ԵԽԽՎ-ում քննարկված հակահայկական բանաձևերի նպատակը ԵԱՀԿ ՄԽ գործունեության ստվերումն էր. Գալուստ Սահակյան
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկված երկու հակահայկական բանաձևերը յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ հեղինակավոր կառույցի համար: Ազգային ժողովի նիստի մեկնարկին իր ելույթում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձեւերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաեւ ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սահակյանը:
Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ բանաձևերի քննարկումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, որում ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափը հենց Մինսկի խումբն էր: «Նրանք կոչ էին արել չձեռնարկել քայլեր, որոնք վտանգել բանակցային գործընթացը»,- հավելեց Սահակյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության նիստի ընթացքում էլ ընդունվել է հայտարարություն, որում հստակ սահմանված է, որ Եվրախորհրդարանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որը հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է:
Գալուստ Սահակյանը նկատեց, որ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկումներից առաջ և դրանց ընթացքում ծավալվող իրադարձությունները ցույց են տվել, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարևոր զենք է, որից կարելի է օգտվել: «Եվ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն մեր պատվիրակության անդամներին, այլ այն պատգամավորներին, ովքեր պատվիրակության անդամ չեն, սակայն մեծ աշխատանք են կատարել, որպեսզի այդ բանաձևերի ընդունումը ձախողվի»,- ասաց Սահակյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում