Թուրքիան ինտենսիվորեն պատրաստվում է ռազմական ներխուժմանը Սիրիայի տարածք. ՌԴ ՊՆ (տեսանյութ)

Թուրքիան ինտենսիվորեն պատրաստվում է ռազմական ներխուժմանը Սիրիայի տարածք. ՌԴ ՊՆ (տեսանյութ)

«Բաց երկնքի» պայմանագրի շրջանակում Ռուսաստանը պլանավորել էր փետրվարի 1-ից 5-ը  Թուրքիայի տարածքով դիտորդական թռիչքներ իրականացնել, որի հետ կապված նախնական համաձայնություն Թուրքիայի կողմից եղել էր: Ըստ այդմ՝ երեկ ռուսական դիտորդական խումբը ժամանել է թուրքական Էսկիշեհիր օդակայան և ելնելով պայմանագրից երթուղի պահանջել: Սակայն Թուրքիայի պաշտպանության նախարարության  ներկայացուցիչները հրաժարվել են  թռիչքների իրականացումից Սիրիային հարակից տարածքներում, ինչպես նաև  օդակայանների վրայով, որտեղ  կենտրոնացված է ՆԱՏՕ-ի ավիացիան: Ընդ որում, առանց որևէ հիմնավոր բացատրության:  Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ի գիտություն ՆԱՏՕ-ի և Պենտագոնի   ներկայացուցիչների, որոնք մշտապես և ամեն ինչում սոլիդար են Թուրքիայի հետ,  հիշեցրել է, որ նախորդ տարվա ընթացքում  «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակում  ՌԴ-ի տարածքով  արևմտյան  ներկայացուցիչների կողմից կատարվել է 32 թռիչք նրանց իսկ առաջարկած երթուղիով, որից 4-ն իրականացրել են Թուրքիայի  ներկայացուցիչները՝ 2-ն ամերիկյան զինվորականների հետ համատեղ:

«Որևէ դիտողություն ՌԴ-ի կողմից  անօրինական ռազմական գործողության վերաբերյալ չի արձանագրվել»,-ընդգծել է պաշտոնյան:

Կոնաշենկովը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն Թուրքիայի կողմից «Բաց երկնքի» պայմանագրի պահանջների խախտումը թողնել առանց համապատասխան արձագանքի:

Ըստ նրա՝ նմանօրինակ քայլերը ՆԱՏՕ-ի անդամ երկրից, բնավ չեն նպաստում  Եվրոպայում անվտանգության և վստահության ամրապնդմանը:

«Թուրքիայի այս գործողությունները գնահատում ենք Սիրիայի սահմանին անօրինական ռազմական գործողությունների   քողարկման  վտանգավոր փորձ: Ավելին, մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու,  որ Թուրքիան ինտենսիվորեն նախապատրաստվում է ռազմական ներխուժմանը սուվերեն պետության տարածք՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն»,-շեշտել է Կոնաշենկովը:

Այստեղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է իրենց ներկայացրած  տեսագրության մասին, որում պատկերվում է Սիրիայի բնակելի թաղամասերի հրետակոծությունը թուրքական սահմանային դիրքերից, մասնավորապես՝ Լաթաքիայի հյուսիսում:

Կոնաշենկովը Թուրքիային ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ՌԴ-ի ռազմական գերատեսչությունն ուժեղացրել է տարատեսակ հետախուզությունները մերձավորարևելյան տարածաշրջանում:

«Ուստի եթե որևէ մեկն Անկարայում մտածում է, որ ռուսական դիտորդական թռիչքների չեղարկումը թույլ կտա ինչ-որ բան թաքցնել, ապա դա ոչ պրոֆեսիոնալ է»,-նշել է նա և ներկայացրել թուրք-սիրական սահմանին Անկարայի սադրիչ գործողությունների ևս մի քանի ապացույց:

Անդրադառնալով  Սիրիայում ռուսական ավիախմբի գործողություններին, Կոնաշենկովը տեղեկացրել է, որ փետրվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում  ՌԴ օդատիեզերական ուժերը կատարել են 237 մարտական թռիչք՝ թիրախավորելով ԻՊ-ի 875 օբյեկտ: Միաժամանակ Հալեպի շրջանում  սիրիական կառավարական ուժերն Ազատ բանակի հետ միասին հետ են մղել ահաբեկիչներին իրենց դիրքերից և հանել 4-ամյա շրջափակումից Նուբուլ և Ալ-Զահրա բնակավայրերը:

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, թե  սիրիական ընդդիմությունից տեղեկություն է ստացվել, որ Իդլիբում «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների զինյալները դեռահասների խումբ են ձևավորել, անցկացվել է վերապատրաստման հատուկ կուրս: «Կուրսանտներից» ամենամեծը 16 տարեկան է, ամենակրտսերը՝ 14: Դեռահասների խումբը պետք է «օգտագործվեր» Դամասկոսում, Լաթաքիայում և Հոմսում խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունների իրականացման գործում:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում