ԱՄՆ-ն սեղմում է օղակը Ռուսաստանի շուրջ

ԱՄՆ-ն սեղմում է օղակը Ռուսաստանի շուրջ

Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի համար այսուհետ Ռուսաստանը համարվում է առաջնային սպառնալիք: Օրերս Կոնգրեսում Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը թվարկել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքները, որոնց շարքում են Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Իրանը, ինչպես նաև միջազգային ահաբեկչությունը: Սակայն այդ ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը: ՆԱՏՕ-ում նույնպես Ռուսաստանը որակվում է որպես սպառնալիք: Իր զեկույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին մեղադրել միջազգային անվտանգության համակարգը խախտելու մեջ:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ակտիվությունը ՆԱՏՕ-ի սահմանների մոտ: Ռուսաստանը պատրաստ է ուժ կիրառել իր արտաքին քաղաքական ու ռազմական նպատակներին հասնելու համար: 2008թ.-ին Վրաստանում ուժի կիրառումը, ապա 2014թ.-ի մարտին ուկրաինական տարածքի անօրինական բռնազավթումը արմատապես փոխել են միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի մասին պատկերացումը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով` Ռուսաստանի այդ քայլերը հակասում են միջազգային իրավունքի նորմերին, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին: Ըստ Յենս Ստոլտենբերգի` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ եվրոպական երկիրը ապօրինաբար իրեն է կցել մյուս եվրոպական երկրի տարածքը` նկատի ունենալով Ղրիմի միացումը Ռուսաստանին: Նա մեղադրել է ռուսներին ոչ անկեղծ և թափանցիկ ռազմական քաղաքականություն վարելու մեջ:

«Ռուսաստանն իր ռազմական ներուժը զարգացնելու շրջանակում զորավարժությունների տեմպն ու քանակը մեծացրել է այնքան, որի ականատեսն էինք միայն սառը պատերազմի տարիներին: Վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանն իրականացրել է նվազագույնը 18 անսպասելի զորավարժություն, երբեմն դրանցում ներգրավելով ավելի քան 100 հազար զինվոր: Այդ զորավարժություններից են եղել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների դեմ միջուկային հարված հասնելու իմիտացիաները (Շվեդիայի դեմ 2013թ.-ին): Դրանցով քողարկվում է ռուսական զորքերի խոշոր տեղաշարժը (Ղրիմի բռնազավթում), և դա արվում է Ռուսաստանի հարևաններին սպառնալու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Վերջինս շեշտել է, որ ի տարբերություն Ռուսաստանի` ՆԱՏՕ-ն թափանցիկ քաղաքականություն է վարում, օրինակ նախապես զգուշացնում է զորավարժությունների մասին: Ըստ նրա` Ռուսաստանը 2015թ.-ին բազմիցս խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը, միայն 400 անգամ նատօյական ռազմաօդային ուժերում տագնապ է բարձրացվել: Ռուսական օդուժի ակտիվությունը Եվրոպայում աճել է 70%-ով: Մի խոսքով` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանին պատասխանատու են համարում միջազգային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու մեջ` մեղադրելով Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի տարածքները օկուպացնելու, Սիրիայում ռազմական ներխուժում իրականացնելու մեջ:

Եվ ահա ինչպես է Արևմուտքը փորձում հակադարձել Ռուսաստանի այդ գործողություններին: ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը նախատեսում է մոտ 4 անգամ մեծացնել ռազմական ծախսերն Արևելյան Եվրոպայում` 789 միլիոն դոլարից հասցնելով 3,4 միլիարդի: Այդ գումարն ուղղվելու է արևելաեվրոպական երկրներում (Լիտվա, Լեհաստան) ամերիկյան ռազմական ներկայության մեծացմանը: Նախատեսվում է ձևավորել 5000 զինվորից բաղկացած մշտական զորամիավորում, որը հերթապահելու է ՆԱՏՕ-ի սահմանների մոտ: Բնականաբար կընդլայնվի սպառազինության թիվն ու ռազմատեխնիկան:

Պենտագոնի այդ որոշումը առաջացրել է Ռուսաստանի զայրույթը: ԱՄՆ-ում ռուսական դեսպանատունն անմիջապես արձագանքել է` մեղադրելով Վաշինգտոնին 1997թ.-ի պայմանագիրը խախտելու մեջ, որով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հրաժարվում են մշտական զորքեր կուտակել սահմանների մոտ: Ըստ ռուսների` ամերիկացիների այդ քայլերը ապակայանուցնում են անվտանգության համակարգն ամբողջ Եվրոպայում: Սակայն ԱՄՆ-ում այդ մեղադրանքին հակադարձել են, որ ամերիկյան մշտական զորքեր չեն լինելու, այդ զորախումբը տեղաշարժվելու է և կազմավորվելու է ռոտացիոն կարգով:

Հանուն արդարության պետք է ասել, որ խաղը թափանցիկ կամ ազնիվ չի խաղում կողմերից և ոչ մեկը: Մինչև Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս նախազգուշացնում էր Արևմուտքին, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և մոտեցումը ռուսական սահմաններին խախտում է ուժերի բալանսը Եվրոպայում, փաստացի ուղղված կարող է լինել միայն Ռուսաստանի դեմ, որ աշխարհը չպետք է լինի միաբևեռ, պետք է հարգել բոլոր տերությունների (հասկանալ Ռուսաստան) ազգային շահերը:

Սակայն ՆԱՏՕ-ն անդադար ընդլայնվում էր, ընդլայնվում էր նաև Եվրամիությունը: Ռուսաստանը շատ արագ կորցնում էր ազդեցության ավանդական ոլորտները: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չէին առնում Ռուսաստանի կարծիքը միջազգային այս կամ այն խնդրի վերաբերյալ: Օրինակ` Հարավսլավիայի դեպքերը, ներխուժումը Իրաք, Լիբիա և այլն: Ռուսաստանը միայն 2008թ.-ից սկսած կարողացավ ակտիվ դերակատար դառնալ, ուժ կիրառել` չհարցնելով որևէ մեկի կարծիքը: Այնպես որ Ռուսաստանին միակողմանի մեղադրել ոչ անկեղծ և թափանցիկ լինելու, միջազգային անվտանգության հիմքերը խախտելու մեջ, թերևս այնքան էլ ազնիվ չէ:

Ինչևէ, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նման ինքնավստահ գործելու համար Ռուսաստանը պետք է ունենա նրանց չափ ռեսուրսներ: Սակայն պարզվում է, ոչ չունի: Եվ հիմա ամբողջ Արևմուտքը բացի տնտեսական պատժամիջոցներից, Ռուսաստանի դեմ սկսում է կիրառել նաև զսպման ռազմական միջոցները: ԱՄՆ-ն հասել է նրան, որ եվրոպական ավելի շատ երկրներ են սկսում հրաժարվել ռազմական ծախսերը կրճատելուց, կա միտում, որ կսկսեն ավելացնել: Ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը Եվրոպայում Ռուսաստանի համար կարող է ունենալ բազմաթիվ բացասական հետևանքներ:

Ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում (նավթի գների անկում, ռուբլու արժեզրկում) Ռուսաստանը հարկադրված է սուղ միջոցները խնայել և կրճատել ռազմական ծախսերը: Սակայն Արևմուտքի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելով` Մոսկվան ռազմական ծախսերի կրճատում իրեն թույլ տալ չի կարող: Իսկ դա նշանակում է տնտեսական լրացուցիչ դժվարություն, որը հաղթահարելու նախանշաններ Ռուսաստանն առայժմ ցույց չի տալիս: Սեղմելով Ռուսաստանի շուրջ օղակը` ԱՄՆ-ում կարծես ազարտով հետևում են, թե որքան կդիմանա Ռուսաստանը, բացի Ղրիմն իրեն միացնելուց, Սիրիա ներխուժելուց ուրիշ ինչ քայլերի կդիմի: Այս առումով պետք է փաստել, որ ռազմաքաղաքական ճնշման պայմաններում Ռուսաստանը միշտ եղել է անկանխատեսելի:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում