Նավթի էժանացումը ցնցել է Ալիեւի տոհմին. Bloomberg

Նավթի էժանացումը ցնցել է Ալիեւի տոհմին. Bloomberg

Անցյալ տարի սկսված նավթի էժանացումից Ադրբեջանի արտարժույթի պահուստների նվազումը եւ մանաթի փոխարժեքի երկու անգամ արժեզրկումը խիստ քննության ենթարկեց նավթից կախված այդ երկրին: Երկար տարիներ այդ երկիրը կառավարող առաջնորդի տնտեսական եւ քաղաքական դժվարությունները դեռ նոր են սկսվում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալության կայքում գրում է Բալազս Պենզը:

Հեղինակն ընդգծում է, որ նախագահ Իլհամ Ալիեւը մտել է իր իշխանության դժբախտ էջը. մանաթը հայտարարվել է անցյալ տարվա ամենավատ արտարժույթը: Ալիեւների ընտանիքը 40 տարուց ավելի կառավարում է այդ երկիրը: Սակայն, գների հանկարծակի աճի պատճառով իր տասնամյա կառավարման ժամանակաշրջանում նա հանդիպել է ժողովրդի ամենամեծ դժգոհությանը:

«Ադրբեջանում առկա գոռում-գոչյունները եւ դժգոհությունը ցուցադրությունն են նրա, որ նավթի էժանացման հետ մեծացել են Ալիեւների տոհմի խնդիրները»,- գրում է Պենզը:

Economist Intelligence Unit կազմակերպության Ադրբեջանի գծով վերլուծաբան Ալեքս Նայքն այդ առնչությամբ գրում է. «Նախագահ Ալիեւը նման ճգնաժամը լուծելու փորձ չունի: Նա ավելի շատ կյանքի չափանիշներն ու աշխատավարձերն արհեստականորեն բարձրացնելով էր զբաղված…Նավթից կախվածությունը Սաուդյան Արաբիային է հիշեցնում, սակայն, Ադրբեջանի ինքնիշխան պահուստները շատ փոքր են»:

Standart & Poor`s վարկանիշային գործակալությունը գտնում է, որ այս տարի Ադրբեջանում արժեզրկումը կհասնի 15 տոկոսի, քանի որ պարենի եւ ներմուծվող ապրանքների գները խիստ բարձրացել են:

Հեղինակը նշում է, որ կարգ ու կանոնը պահպանելու համար Ալիեւը բռնությունների է դիմում: Բողոքները հազվադեպ համարվող, չարտոնված ակցիաները մեծ տուգանքների ենթարկվող այդ երկրում բողոքավորների դեմ ոստիկանական ուժեր են ուղարկվում, «կրոնական արմատականները» եւ ընդդիմությունը մեղադրվում են կազմակերպված հանցագործությունների մեջ: Անցյալ ուրբաթ Գյանջայում հազարավոր գործազուրկներ աշխատանք են պահանջել:

Հոդվածում նշվում է, որ չնայած աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու համար նախագահ Իլհամ Ալիեւը 20-ից ավելի հրամանագիր է ստորագրել, սակայն, դրանք որեւէ օգուտ չեն կարող տալ, քանի որ այդ երկրում ՀՆԱ-ի 1 տոկոս անկում է սպասվում:

«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանում նավթի դարաշրջանն ավարտվել է: Մանաթին չենք կարողանում պաշտպանել, քանի որ ժամանակին չենք կարողացել դիվերսիֆիկացնել տնտեսությունը»,- Duke համալսարանում ասում է Ադրբեջանից ժամանած տնտեսագիտության պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն:

Լոնդոնում Oxford Economics Ltd-ի գլոբալ մակրոհետազոտության ղեկավար Գաբրիել Շտեռն էլ գտնում է, որ արտարժույթի արժեզրկումը հարցի մի կողմն է եւ բողոքները միայն դրա հետ կապելը ճիշտ չէ:

«Հիմնական պատճառը ֆինանսական վիճակի վատացումն ու վատ կառավարումն է: Արժեզրկումը միայն մի սիմպտոմ է», -ասում է նա:

Նշվում է, որ Ադրբեջանում կոռուպցիան չարիք լինելու մասին խոստովանել է նաեւ Ալիեւը:

Fitch Ratings-ի վերլուծաբան Կրիսյանիս Կրուստինսի կարծիքով` «տնտեսական տեսակետից Ադրբեջանը դեռ պահուստներ ունի: Բացի 4,4 մլրդ դոլար պահուստից, դեկտեմբերի 1-ի դրությամբ տեղեկություններով` Նավթի հիմնադրամում 33,6 մլրդ դոլար կա: Մանաթի արժեզրկումից հետո դա հավասար է 2015 թվականին ՀՆԱ-ի 100 տոկոսին: Արժեզրկումների հետ դեռեւս հնարավոր է եղել հավասարակշռել բյուջեն: Արժույթի պաշտպանության գործում կառավարությունը բավարար ռեսուրսներ դեռ ունի»:

Հեղինակի համոզմամբ` ամենադժվար հարցը քաղաքական համակարգը պահելն է, ինչի «ծիծեռնակներից» մեկն այն է, որ այս օրերին ոստիկանությանը հազիվ էր հաջողվել Սումգայիթում չեզոքացնել զայրացած վաճառողների բողոքը: Karnegi հիմնադրամի առաջատար աշխատակից Թոմաս դե Վաալը եւս անցյալ ամիս գրում էր, որ Ալիեւի կողմից «դժգոհ քաղաքացիներին շարունակաբար ծաղրելը կարող է դժվարանալ»:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի է վարկանիշ, գործակալության տերմինաբանությամբ նշանակում է «աղբային» սահման:

Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը եւս իջեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը` Baa3-ից նվազեցնելով Baa1-ի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի մեծ տոկոսներով:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի պաշտոնական ներկայացուցիչները հունվարի 28-ից փետրվարի 3-ը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել են այդ երկրին 4 մլրդ դոլար վարկ տալու մասին հարցը, սակայն, դրանք անակնկալ կերպ ավարտվել են: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել են, որ վարկ վերցնելու մասին խոսք չկա, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վարկի տոկոսների հարցում համաձայնության չի եկել միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում