Պատգամավորը վստահ է` Իրանի համար ՀՀ-ի հետ հարաբերությունները կշարունակեն լինել գերակա

Պատգամավորը վստահ է` Իրանի համար ՀՀ-ի հետ հարաբերությունները կշարունակեն լինել գերակա

Իրանի լարված հարաբերությունները սուննիական աշխարհի հետ ստեղծում են իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները Իրանի համար կշարունակեն լինել գերակա ուղղություններից մեկը: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` մի քանի ամիս առաջ, երբ Իրանի հանդեպ պատժ ամիջոցների վերացման հարցն էր քննարկվում, թվում էր, թե Հայաստանը լինելու է Իրանի բազմաթիվ գործընկերներից միայն մեկը, բայց զարգացումները, որոնք սկիզբ առան Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մահապատժից հետո, էապես փոխեցին իրավիճակը: «Սուննիական աշխարհը գնաց Իրանի հետ բավականին կոշտ հակամարտության, այդ պետություններից շատերը բոյկոտեցին տնտեսական հարաբերություններն Իրանի հետ: Այն, որ Թուրքիան իր ոչ օբյկետիվ դիրքորոշմամբ հանդես եկավ Իրանի ու Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտում, դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հարաբերություններն Իրանի ու Թուրքիայի միջև հեռանկարային առումով լինելու են խնդրահարույց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` այս պայմաններում Հայաստանը կունենա մեծ հնարավորություններ` իրականացնել տարբեր ժամանահատվածներում մատնանշված ծրագրերը, որոնց իրականացումն Իրանի սանկցիաների պատաճառով հետաձգվում էր: «Դրանից ամենակարևորը չորս երկրների` Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի ու Վրաստանի միջև էլեկտրաէներգետիկ կամրջի ստեղծումն է: Հայաստանը, գտնվելով կենտրոնում և ունենալով դեռ չօգտագործված գեներացնող մեծ հզորություններ, կարող է իր վրա վերցնել դիսպետչերի պարտականությունները, այսինքն` պակասող էներգիան, որ կա հյուսիսում ու հարավում, ինքը գեներացնի: Միաժամանակ սա էլեկտրաէներգիայի առումով ճեղքում է այն շրջափակումը, որ երկու տասնամյակ իրականացնում են մեր երկու հարևանները»,-ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ծրագրին` Գագիկ Մինասյանը նկատեց, որ դրա վերջնական շահագործումից հետո, պարսկական ապրանքները լավ պայմաններում կհասնեն սևծովյան նավահանգիստներ, ինչը ևս երկու երկրների հարաբերություններում կարևոր խթան կլինի:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկագծի կառուցմանը, ապա Գագիկ Մինասյանը շեշտեց, որ դա Իրանի համար թանկ, բայց երկարաժամկետ շահ ապահովող գործարք կլինի: «Այս ծրագրին այլընտրանք է Ադրբեջանով անցնող երկաթգիծը, որը չափազանց ավելի էժան է, քան հայկական նախագիծը: Բայց հաշվի առնելով այն իրողությունը, որ Իրանն ունի երկար պատմություն ու գիտի` ինչ են կարճաժամկետ ու երկարաժամկետ շահերը, հստակ պատկերացնում է, որ, լինելով տարանցիկ երկիր, Ադրբեջանը կարող է պայմաններ թելադրել Իրանի համար չափազանց անհարմար պայմաններով»,- նկատեց պատգամավորը: Նրա դիտարկմամբ` Իրանը երկար պետք է ծանրութեթև անի` գնալ էժան ու կարճաժամկետ շահ ապահովող ճանապարհով, թե կարևորել երկարաժամկետ շահը, որը հնարավոր կլինի իրագործել ավելի շատ ռեսուրսների հաշվին:

Գագիկ Մինասյանը հույս հայտնեց նաև, որ առաջիկայում Իրանն իր հավասարակշռված տեսակետը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման առումով կյանքի կոչելու ավելի մեծ հնարավորություն կունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում