Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը. Արշակ Գավաֆյան

Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը. Արշակ Գավաֆյան

Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: Նա ներկայացրեց հանձնախմբի 2016 թվականի ծրագրերը:

-Պարոն Գավաֆյան, Շվեդիայում Հայ դատի հանձնախումբը 2016 թվականի համար ի՞նչ ծրագրեր է նախատեսել:

-Կարևոր հարցերից մեկը, որի ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, Հայոց ցեղասպանության ճանաչումն է Շվեդիայի կառավարության կողմից: Ինչպես գիտենք, 2010 թվականին Շվեդիայի խորհրդարանը հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածը ճանաչեց ցեղասպանություն, բայց կառավարության կողմից քայլեր չեղան: Այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում, որ Շվեդիայի կառավարությունը ևս ընդունի Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի ընդունելուց հետո 5 տարի է անցել, մենք նամակ գրեցինք կառավարությանը, որ քայլեր ձեռնարկի, պատասխան ստացանք, թե հանձնախումբ են ձևավորելու, որ հարցը քննվի: Մենք, իհարկե, ասացինք, որ հարցը քննելու խնդիր այստեղ չկա, բայց հանձնաժողովը քննեց և զեկույց ներկայացրեց, որտեղ չի շեշտվում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միևնույն է, այդ հարցը մեր օրկարագում է և պետք է հետևողական լինենք, որ Շվեդիայի կառավարությունը ևս ընդունի:

-Հարցը հասարակության լայն շրջանում հասանելի դրաձնելու համար ի՞նչ քայլեր եք իրականացնում:

-Մի կարևոր ծրագիր ենք նախատեսել, մասնավորապես, նախատեսում ենք այնպես անել, որ Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկա դասավանդվի: Դա շատ կարևոր է, ի վերջո մարդիկ դեռ փոքր տարիքից ծանոթ կլինեն պատմությանը:

-Աջակցիներ ունե՞ք:

-Այո, աջակցներ ունենք: Սկզբում կապ ստեղծեցինք շվեդական կուսակցությունների հետ: Գրեթե բոլորի հետ կապ ենք ստեղծել, և դա մեզ օգնում է տարբեր հարցերում: Դրանից բացի, շվեդ-հայկական միջխորհրդարանական խմբի հետ ենք կապեր հաստատել: Տեղի տարբեր կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների հետ ենք ակտիվ աշխատում: Դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցն առայժմ քննարկման փուլում է: Քանի որ դրան հասնելու համար մի քանի ճանապարհներ կան, այժմ փորձում ենք հասկանալ, թե որն է առավել արդյունավետ:

-Պարոն Գավաֆյան, ի՞նչ ծրագրեր ունեք Արցախի հարցի հետ կապված:

-Այո, անշուշտ: Արցախի հարցը նույնպես մեր օրակարգում է: Մեր խնդիրն է տարբեր հարթակներում բարձացնել այդ հացը: Մենք ներկայացնում ենք Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այն, թե պաշտոնական Բաքուն ինչ ուղիներ է ընտրում տարբեր կառույցներում ազդելու համար: Մեր հիմնական նպատակներից մեկն է, այնպես անել, որ Արցախի անկախությունը ճանաչվի: Պաշտոնական նամակներ ենք հղել կառավարության, Արտաքին գործերի նախարարությանը: Երբ Ադրբեջանը սահմանին իրավիճակ սաստկացրեց, նամակ ուղարկեցինք Շվեդիայի կառավարությանը` ասելով, որ Արևմուտքը, այդ թվում Շվեդիան պետք է արձագանքի: Բողոքի նամակ ենք ուղարկել նաև Կարեն Պետրոսյանին գերի վերցնելու ժամանակ: Մեր կողմից հետևողական աշխատանքը շարունակվելու է: Ծրագրել ենք, որ Շվեդիայի որոշ պատագամավորների հրավիրենք Արցախ: Ի վերջո, այլ բան է բանավոր, թեկուզ փաստերով, ներկայացնելը, այլ բան է տեղում իրավիճակին ծանոթանալը: Դրանից բացի, ապագայում ծրագրում ենք կազմակերպել Արցախի քաղաքական դեմքերի այցը Շվեդիա` այստեղ հանդիպումներ ունենալու նպատակով: Ի դեպ, մենք մեր աշխատանքները համադրում ենք Եվրոպայի Հայ դատի ֆեդերացիայի հետ, որպեսզի ավելի ուժեղ և արդյունավետ աշխատանք տարվի Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց կողմնակիցների դեմ:

-Իսկ համայնքի ներսում ի՞նչ խնդիրներ կան, արդյո՞ք այն համախմբված է այս կամ այն հարցի շուրջ:

-Մեր համայնքը համեմատած այլ երկրների հին հայկական համայնքների հետ բավական նոր է: 1970-ական թվականների կեսերից է սկսել ձևավորվել: Ունենք 12,000 հայեր` Միջին Արևելքի տարբեր երկրներից, վերջերս էլ` Հայաստանից: Կարող եմ ասել, որ ներսում լավ հարաբերություններ կան, ակտիվ համագործակցություն` միությունների հետ: Հայկական հարցերի հետ կապված համախմբված ենք գործում: Օրինակ, ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի քննարկման հետ կապված, նախ աշխատանք տարվեց ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատգամավորների հետ: Դրանից բացի, ստորագրահավաք կազմակերպվեց ընդդեմ զեկույցների: Շվեդիայում հայկական համայնքն ակտիվ մասնակցություն ունեցավ:

Ի դեպ, մենք ակտիվ կապի մեջ ենք Հայաստանի հետ: Հայ դատի հանձնախումբը ամիսներ առաջ պաշտոնական հանդիպում ունեցավ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ: Քննարկվել են ընթացիկ հարցեր և առաջիկա ծրագրեր:

Աննա Գզիրյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում