Հայ տենորն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն թատրոններից մեկի մշտական հրավիրյալ դերասանների ցանկում

Հայ տենորն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն թատրոններից մեկի մշտական հրավիրյալ դերասանների ցանկում

Լիպարիտ Ավետիսյանն ընդգրկվել է Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի մշտական հրավիրյալ դերասանների ցանկում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ալեքսանդր Սպենդյարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

«Սա նշանակում է, որ մնալով հարազատ Ալեքսանդր Սպենդյարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տենոր, պայմանագիր ունեմ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի հետ: Եթե միայն մեկ տարեշրջանի ընթացքում մոտ տասն անգամ կատարվելու է «Մանոնը», և օրինակ վեց անգամ ինձ են հրավիրելու կատարելու դե Գրիյոյի դերը, ես կմեկնեմ Մոսկվա, կատարեմ, վերադառնամ հայրենիք: Եվ անհրաժեշտություն չկա, որպեսզի ես Մոսկվայում մնամ և սպասեմ իմ ներկայացմանը», – նշեց Լիպարիտ Ավետիսյանը:

Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի բեմում հունվարի 29-ի երեկոյան տեղի ունեցավ «Մանոն» օպերայի առաջնախաղը, որտեղ գեղեցկուհի Մանոն Լեսկոյին անձնվեր սիրող ասպետ դե Գրիյոյին մարմնավորում է Լիպարիտ Ավետիսյանը: Լատվիացի ռեժիսոր Անդրեյս Ժագարսը 1731 թ. աբբահայր Պրևոյի վեպի բեմականացման մեջ դեպքերը տեղափոխել է անցած դարի 60-ական թվականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում