Թուրքիայի նախագահի խոսնակը մեղադրել է Պուտինին Էրդողանից խուսափելու մեջ

Թուրքիայի նախագահի խոսնակը մեղադրել է Պուտինին Էրդողանից խուսափելու մեջ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեղադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանից խուսափելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

«2016 թվականի հունվարի 29-ին ռուսական կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելուց հետո մեր նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցի առաջարկ էր արել, սակայն ռուսական կողմը դրական պատասխան դեռևս չի տվել: Դա ուզած-չուզած առաջացնում է մի հարց, թե ինչու է Պուտինը մեր նախագահից փախչում»,– ասել է Քալընը:

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, թե Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական զինուժի թիրախը ոչ թե ԻՊ-ն է, այլ սովորական քաղաքացիները:

Թուրքիայի ԱԳՆ-ն հունվարի 30-ին կրկին իր մոտ էր կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպանին` կապված ռուսական ինքնաթիռի կողմից հունվարի 29-ին թուրքական օդային սահմանը խախտելու նոր դեպքի տեղեկատվության հետ:

ՌԴ պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքել է այդ լուրը` հայտնելով, որ Սիրիայում ռուսական ավիացիոն խմբի ոչ մի ինքնաթիռ Թուրքիայի օդային սահմանը չի խախտել: Ռուսական կողմը պաշտոնական Անկարայի այս հայտարարությունն անվանել է «անհիմն քարոզչություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում