Գազի սակագնի նվազեցման բանակցությունները նախաձեռնողներն ունեն դրա բոլոր հիմքերը

Գազի սակագնի նվազեցման բանակցությունները նախաձեռնողներն ունեն դրա բոլոր հիմքերը

Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու մասին բանակցությունների սկսման համար կան բավարար հիմքեր: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Բանակցությունների մանրամասներին տեղեկացված չեն, տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլն է ներկայացնում: Միաժամանակ, կարծում եմ, որ կան մատակարարվող գազի գինը նվազեցնելու հիմքեր: Նրանք, ովքեր նախաձեռնել են գինը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները, ունեն բավարար հիմքեր և տեսնում են դրա հիմնավոր նախադրյալները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մինասյանը` պատասխանելով հարցին` տեսնում է սակագնի նվազեցման է նախադրյալներ:

Տարեսկզբին տնտեսվարողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դիմել են ռուս գործընկերներին` գազի սակագինը, որը ներկայում սահմանի վրա 1000 խմ-ն արժե 165 դոլար, նվազեցնելու խնդրանքով: Միաժամանակ, կառավարության վերջին նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը:

«Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառ նա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»,- հայտարարել էր ՀՀ վարչապետը:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում