում: Սակայն այս դեպքում ևս ռիսկը բավականին մեծ է, քանի որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի ոչ բարեկամական այս քայլը:

Ռիսկայնությունը չափազանց մեծ է, և դժվար թե Սաուդյան Արաբիայի առաջարկները ստիպեն Ադրբեջանին դիմելու նման քայլերի, սակայն հարկ է նայել նաև մեդալի հակառակ կողմը: Հնարավոր է Ադրբեջանն օգտագործի նման սպառնալիքի գործադրման վտանգը և շանտաժի միջոցով զիջումներ կորզել ինչպես Իրանից, այնպես էլ Ռուսաստանից: Ադրբեջանը մտել է երկակի խաղի մեջ, որի ապացույցներից է նաև Սաուդյան Արաբիայի կողմից դեկտեմբերի 15-ին ստեղծված կոալիցիային մասնակցելու խոստումը, որը պետք է ահաբեկչության դեմ ռազմական և գաղափարական պայքար մղի: Ադրբեջանը խոստացել է դիտարկել առաջարկը, սակայն մինչ այժմ պատասխան չկա: Կոալիցիայի անդամ են դարձել Եգիպտոսը, Հորդանանը, ՄԱԷ-ն, Պակիստանը, Բանգլադեշը, Բահրեյնը, Բենինը, Թուրքիան, Թունիսը, Սենեգալը, Սիեռա Լեոնեն, Սուդանը, Սոմալին, Պաղեստինը, Քաթարը, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Մալին, Մալայզիան, Նիգերը, Նիգերիան, Յեմենը, Չադը, Տոգոն, Գաբոնը, Գվինեան, Ջիբուտին, Մարոկկոն, Կոտ դ’ Իվուարը, Մավրիտանիան, Մալդիվներն ու Կոմորյան կղզիները:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ հակաիրանականությունը նոր դրսևորումներ է ստանում և տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիքներ ստեղծում: Չնայած ավելի հավանական է, որ Ադրբեջանը չի դառնա «հակաահաբեկչական» կոալիցիայի անդամ, սակայն արդեն իսկ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Ադրբեջանը դաշինք են ստեղծել, որը նորովի կխարխլի առանց այն էլ  անկայուն մեր տարածաշրջանի հիմքերը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում