Պուտինն Էրդողանի հետ շփումներ չի անցկացրել և նոր շփումներ չի ծրագրում. Պեսկով

Պուտինն Էրդողանի հետ շփումներ չի անցկացրել և նոր շփումներ չի ծրագրում. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ շփումներ չի անցկացրել եւ նոր շփումներ չի ծրագրում:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այսօր Մոսկվայում լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Որեւէ շփում չի եղել: Ինձ հայտնի չէ այն մասին, որ ինչ-որ շփումներ ծրագրվում են», -ասել է նա:

Դրանից առաջ, փետրվարի 1-ին լրագրողներին հետ զրույցում Պեսկովն ասել էր, որ Էրդողանը ինքնաթիռի միջադեպը քննարկելու համար դիմել էր Պուտինին եւ հունվարի վերջին այդ մասին Պուտինը տեղեկացվել էր:

Փորձագետների կարծիքով` մոտ ժամանակում կողմերի միջեւ հանդիպում չծրագրվելու մասին Պեսկովի հայտարարությունը Էրդողանի առաջարկը Պուտինի կողմից մերժվելու իմաստ է կրում:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ որեւէ հանդիպում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ չի ծրագրվում: Դիվանագետը հավելել է, որ ռուսաստանյան կողմը ոչինչ չի արել այն բանի համար, որպեսզի ռուս-թուրքական հարաբերությունները վատանան:

«Ամեն ինչ Անկարայից է գալիս, ցավոք, դա խիստ ապակառուցողական է», -հավելել նա:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հունվարի 29-ին ՌԴ ՍՈւ-34 ինքնաթիռը խախտել է թուրքական օդային տարածքը: Էրդողանն ԱԳՆ-ի միջոցով Վլադիմիր Պուտինին առաջարկել էր հանդիպել եւ քննարկել միջադեպը:

Ռուսաստանյան կողմն անմիջապես հերքել էր իր ԶՈւ կողմից թուրքական օդային սահմանը խախտելու վերաբերյալ Անկարայի հայտարարությունը:ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ճգնաժամի են ապրում այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Անկարան պնդում է, որ Սու-24-ը մտել էր իր օդային տարածքը: ՌԴ-ի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ինքնաթիռը չի հատել սահմանը, ինչը հաստատում է սիրիական հակաօդային պաշտպանությունը: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով մի ջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում