Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը թույլ է տալիս հասկանալ դպրոցի ուժեղ և թույլ կողմերը

Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը թույլ է տալիս հասկանալ դպրոցի ուժեղ և թույլ կողմերը

Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը թույլ է տալիս ծնողներին հասկանալ այս կամ այն դպրոցի ուժեղ և թույլ կողմերը: Այս մասին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփմանը փետրվարի 5-ին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը վերջին տարիներին ստեղծված և կատարելագործված կարևորագույն գործիքներից մեկն է հասարակության, մանկավարժական հանրույթի և նախարարության համար: Այն օգնում է, որ չափելի, շոշափելի, արժանահավատ չափանիշներով կարողանանք համեմատել համեմատելին: Դպրոցները տարբեր են: Հետևաբար` մենք բաշխել ենք դպրոցներն ըստ իրենց հիմնական չափանիշների և համեմատել ենք միևնույն խմբում եղած դպրոցները` խոշոր քաղաքային, բուհական, մասնավոր, ավագ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ ԿԳ նախարարի խոսքով` այս տեղեկատվությունը կարևոր է ծնողների համար` հասկանալու դպրոցի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև մանկավարժների և տնօրենների համար, որպեսզի կարողանան հասկանալ, թե որտեղ է դպրոցի խնդիրը կամ մրցակցային առավելությունը:

«Այն կարևոր է նաև նախարարության համար` խրախուսելու լավագույններին, նաև աջակցելու մնացածներին: Վարկանիշները պետք չէ սիրել, հավանել, չհավանել: Մենք չենք հավակնել ստեղծել կատարյալ մեթոդաբանություն, որովհետև այդպիսին չկա: Դպրոցական վարկանիշավորման համակարգեր կան քիչ երկրներում»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:

Քաղաքային մեծ և միջին հիմնական դպրոցների ցանկում առաջին եռյակում են ընդգրկվել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20, Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 ուսումնական հաստատությունները: Քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների ցանկում առաջատար են Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1, Մարալիկի թիվ 1, Վանաձորի Ա.Խլղաթյանի անվան թիվ 18 ուսումնական հաստատությունները:

Ոչ պետական դպրոցների առաջին եռյակում են Երևանի «Քվանտ» վարժարանը, «Այբ» կրթական հիմնադրամ հանգույցը, Վաղարշապատի Մ.Ա.Ս. Էջմիածնի Էօրնեկեանի անվան միջնակարգ դպրոցը:ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը:

2013 թվականին մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ցուցանիշները, դրանց կշիռները և հաշվարկի միավորային համակարգը վերջնական տեսքի են բերվել 2013 և 2014-ին իրականացված փորձարկման և  դպրոցների և այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում: Վարկանիշավորման արդյունքերը ներկայացվում են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով: Ինչպես և փորձնական վարկանիշավորման առաջին երկու տարում, վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքները նույնպես ներկայացվում են առանձին schoolrate.armedu.am կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ` իրենց համար նախընտրելի չափանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում