Իրանին 200 մլրդ դոլարի ներդրումներ են հարկավոր նավթարդյունաբերության զարգացման համար

Իրանին 200 մլրդ դոլարի ներդրումներ են հարկավոր նավթարդյունաբերության զարգացման համար

Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությանը մոտավորապես 200 մլրդ դոլարի ներդրումներ են պահանջվում նավթարդյունաբերությունը զարգացնելու համար, ընդ որում կարեւոր է ներգրավել նաեւ օտարերկրյա ներդրողների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեզ մոտավորապես 200 մլրդ դոլարի չափով ներդրումներ են անհրաժեշտ համատեղ հանքավայրերի շահագործման եւ նավթի հանքավայրերի արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաեւ հուսալի զարգացման նպատակով»,- նախարարի հայտարարությունը մեջբերում է Shana գործակալությունը:

Նրա խոսքով՝ երկրաբանական հետախուզման եւ արդյունահանման (upstream) համար անհրաժեշտ է 130 մլրդ դոլար, իսկ վերամշակման եւ իրացման համար՝ 70 մլրդ դոլար:

«Մեր տեղական ռեսուրսները չեն բավականացնում երկրի նավթարդյունաբերությունը զարգացնելու համար: Ուստի մենք մտածում ենք դրանք ապահովել օտարերկրյա աղբյուրների միջոցով եւ ձգտելու ենք տեխնոլոգիաներ ստանալ»,- նշել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում