Կապանքներից ազատված իրանական հսկան կրկին միջազգային ասպարեզում է

Կապանքներից ազատված իրանական հսկան կրկին միջազգային ասպարեզում է

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե հանում են Իրանի դեմ պատժամիջոցները, երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Թեհրանը կատարել է ատոմային ծրագրի ապամոնտաժման մասին բոլոր պայմանները, որի շնորհիվ էլ ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ներդրված պատժամիջոցները հանվելու են: Իհարկե, ԱՄն-ն արդեն իսկ հասցրել է հայտարարել մասնավոր պատժամիջոցներ սահմանելու մասին Պատժամիջոցների թիրախն այն անձինք ու կազմակերպություններն են, որոնք առնչություն ունեն Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրին: ԱՄՆ-ի նոր սև ցուցակում են հինգ իրանցիներ, որոնք անմիջականորեն մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության համար բալիստիկ հրթիռներ ստեղծելուն: Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկման որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ Արդեն իսկ ԵՄ անդամ որոշ երկրներ հայտարարել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու մասին:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային քննարկումներ սկսվել են դեռևս 2001թ-ի նոյեմբերից: Միջազգային տարբեր ատյաննների, ինչպես նաև առաջատար երկրների անհանգստության հիմնական պատճառն այն էր, որ չնայած պաշտոնական Թեհրանի հավաստիացումներին առ այն, որ ծրագիրը բացառապես հետազոտական և խաղաղ բնույթ ուներ, այնուամենյանիվ մտավախությունը մեծ էր, որ ուրանի հարստացման ծրագրերը կհանգեցնեն սեփական միջուկային ծրագիր ստեղծելուն: Այս ընթացքում ՄԱԿ-ի, ԱՄԷԳ-ի կողմից բազմաթիվ վերջնագրեր են ներկայցվել Իրանին` դադարեցնելու հարստահարման ծրագիրը, սակայն Իրանը պնդում էր, որ, ինչպես յուրաքանչյուր պետություն, այնպես էլ Իրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով զարգացնել միջուկային իր ծրագիրը և չհիմնավորված մեղադրանքների պատճառով չի պատրաստվում հրաժարվել իր այդ իրավունքից: 2015թ-ի հուլիսին Իրանն ու միջազգային միջնորդների վեցյակը կնքեցին համաձայնագիր, որը կատարելուց հետո նշվում էր պատժամիջոցները հանելու մասին:

ԵՄ-ն Իրանի նկատմամբ կիրառել էր հետևյալ պատժամիջոցները` Իրանին նավթագազայի սեկտորի համար տեխնոլոգիաների ու սարքավորումների մատակարարման վրա դրված արգելք, Իրանի նավթագազային սեկտորում եվրոպական ընկերությունների ներդրումների արգելք (2010 թ.), Իրանից հում նավթի, նավթամթերքի ու բնական գազի ներմուծման արգելք (2012), Իրանից մի շարք մետաղների, օրինակ, ալյումինի ու պողպատի ներմուծման արգելք (2012),  իրանական բանկերը միջբանկային հաղորդակցության SWIFT համակարգից անջատում (2012):

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը հետևալն են `

Բանաձև № 1737, արգելում է ՄԱԿ երկրներին Իրանին սարքավորումներ մատակարարել, որոնք օգտագործվում են հրթիռամիջուկային ծրագրում

Բանաձև № 1747, արգելում է ՄԱԿ անդամներին Իրանից զենք գնել, կոչ է անում երկրներին ու միջազգային կառույցներին Իրանին վարկեր չտրամադրել

Բանաձև № 1803, արգելում է Իրանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարել, ընդլայնում է անձանց ու ձեռնարկությունների սև ցուցակը

Բանաձև № 1929, արգելում է Իրանին տանկեր, զրահամեքենաներ, մեծ տրամաչափի հրետանային համակարգեր, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ ու հրթիռային համակարգեր մատակարարել:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը ազդարարում է Իրանի` միջազգային մեկուսացումից դուրս գալու մեկնարկը: Իսկ դա շատ բան կարող է փոխել ոչ միայն գլոբալ, այլ հատկապես տարածաշրջանային արենայում: Կվերականգնվի արտասահմանյան բանկերում միլիարդավոր դոլարների ակտիվները: Իրանը բացառիկ հնարավորություն կստանա տեխնոլոգիական նորամուծությունների համար, արտասահմանյան ընկերություններն իսկական որս կսկսեն բազմամիլիոնանոց իրանական շուկայում դիրքավորվելու համար: Իրանական տնտեսությունը, արդյունաբերությունն ու արտադրությունը, զինվելով ժամանակակից տեխնոլոգիաներով, հնարավորություն կունենան աննախադեպ առաջընթաց ապահովել: Բնականաբար, սպասվում է նաև արտասահմանյան ներդրումների կտրուկ աճ Իրանի տարածքում, որը նոր շունչ ու կենսունակություն կհաղորդի մինչ այս մեկուսացման մեջ գտնվող տնտեսությանը:

Եվ, իհարկե, ամենակարևորն` Իրանը հնարավորություն կունենա կրկին մտնել նավթային շուկա: Առաժմ խոսվում է օրական կես միլիոն բարել թողունակության մասին, սակայն Իրանի նման հսկայական նավթային ռեսուրսների տիրապետող երկիրը հնարավորություն ունի օրական մեկ միլիոն բարել և ավելի նավթ արտահանել: Այս ամենի ուղղակի արդյունքը կլինի նավթի համաշխարհային գների նկատելի անկումը: Բնականաբար, այս ամենն ուղղակի ազդեցություն կունենա տարածաշրջանային համայնապատկերի վրա: Նավթի գների անկումն ուղղակի  բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի երկրներից Ադրբեջանի և ՌԴ-ի տնտեսությունների վրա, իսկ անուղղակի` Հայաստանի և Վրաստանի: Երեք ծովերի համակարգում, բնականաբար, ամենաշատը կտուժի Սաուդյան Արաբիան, իսկական ցայտնոտի մեջ կարող է հայտնվել Թուրքիան: Տնտեսական կապանքներից ազատված Իրանը կարող է մեծացնել ֆինանսական և ռազմական աջակցությունը Սիրիայում, որը շրջադարձային կարող է դառնալ ահաբեկչության դեմ միջազգային պայքարում:

Տարածաշրջանային նման դինամիկ գործընթացներից զերծ չի կարող մնալ նաև Հայաստանը, որը չնայած պատժամիջոցների դժվարին տարիներին մշտապես եղել է հարևան Իրանի կողքին, այսօր առավել քան երբևէ հնարավորություն ունի ընդլայնել համագործակցությունը: Մինչ Հայաստանը նայում է դեպի Արևմուտք կամ Հյուսիս, հարավում արդեն իրական հնարավորություններ են ստեղծվում տնտեսության զարգացման համար: Այս պարագայում ամենակարևորը ենթակառուցվածքային և, մասնավորապես, երկաթուղու կառուցման արագացումն է: Եթե Հայաստանի երկաթուղային համակարգը կապվի իրանականին, ապա դա նշանակում է էժան տրանսպորտային հաղորդակցություն նաև Չինաստանի և Հեռավոր Արևելքի երկրների հետ, որը հսկայական մեծ շուկաներ կարող է բացել հայ արտադրողների համար: Չնայած հայ-իրանական ջերմ հարաբերությունների մասին երկկողմ հայտարարություններին, հարկ է արձանագրել, որ Հասան Ռոուհանիի պաշտոնավարումից հետո քաղաքական հարթությունում հարաբերությունները որոշակիորեն սառել են և դրական առաջընթաց չեն արձանագրում: Վերջին անգամ Իրանի քաղաքական առաջին դեմքը` Մահմուդ Ահմադինեժադը, Հայաստան է այցելել 2011թ-ի դեկտեմբերին: Հարկ է նաև ուշադրություն դարձնել այս ոլորտին և ապագայում զարկ տալ միայն հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը, մանավանդ, որ դրանց համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում