Արամ Առաջինը Լիբանանում ընդունել է օտարերկրյա ուսանողների
Նմանատիպ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հունվարի 21-ին ընդունել է ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի և Շվեցարիայի տարբեր համալսարանների աստվածաբանության ուսանողներին, ովքեր այցելել էին Լիբանան Միջին Արևելքի եկեղեցիներին ծանոթանալու նպատակով: Ուսանողների կողքին հանդիպմանը ներկա էին նրանց դասախոսները: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:
Վեհափառ Հայրապետը հանդիպման ընթացքում պատմական ակնարկ է կատարել Միջին Արևելքի վերաբերյալ և անդրադարձել միաստվածության կրոններին և դրանց կապին տարածաշրջանի հետ: Այս համատեքստում նա ընդգծել է քրիստոնեություն-իսլամ երկխոսության և համագոյակցության կարևորությունը: Նորին Սրբությունը լայնորեն ներկայացրել է Հայ եկեղեցին` դրվածքն ու աստվածաբանությունը, ինչպես նաև անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ունեցած կարևոր դերակատարությանը շրջանի և միջեկեղեցական շարժումներում:
Ավարտին Արամ Առաջինը պարզաբանող հայտարարություններ է տվել իրեն ուղղված աստվածաբանական, միջեկեղեցական և պատմական հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում