Պետությունն ուժեղացնելու է Սփյուռքում ուծացման դեմ պայքարը

Պետությունն ուժեղացնելու է Սփյուռքում ուծացման դեմ պայքարը

ՀՀ կառավարությունը 2016 թվականին կուժեղացնի Սփյուռքում ուծացման դեմ պայքարը, մասնավորապես, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի իմացության մակարդակի բարձրացման ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:

Ըստ կառավարության` Սփյուռքի հայկական համայնքներում հայապահպանությունը շարունակում է մնալ գերխնդիր: «Այսօր աշխարհասփյուռ հայության համար վտանգված է ազգային նկարագրի, մայրենիի իմացությունը, ավանդույթների, սովորությունների, հայկական մշակութային արժեքների պահպանումը: Սփյուռքի որոշ հատվածներում լեզվամշակութային ինքնության աստիճա­նական կորուստն այսօր արդեն ուղղակիորեն սպառնալիք է ստեղծում նրա լինելիության համար. համայնքներում աստիճանաբար պակասում է հայերեն խոսող հայերի թիվը, իսկ մի ստվար մասն ընդհանրապես չի տիրապետում մայրենիին»,- նշված է ՀՀ սփյուռքի նախարարության եզրակացության մեջ:

Գերակա խնդրի իրականացումը՝ որպես համալիր ծրագիր, նպաստելու է Սփյուռքի հայկական համայնքներում, հատկապես երիտասարդության շրջանում մայրենի լեզվի տարածմանը, լեզվա­կան վիճակի բարելավմանը, հայերենի իմացության մակարդակի բարձրացմանը, հայոց լեզվի զարգացմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ընթացիկ տարում կազմակերպել մինչև 1100 սփյուռքահայ պատանիների և աղջիկների երկշաբաթյա այցելություն Հայաստան, անցկացնել Մայրենի լեզվի և հայրենագիտության 10-օրյա դասընթացներ և 6-օրյա ճանաչողական շրջայցեր, կազմակերպել 13-18 տարեկան սփյուռքահայ և հայաստանցի մինչև 1300 երիտասարդների 5-օրյա հանգիստ «Արի տուն» ճամբարում, ստեղծել մայրենիով հաղորդակցվելու հնարավորություններ:

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում առնվազն 115 սփյուռքահայ երիտասարդի համար կազմակերպվելու են հայոց լեզվի (արևմտահայերենի և արևելահայերենի) արագացված դասընթացներ՝ 4 շաբաթ տևողությամբ:

Բացի այդ, հայրենիքում կվերապատրաստվի հայոց լեզվի, հայագիտական առարկաների առնվազն 60 ուսուցիչ, ևս 50 ուսուցիչ վերապատրստում կանցնի Սփյուռքում: Սփյուռքի մեկօրյա դպրոցներում կփորձարկվեն նաև հայոց լեզվի դասավանդման նոր մեթոդներ, հայկական կրթոօջախներին կտրամադրվեն Սփյուռքի տարածաշրջանների առանձնահատկություններին համապատասխան, ինչպես նաև լեզուների հիմքով դասագրքեր, ուսումնաօժանդակ և մեթոդական նյութեր, արագացված ուսուցման ձեռնարկներ, զրուցարաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում