ԵՄ-ն ամրապնդում է Հայաստանը դեմոկրատական աշխարհին կապող պորտալարը

ԵՄ-ն ամրապնդում է Հայաստանը դեմոկրատական աշխարհին կապող պորտալարը

Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին:Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Նիստի օրակարգում գլխավոր հարցը Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի մշակումն է, որը հիմք կծառայի երկկողմ համագործակցությունը նոր հարթության վրա բարձրացնելու համար: Հիշեցնենք, որ դեռևս 2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ-ի դեկտեմբերի 7-ին։

Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, որը ներկայումս հարաբերությունները կարգավորող և առաջնահերթություններն ընգծող հիմնական փաստաթուղթն է: Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը բացի պաշտպանության հիմնահարցերից ընդգրկում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները: Այն ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 22-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի հուլիսի 1-ին՝ 10 տարի ժամկետով։ ԳՀՀ-ի հիմնական նպատակն էր ավելի խորացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կապերն ու համագործակցել բազմաթիվ բնագավառներում՝ ապահովելով եվրոպական երկրներին հարիր բարեկեցիկ կյանք, ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայություն, քաղաքացիների շահերի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկ և կայուն ընթացք։

Այդ մասին շարադրված է ԳՀՀ-ի առաջին հոդվածում, որտեղ չորս կետերով առանձնացվում են գործունեության հիմնական ուղղությունները` քաղաքական կապերի ամրապնդում, շուկայական տնտեսության ձևավորում, առևտրային և ներդրումային քաղաքականության ներդաշնակության հաստատում մի շարք առանցքային ոլորտներում համագործակցության հաստատում: Պայմանագիրն ստորագրվել է տաս տարի ժամկետով և դրա լրանալուց հետո ամեն տարի երկարաձգվում է:

Անշուշտ, պայմանագրի ստորագրումից 20 տարի անց հարաբերություններում փոփոխություններ և թարմացումներ կատարելու ճիշտ ժամանակն է: Նոր փաստաթուղթը նախատեսվում էր, որ պետք է դառնար ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որի դրույթների հիման վրա էլ այսօր շարունակվում են բանակցությունները: Եվրասիական տնտեսական միությանն անդամկցելուց հետո քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում քննարկվում էր, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կթուլանան, սակայն տնտեսական ցուցանիշները միանգամայն հակառակ արդյունքները ցույց տվեցին:

Այսպես, եթե 2013թ-ին ՀՀ-ից դեպի ԵՄ արտահանումը կազմում էր 260 միլիոն դոլար, իսկ ներմուծումը` 718 միլիոն դոլար, ապա 2014թ-ին, երբ արդեն իսկ հայտնի էր, որ ՀՀ-ն անդամակցելու է ԵԱՏՄ-ին, տնտեսական ցուցանիշները բավականին բարելավել էին: 2014-ին արտահանումը կազմել էր 465 մլն դոլար, իսկ ներմուծումը` 1.134 մլրդ դոլար: Առայժմ հայտնի չեն 2015թ-ի վերջնական արդյունքները, սակայն տաս ամիսների կտրվածքով ունենք հետևյալ պատկերը` 998.6 միլիոն դոլարի առևտուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 24.3%-ով։ Հատկանշական է, որ դեպի եվրոպական երկրներ արտահանման ծավալները գրեթե անփոփոխ են մնացել (ընդամենը 0.9% անկում) և կազմել են 368.6 մլն դոլար: Իսկ ներմուծման ծավալների նվազումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության անկմամբ, որն էլ հանգեցրել է ընդհանուր ներմուծման ծավալների կրճատման, տնտեսական ակտիվության դանդաղեցման և բնակչության գնողունակության անկման:

Եթե ընդհանուր դիտարկենք իրավիճակը, ապա նույնիսկ ԵԱՏՄ անդամկցությունից հետո ԵՄ-Հայաստան ոչ տնտեսական, ոչ քաղաքական հարաբերություններում էական փոփոխություններ և առավել ևս բացասական միտումներ չեն արձանագրվել: ԵՄ-ն շարունակում է խրախուսել Հայաստանի դեմոկրատակացման գործընթացներին` մեծացնելով տրամադրվող օգնության չափը: Դրամաշնորհների տեսքով Հայաստանի հետ ԵՄ ֆինանսական համագործակցությունը 2014 – 2017թթ․-ին կազմում է 140 – 170 միլիոն եվրո և առաջին հերթին ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը, հանրային կառավարման և դատական ոլորտների բարեփոխումներին։

Անդրադառնանք այն նոր հնարավորություններին, որոնց շուրջ կողմերը ներկայումս բանակցում են: Բացի ավանդական դարձած քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներից կարևոր հնարավորություն է բացվում հայ գիտնականների համար, որոնք կարող են միանալ նաև «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության ծրագրին: Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում նաև COSME ծրագիրը, որի վերաբերյալ արդեն իսկ համաձայնագիր է կնքվել նախորդ տարվա դեկտեմբերի տասին: Ծրագիրը խթանում է ձեռնարկատիրությունը և ձեռնարկատիրական մշակույթը, բարելավում է ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիությունը և նպաստում է ՓՄՁ-ների մրցունակությանը։

Կարևոր է նաև «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որով խրախուսվում է «Բաց երկնքի քաղաքականությունը»: Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև վիզայի ազատականացման քաղաքականությունը` հուսալով, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները ևս հնարավորություն կունենան առանց վիզայի ԵՄ երկրներ ճանապարհորդելու համար: Այսպիսով, տեսնում ենք, որ շատ ոլորտներում ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում սերտացնել կապերը ՀՀ-ի հետ և չի կտրում ՀՀ-ն դեմոկրատական աշխարհին կապող պորտալարը: Ըստ էություն քիչ բան կփոխվի Ասոցացման համաձայնագրի բովանդակության մեջ, միայն փոխվել է այն փաթեթավորելու տարբերակը, որն ավելի քիչ ուշադրություն կգրավի և ռուսական կողմն այլևս պատրվակ չի ունենա խափանելու այն:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում