Առողջապահության ոլորտում կսահմանվի «Էմիլ Գաբրիելյան» մրցանակ

Առողջապահության ոլորտում կսահմանվի «Էմիլ Գաբրիելյան» մրցանակ

Ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվամբ հատուկ մրցանակ կսահմանվի: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հունվարի 31-ին առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչները, ընկերներն ու մերձավորները նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ Էմիլ Գաբրիելյանի 85-րդ տարեդարձի օրը ծաղկեպսակ դրեցին ականավոր բժիշկ-գիտնականի հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ:

«Հիշարժան օր է, լրանում է մեր ուսուցչի 85-ամյակը: Էմիլ Գաբրիելյանի հիշատակը վառ է մեր սրտերում, անվանի գիտնական, բժշկապետի գաղափարներն այսօր ևս իրենց արտացոլումն են գտնում մեր առողջապահական համակարգում»,- ուղղելով իր խոսքը ներկաներին` նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ընտանիքի աջակցությամբ կսահմանվի «Էմիլ Գաբրիելյան» մրցանակը, որը շնորհվելու է լավագույն մարզային կենտրոնին, լավագույն ուսանողին, գիտնականին և բազմապրոֆիլ բուժհիմնարկին բարձր կազմակերպվածության, գործին նվիրվածության և արհեստավարժության համար:

«Այսօր այս բազմության հավաքն այստեղ վկայում է, որ Էմիլ Գաբրիելյանը մեր սրտերում է` ոչ միայն որպես անվանի գիտնական, այլև վառ անհատականություն, ուսուցիչ, որը մեծ հետք թողեց բժշկագիտության զարգացման մեջ»,- հավելեց Արմեն Մուրադյանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացված հանդիսավոր միջոցառման ընթացքում ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք…» փաստագրական ֆիլմը, որը ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումնէր:

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հպարտորեն կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի պատվավոր անունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում