Բիլանը Երևանում կմասնակցի Պլյուշչենկոյի սառցե շոուին

Բիլանը Երևանում  կմասնակցի Պլյուշչենկոյի սառցե շոուին

«Մարտի 5-ին Երևանի Մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» սառցե  շոուին կմասնակցի նաև ռուս երգիչ Դիմա Բիլանը,  տեղեկացնում են  միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության մամուլի բաժնից: Երգչի առաջին համերգը «Ֆորպոստարտ պրոդաքշընը» կազմակերպել էր 9 տարի առաջ: Այս շոուի մի բաժնում Դիմա Բիլանը ելույթ կունենա նոր ծրագրով: 

«Սառույցի թագավորները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը:

Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը: Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլք:

«Երեք ժամ անընդմեջ ներկաները ականատես կլինեն ոչ միայն պրոֆեսիոնալների հիասքանչ կատարումներին, այլև գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներին: Սառույցի վրա կատարած նրանց հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն կցուցադրի իր՝ չմուշկներով ցատկը սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով»,-հայտնում են կազմակերպիչները:

Նախագծի հատուկ հյուրն է երգիչ Հայկոն, ով 2007 թվականին ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում՝ իր հեղինակած Anytime you need երգով:

Հիշեցնենք, որ «Սառույցի թագավորները» շոու ծրագիրը պետք է կայանար 2015-ի նոյեմբերի 20-ին, որը հետաձգվեց Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում