2015թ-ը հակասական տարի Եվրոպա-Ադրբեջան հարաբերություններում

2015թ-ը հակասական տարի Եվրոպա-Ադրբեջան հարաբերություններում

Ինչպես անցնող բոլոր տարիներին 2015թ-ին ևս միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հանդես եկան քննադատական զեկույցներով և հայտարարություններով՝ ուղղված ադրբեջանական իշխանություններին և նրանց կառավարման ոչ դեմոկրատական ձևին: Սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգություններն ու կոչերը սովորաբար անպատասխան էր մնում Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք կարծես թե այլևս մտահոգված չեն ոչ երկրի ներսում և ոչ էլ երկրի սահմաններից դուրս հեղինակության անկումից: Այս ամենը հանգեցրել էր ալիևյան դինաստիայի սանձարձակությանը: Ադրբեջանում տիրող ամենաթողության մթնոլորտը դրսևորվում էր ոչ միայն տեղացի լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներով և բանտարկություններով, այլև սահմանում մարտերի հրահրմամբ և կոնֆիլկտի թեժացմամբ: 2015թ-ը թերևս յուրահատուկ էր նրանով, որ միջազգային կազմակերպություններում սկսեցին խոսել ոչ միայն Ադրբեջանին նախազգուշացնելու բանավոր կամ գրավոր տարբերակների մասին, այլև լրջորեն շրջանառվեց պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Ադրբեջանական տնտեսությունը, որը նավթի գների անկման և մանաթի անկման հետևանքով ծանր դրության մեջ է հայտնվել, գուցե սթափության նշաններ ցույց տա, երբ հայտարարություններին հաջորդեն ծանրակշիռ հետևանքներ հետապնդող գործողություններ: Այս տեսանկյունից հատկանշական էր ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի հիման վրա ընդունված Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևը: Երկար տարիների ընդմիջումից հետո հայկական կողմին հաջողվեց զեկույցի բովանդակությունից դուրս հանել ոչ հայանպաստ դիրքորոշումները: Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ են դարձել 2001թ-ից, սակայն այս տարիների ընթացքում այս կառույցը դարձել էր ադրբեջանական պատվերների հարթակ, որտեղ հաջողությամբ ընդունվում էին հակահայկական բանաձևեր, դրական գնահատականներ էր տրվում Ադրբեջանում անցկացվող ընտրություններին, լեգիտմացնում Ալիևի իշխանության հիմքերը: Եվ 14 տավա անդամակցությունից հետո, սա այն եզակի դեպքերից էր, երբ հայկական կողմին հաջողվել էր բանաձևից դուրս հանել Ադրբեջանի պատվիրված տողերը:

Արձանագրված փոքրիկ հաջողությանն ի պատասխան նոյեմբերի առաջին շաբաթում Փարիզում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը հավանության էր արժանացել հանձնաժողովում և այն կներկայացվի 2016թ․-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։ Զեկույցի ակունքները հասնում են դեռևս 2014թ-ի հոկտեմբեր ամիսը, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը և այդ խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով հայտնի է ԵԽԽՎ-ում` որպես ադրբեջանական շահերի ներկայացուցիչ: Ուլթերի ընտրության հարցն արդեն իսկ կասկածելի էր. նա 35 կողմ, 32 դեմ և 3 անվավեր ձայներով դարձավ զեկուցող։ Բրիտանացի այս պահպանողական պատգամավորը ԵԽԽՎ-ում ադրբեջանական իշխանությունների կարկառուն պաշտպաններից է։

Միանգամայն այլ պատկեր է առկա ԵՄ-Ադրբեջանի հարաբերություններում: Երկար տարիներ ԵՄ-ն Ադրբեջանին դիտարկում էր, որպես ռուսական գազից կախվածությունը թուլացնելու այլընտրանքային աղբյուր և հաճախ մեղմ էր վերաբերվում այդ երկրում կատարվող բռնություններին, մարդու իրավունքների խախտումներին և մնացած սահմանափակումներին: Սակայն 2015թ-ին ԵՄ-ի քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն է նկատվում: ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ անընդունելի են համարում այդ երկրում տիրող իրավիճակը և նույնիսկ խոսում են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Եվրախորհրդարանի աշնանային նստաշրջանի եռօրյա նիստերը եզրափակվեցին Ադրբեջանի նկատմամբ քննադատողական բանաձևի ընդունմամբ: Շուրջ վեց էջից բաղկացած փաստաթուղթը, որի հեղինակը Եվրախորհրդարանում Լիբերալ-դեմոկրկրատական խմբակցությունն էր (ALDE), հանգամանորեն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերին, քաղբանտարկյալների հիմնահարցին, օրեցօր աճող ատելության հռետորաբանությանը, փոքրամասնությունների նկատմամբ անհադուրժողական վերաբերմունքին, իշխանական համակարգում տիրող կոռուպցիայի բարձր մակարդակին:

2015թ-ի բանաձևը չենք կարող աննախադեպ համարել, քանի որ գրեթե ամեն տարի ԵՄ-ն Ադրբեջանի վերաբերյալ ընդունել է քննադատության բարձր չափաքանակ պարունակող բանաձևեր, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, առաջին անգամ է, որ խոսվում է սանկցիաների կիրառման, համագործակցությունից հրաժարման մասին: Այսինքն` առաջին անգամ է ԵՄ-ն ոչ ազդեցիկ կոչեր անելուց բացի դիմում է գործնական քայլերի, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հետագա զարգացման վրա: Հատկապես ուշագրավ են որոշ հոդվածներ, որտեղ կոչ է արվում է Ադրբեջանի իշխանություններին վերսկսել համագործակցությունը տարածաշրջանային կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ-ի հետ: Վեհաժողովը կոչ է անում ԵՄ պաշտոնյաներին՝ մանրամասն հետաքննություն անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված, որոնք բացահայտվել են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի աշխատանքի շնորհիվ։

Սա կարելի է որակել առաջին դեպքը, երբ ԵՄ-ի` նման բարձր հարթակից մեղադրանք է ներկայցվում Ալիևին և նրա կոռումպացված ընտանիքին: Առայժմ այս բանաձևին չի հաջորդել գործողություններ, սակայն գոնե թե հռետորաբանության փոփոխման տեսանկյունից առաջընթաց քայլ կարող ենք համարել: Բանաձևում կոչեր էր հնչել Եվրոպական կառույցնրին դիտորդական առաքելություն չուղարկել նոյեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանակն ընտրություններին: ԵՄ-ի այս կոչին ականջալուր եղան գրեթե բոլոր բոլոր եվրոպական կառույցները բացառությամբ ԵԽԽՎ-ից:

Սկանդալային միջադեպ տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի և ադրբեջանական իշխանությունների միջև: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԺՀՄԻԳ-ից պահանջել էր նախատեսված 400 դիտորդներից ավելի քիչ մարդ ուղարկել Ադրբեջանն: Նա անընդունելի էր համարել, որ Ադրբեջան ուղարկվի այնքան դիտորդ, որքան ուղարկվում է 100 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրներ: Ի պատասխան ԵԱՀԿ-ն նշեց, որ դիտորդներ չի ուղարկի ադրբեջանական ընտրություններին: «Այդ պատճառով էլ կառույցն ստիպված էր չեղարկել նախատեսված առաքելույթյունը։ Կարծում եմ, որ եթե մեր գործընկեր ԺՀՄԻԳ-ին թույլ չեն տալիս հետևել Ադրբեջանի ընտրությունների ընթացքին, մենք ևս դա չենք անի»,- հայտարարել էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան:

Ի տարբերություն եվրոպական կառույցների արհամարհանքին, ԵԽԽՎ ներկայացուցիչները գոհունակություն հայտնեցին Խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ մեկ անգամ ևս լեգիտիմացնելով Ալիևի վարչակարգի գործունեությունը: Այսպիսով 2015թ-ը ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում սառեցման տարի էր: Բացառությամն Եվրոպայի խորհրդի մնացած եվրոպական կառույցները հանդես են եկել քննադատությամբ և դատապարտել Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը: ԵՄ-ն սկսում է գիտակցել ինչ տեսակ երկրի հետ էր փորձում գործարքի մեջ մտնել և ուշացումով ձգտում է ուղղել անցյալի սխալներն ու բացթողումները:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում