Խմբակցությունները որոշել են ՄԻՊ-ի իրենց թեկնածուներին

Խմբակցությունները որոշել են ՄԻՊ-ի իրենց թեկնածուներին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը մեկ ժամ տևած քննարկումից հետո հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը: Հանրապետականները հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունը:

Արման Թաթոյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տվել է իր համաձայնությունը: «Այո, Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը որոշել է ինձ առաջադրել օմբուդսմենի պաշտոնում»,-ասաց Թաթոյանը` նշելով, որ կարող է լինել անկաշկանդ իր գործունեության մեջ ընտրվելու դեպքում. «Ես համզոված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին` օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան»:

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կպաշտպանի պատգամավոր Զարուհի Փոտանջյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Մենք քննարկել ենք հարցը, խոսել ենք նաև տիկ ին Փոստանջյանի հետ: Մեր խմբակցությունը որոշում է կայացրել, որ հանձնաժողովում առաջարկելու և պաշտպանելու ենք Զարուհի Փոստաջյանի թեկնածությունը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` Զարուհի Փոստանջյանը սկզբունքային քաղաքական գործիչ է, բացի այդ` կին է, իսկ դրանով լուծում կտրվի գենդերային հարցերի: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ ընդգծեց, որ Փոստանջյանը երկար տարիներ աշխատանք է տանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` համագործակցելով քաղաքացիական հասարակության հետ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին.«Երեկ խմբակցությունում մենք քննարկել ենք հարցը ու որոշել առաջադրել Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Միգուցե նրա անունը ձեզ շատ բան չի ասում, բայց նա շատ պրոֆսիոնալ երիտասարդ է, ով միջազգային կառույցներում աշխատելու փորձ ունի: Նրանք են, որ կարող են հավուր պատշաճի իրականացնել մեր երկրի գլխավոր իրավապաշտպանի գործունեությունը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ հայտնեց, որ ինքը Փոստանջյանին անձամբ խոստացել է քվեարկել նրա օգտին, եթե նա լինի թեկնածուների շարքում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ինքը կողմ է ՄԻՊ-ի պաշտոնում տեսնել Զարուհի Փոստանջյանին, բայց դեռ չեն որոշել մասնակցելու են քվեարկությանը, թե ոչ:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՄԻՊ-ի իրենց  թեկնածուների մասին դիմումները հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում