Հարութ Սասունյանն անդրադարձել է Քըրքորյանի կտակի վերաբերյալ հրապարակումներին

Հարութ Սասունյանն անդրադարձել է Քըրքորյանի կտակի վերաբերյալ հրապարակումներին

Հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի կտակը գաղտնիության պայմաններում չի պահվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով հայկական մամուլում բարերարի կտակի վերաբերյալ տարբեր հրապարակումներին: «Պարոն Քըրքորյանը իր ողջ հարստությունը թողել է բարեգործության համար, սակայն որևէ հատուկ անուն չի նշել: Անշուշտ, կա կտակարար, և, երբ կգա ժամանակը, նա կսկսի որոշել, թե որ բարեգործական ընկերակցությանն որքան գումար է հասնելու ու որ ծրագրի համար: Հիմա դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ հարցեր կան լուծելու, ինչը բավականին ժամանակ կխլի: Հավանաբար, մի տարի հետո կտակարարը կսկսի որոշել»,- ասել է Սասունյանը:

Հարութ Սասունյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները, հավելել է, որ խոսքն այս դեպքում գնում է ոչ թե նախկին ծրագրերի շարունակության, այլ նոր ծրագրերի մեկնարկի մասին: «Նոյեմբերի վերջին Միացյալ հայկական հիմնադրամը վարչության ցանկությամբ փակվեց: Այդ հիմնադրամը, որում ես 26 տարի նախագահել եմ և հիմնադիրն եմ, Հայաստան է առաքել 720 միլիոն դոլարի հումանիտար օգնություն ծովային ճանապարհով և օդանավով: Այդ աշխատանքը դադարեցվել է, և քանի որ մեր ժողովուրդը կարիք ունի նման օգնության, ես հաջորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին, բացել եմ նոր հիմնադրամ, որը կոչվում է «Հայաստան-Արցախ»: Հիմնադրամը Հայաստանի ժողովրդին կտրամադրի այն ամենը, ինչով հնարավոր կլինի օգնել՝ կլինի դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար խաղալիքներ, գրադարանների համար գրքեր, համալսարանների և դպրոցների համար համակարգիչներ: Նույն բանն անում ենք նաև Արցախում»,- ասել է Սասունյանը:

Նա ընդգծել է, որ առաջիկայում աշխատանքներ կիրականացվեն նաև սիրիահայերին աջակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում