Իջեցվել է SOCAR-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը

Իջեցվել է SOCAR-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը

Վարկային վարանիշերի Standart & Poor`s ծառայությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը BB մակարդակից իջեցրել է BB+` «կայուն» մակարդակի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ, որում նշվում է, որ ծառայությունը BB-ից BB+ մակարդակի է իջեցրել ադրբեջանական ընկերության առաջնային անապահով պարտքի գծով վարկանիշը եւս:

SOCAR-ի վարկանիշի իջեցումը հետեւել է նախօրերին Standart & Poor`s-ի կողմից Ադրբեջանի ինքնիշխան վարկային վարկանիշի իջեցմանը «աղբային»` BB+ մակարդակի: Դրա հետ միասին Standart & Poor`s-ը Ադրբեջանի համար 2016 թվականին տնտեսության 1 տոկոս կրճատում է կանխատեսում: Այդ կանխատեսումը կիսում է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը:Գործակալությունը գտնում է, որ Ադրբեջանի բյուջետային դեֆիցիտը շարունակվելու է նվազագույնը մինչեւ 2018 թվականը:

Նշում է, որ վերջին 18 ամիսներին Ադրբեջանի կենտրոնական բանկի պահուստի երկու երրորդով կրճատվելը մեծացրել է երկրի էկոնոմիկայի համար արտաքին ռիսկերը: Դրա հետ միասին գործակալության փորձագետները գտնում են, որ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի դոլարային համարժեքը առաջիկա երեք տարում երկու անգամ կկրճատվի:

Գործակալությունը նաեւ զգուշացնում է, որ Ադրբեջանի կառավարությունը «կարող է սոցիալական կայունությունը պահպանելու ջանքերի հետ դժվարություններ ունենալ ծախսերը վերահսկողության տակ պահելու մեջ եւս»:Ենթադրվում է, որ Standart & Poor`s-ից հետո Ադրբեջանի վարկային վարկանիշը կիջեցնի նաեւ Moody գործակալությունը: Իսկ դա իր հերթին կնշանակի, որ Ադրբեջանն այսուհետև միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի մեծ տոկոսներով:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչները հունվարի 28-ից փետրվարի 3-ը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել են այդ երկրին 4 մլրդ դոլար վարկ տալու մասին հարցը, սակայն, դրանք անակնկալ կերպով ավարտվել են: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել են, որ վարկ վերցնելու մասին խոսք չկա, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վարկի տոկոսների հարցում համաձայնության չի եկել միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում