Շվեդիայի Թագավորական զինապալատում կազմակերպվել են Հայաստանի օրեր

Շվեդիայի Թագավորական զինապալատում կազմակերպվել են Հայաստանի օրեր

Շվեդիայի հնագույն թանգարանում՝ Թագավորական զինապալատում անցկացվում են Հայաստանի օրեր, որոնք կազմակերպվել են թանգարանի և Շվեդիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության ե ւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Փետրվարի 4-ին Ստոկհոլմի թագավորանիստ պալատում տեղակայված թանգարանում տեղի ունեցավ «Հայ-շվեդական պատմական առնչությունները» խորագրով դասախոսություն, որին ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, մշակութային հաստատությունների ղեկավարներ, մտավորականներ և մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։Դասախոսության ընթացքում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայ-շվեդական հարաբերությունների վերաբերյալ մենագրությունների և հոդվածների հեղինակ Արծվի Բախչինյանը ներկայացրեց վաղ միջնադարից մինչ 20-րդ դարի սկիզբը հայերի և շվեդների միջև եղած պատմամշակութային փոխհարաբերությունները, տնտեսական և մշակութային առնչությունները, Շվեդիայի հասարակական-քաղաքական կյանքում ազդեցություն ունեցած հայազգի ազնվականների, դիվանագետների և արքունի պալատականների դերը։

Արծվի Բախչինյանը նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի: Հայաստանի օրերի շրջանակում կազմակերպված կենտրոնական միջոցառումն է «Մետաքսի առևտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված է 1687թ. Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Շվեդիա առաջին անգամ մետաքս ներկրելու պատմությանը։

Շվեդ միապետի հատուկ դեսպան Լյուդվիգ Ֆաբրիցիուսի ուղեկցությամբ նրանք այցելել են Ստոկհոլմ՝ «Մետաքսե ճանապարհի» հյուսիսային հատվածի շուրջ բանակցություններ վարելու նպատակով, ինչն ավարտվել է Կարլ 11-րդի հետ առևտրական պայմանագրի ստորագրմամբ։ Դրանով հայ վաճառ ականներն իրավունք են ստացել արտոնյալ պայմաններով իրենց ապրանքները Ռուսաստանի ճանապարհով ներկրել Շվեդիա և այնուհետ՝ եվրոպական այլ երկրներ։Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված է պայմանագրի բնօրինակը, վաճառականների կողմից շվեդ միապետին նվիրաբերված յոթ ոսկեպատ թրերից մեկը, հայ վաճառականների արարողակարգային գավազանը և այլ եզակի ցուցանմուշներ։ Ցուցահանդեսը ներկայացված է լինելու ամբողջ 2016թ. ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում