Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը: Այս համատեքստում կողմերն արժեւորել են խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը, բարեկամական խմբերի միջեւ շփումները եւ խոսել առաջիկա համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ:

Պարոն Շարմազանովը նշել է, որ իր հերթին կանի հնարավորը հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել բարեկամ Արգենտինայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ԼՂ հիմնախնդրի հարցում ունեցած հավասարակշռված դիրքորոշման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը, երկկողմ հարաբերությունների առավել սերտացման հարցում արգենտինահայ համայնքի ունեցած դերակատարությանը եւ այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում