«Հրապարակ». Դեսպանների փոխատեղումները ուշանում են

«Հրապարակ». Դեսպանների փոխատեղումները ուշանում են

«Թեև դեսպանների փոխատեղումների մասին խոսվում էր նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն դիվանագիտական կորպուսում դեռ լուռ է: Մենք հայտնել էինք, որ փոխվելու են Չինաստանի, Սինգապուրի, Մոնղոլիայի, նաև Բուլղարիայի, բալթյան երկրների և Կենտրոնական Եվրոպայի մի շարք դեսպաններ։ Կան պետություններ, որտեղ մեր դեսպանները պաշտոնավարում են բավականին երկար տարիներ։ Իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը սահմանում է քառամյա ժամկետ՝ նույն պաշտոնում աշխատելու համար։

Այժմ փոփոխությունների ուշանալը դիվանագիտական ոլորտում կապում են ձևավորվելիք կոալիցիայի հետ, ասում են, թե հնարավոր է ՀՅԴ-ին դեսպանների պաշտոններ էլ տան, սպասում են գլխավոր հարցը լուծվի, Նոր փոփոխություններ անեն։ Առայժմ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնն ստանձնած Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Չինաստանում դեսպան Արմեն Սարգսյանին, կտեղափոխեն այլ երկիր։ Նրան առաջարկվել է Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, և նա համաձայնել է։ Մեզ հասած տեղեկություններով՝ Չինաստանում դեսպան կնշանակվի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը։ Վերջինս մինչև ԱԳ նախարարի տեղակալ Նշանակվելը դեսպան է աշխատել նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում, Օմանում, Բուլղարիայում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում