Տարածաշրջանային գազային թջուկ. ի՞նչ խնդիրներ է լուծում Ռուսաստանը

Տարածաշրջանային գազային թջուկ. ի՞նչ խնդիրներ է լուծում Ռուսաստանը

Նախորդ տարվա աշնանը Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հայտարարությունը, որով ազդարարվում էր Ադրբեջանից գազային կախվածության թուլացման մասին, իսկական խառնաշփոթ առաջացրեց տարածաշրջանում: Դիտարկվում են մի քանի հնարավոր սցենարներ, որով հավանական է Վրաստանի գազային շուկայում փոփոխություններ կատարվեն: Վրաստանի գազի տարեկան պահանջարկը կազմում է 2.3 մլրդ խմ, որից 300 մլն խմ որպես տրանզիտային վճար Ռուսաստան-Հայաստան գազի առաքման դիմաց վճարում է «Գազպրոմը», իսկ մնացած մասը ամբողջությամբ մատակարարում է Ադրբեջանը: «Գազպրոմի» կողմից առաքվող 300 մլն խմ գազի գինը ստացվում է 110 դոլար 1000 մխ դիմաց: Վրաստանի կողմից սահմանված տրանզիտային վճարը գազի առաքման համար 1000 խմ գազը 100 կմ տեղափոխելու դիմաց ստացվում է 11.2 դոլար: Ի համեմատություն, ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա առաքման տրանզիտային վճարը 2.8 դոլար է, իսկ TANAP-ի նախագծով նախատեսված է 1.5 դոլար: Այսինքն, Վրաստանի կողմից Հայաստան առաքվող գազի տրանզիտային վճարը հեռու է միջագային պրակտիկայում ընդունված ողջամիտ գների սահմաններից: Վերջերս վրացական կողմը նշում էր, թե բանակցում է տրանզիտային վճարը գումարով ստանալու համար: Այս դեպքում ռուսական կողմը կարող է գազ չմատակարարել, այլ վճարել միջազգային ընդունված գներով փոխադրավճար, որը շատ ավելի էժան կնստի, սակայն վերջնական համաձայնություն այս հարցի շուրջ չկա:

Պաշտոնական Թբիլիսին միանգամից մի քանի տարբերակ է դիտարկում գազամատակարարման աղբյուրները բազմազանեցնելու համար: 2015 թ-ի աշնանից սկսած լայնորեն շրջանառվում է Ռուսաստանից և Իրանից գազ ստանալու հեռանկարները: Այս մասին հայտարարել էր Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին` նշելով, որ որպես գործարար գտնվում է բանակցային խմբի մեջ: Անցած տարեվերջին` դեկտեմբերի 27-ին, երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն շվեյցարական Ցյուրիխում գաղտնի հանդիպում է անցկացրել «Գազպրոմ»-ի` արտահանումների գծով գլխավոր պատասխանատուի` «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության տնօրեն Ելենա Բուրմիստրովայի հետ, այլ հարցերի թվում քննարկելով նաև վրացական շուկա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալը կիսով չափ կրճատելու հարցը:

Բնականաբար, ադրբեջանական գազին փոխարինող է դիտարկվում ռուսականը: Սակայն վրացական հասարակությունը դեռևս չի մոռացել հնգօրյա պատերազմը և դրա ծանր հետևանքները, չի մոռացել, որ 2006թ-ի ցուրտ ձմռանը, գազատարի պայթյունի հետևանքով Վրաստանը մնացել էր առանց ռուսական գազի և սկեպտիկորեն է վերաբերվում ռուսական գազի վերադարձին:

Օրեր առաջ Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու: Իսկ նախքան այդ թեման քննարկման հիմնական առիթ էր դարձել հունվարի առաջին տասնօրյակում կայացած ռուս-վրացական բանակցությունների ժամանակ:

Լյուքսեմբուրգում Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեի հետ հանդիպման ավարտին ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ «Գազպրոմ»-ն ու Իրանն աշխատում են Հայաստան գազի մատակարարման ընթացքում վառելիքի փոխանակման օպերացիաների կիրառման հնարավորության հարցի շուրջ: Եվ այստեղ մենք սկսում ենք գործ ունենալ ևս մեկ երևույթի հետ: Խոսքը գնում է ոչ թե Հայաստանի տարածքով դեպի Վրաստան իրանական գազի մատակարարման մասին, այլ ռուս-իրանական գազային փոխանակման մասին: Ռուսաստանը հնարավոր է ցանկանում է կանխել տարածաշրջանում իրանական գազի հնարավոր մենաշնորհը և դիմում է խորամանկ քայլի: Փոխանակումը հնարավոր է այսպես լինի. Ռուսաստանը հնարավոր է Հայաստան գազի մատակարարման արտոնությունը հանձնի Իրանին, դրա փոխարեն Իրանը կարող է գազամատակարարման պայմանագիր ստորագրել Վրաստանի հետ, սակայն իրականացումը փոխանցել Ռուսաստանին: Անշուշտ, իրանական գազը ավելի հեշտ կհասնի Հայաստան, քան Սիբիրինը: Նման կերպ կկանխվի նաև այն աղմուկը, որը վրացական ընդդիմությունը բարձրացնում էր «Գազպրոմ»-ի` վրացական շուկա վերադառնալու հետ կապված: Նման սցենարի իրականացման դեպքում և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը զրկվում են տարանցիկ երկիր լինելուց և զրկվում են սպասվող դիվիդենտներից: Այսպիսով, Ռուսաստանը մի զարկով երկու նշանակետի է հարվածում. Հայաստանը զրկվում է տարանցիկ երկիր դառնալու հավանականությունից, իսկ իրանական գազը չի հասնում Սև ծով:

Տեսականորեն դա հնարավոր է: ԽՍՀՄ տարիներին կար, այսպես կոչված, դարի գործարք, երբ Իրանը գազ էր մատակարարում ԽՍՀՄ հարավային տարածքներին: Ռուսաստանը միաժամանակ գազ էր մատակարարում Եվրոպային, բայց դա համարվում էր իրանական գազ: Այս ամենն իսկական տագնապ է առաջացրել Ադրբեջանում, ում պատկանում է

Վրաստանում գազամատակարարման 80 տոկոսի մենաշնորհը: Չնայած ադրբեջանական կողմի հավաստիացումներին, Վրաստանի իշխանությունները պնդում են, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր Ռուսաստանից: 2015-ի հունվար-սեպտեմբերին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է մոտ 968 հազար տոննա գազ` մոտ $ 202 մլն, ինչը 25 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընդ որում Վրաստանի համար ադրբեջանական գազը մատակարարվում է տարբեր սակագներով: Նախորդ տարի 250 մլն խմ առաքվել է 55 դոլար՝ 1000 խմ դիմաց, ևս 500 մլն՝ 64 դոլարով, 500 մլն խմ՝ 189 դոլարով, և ևս 400 մլն խմ՝ 240 դոլարով: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արտոնյալ պայմաններով Վրաստանին առաքվող գազը ֆիզիկապես չի բավականացնում Վրաստանին, այդ իսկ պատճառով ամեն հաջորդ մատակարարումը դեպի Վրաստան արժենում է ավելի թանկ: Վրաստանում տարբեր մոտիվներ են շրջանառվում «Գազպրոմ»-ից կրկին գազ գնելու լուրերի վերաբերյալ` նշելով, որ հնարավոր է այս կերպ Վրաստանը ուղերձ է հղում Ադրբեջանին` պահանջելով կայունություն գնային քաղաքականության մեջ: Ծանր տնտեսական պայմաններում հայտնված Ադրբեջանը ներկա պահին դժվար թե կարողանա արտոնյալ պայմաններ տրամադրել Վրաստանին, որն էլ ավելի հավանական և արդարացված կդարձնի «Գազպրոմ»-ի վերադարձը:

Այսպիսով, ակնհայտ է, որ Վրաստանի գազային քաղաքականության փոփոխությունը միայն տեղական իշխանությունների կամքը չէ և ռուսական գործոնը կրկին մեծ նշանակություն և ազդեցություն է սկսում ձեռք բերել Վրաստանում: Չնայած Իրանի նկատմամբ հիմնական սանկցիաները մնացին անցյալում և այդ գործում իր մեծ ներդրումն ունի նաև Ռուսաստանը, սակայն Հարավային Կովկասում վերսկսվում է ռուս-իրանական մրցավազքը: Որքան էլ աշխարհաքաղաքական ասպարեզում տարածաշրջանային հսկաների շահերը հատվում էին, կովկասյան հարթակում դրանք հիմնականում բախվում են: Ռուսաստանը փորձում է գտնել ներկայումս ամենացանկալի լուծումը` շրջանցնելով Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականությունը, իսկ Իրանն էլ իրեն բնորոշ համբերատարությամբ փոքրիկ քայլերով, սակայն շատին հասնելու ակնկալիքով մտնում է տարածաշրջան: Դե ինչ մեկնարկը տրված է:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում