«Առավոտ». Բագրատյանը մտադիր է ընդդիմադիր դաշտում կոալիցիա ստեղծել

«Առավոտ». Բագրատյանը մտադիր է ընդդիմադիր դաշտում կոալիցիա ստեղծել

Երեկ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարեց ընդդիմադիր դաշտում կոալիցիա ստեղծելու մտադրության մասին: Նա ասեց, որ քաղաքական ուժերին, մասնավորապես՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, «Հանրապետություն», հրավիրում է միավորվելու և պառլամենտական ընտրություններում հաղթելու: 

Այս առնչությամբ «Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ դիրքորոշում ունեն իրենք՝ այդ առաջարկի հետ կապված, և տեսնո՞ւմ է համագործակցության հնարավորություն: Արամ Սարգսյանը պատասխանել է, որ Հրանտ Բագրատյանի առաջարկությունն իրենք չեն ստացել. «Մեզ առաջարկություն չի արվել, մեզ մոտ դա չի քննարկվել: Բայց ընդհանրապես մենք մեր տեսակետը հստակ ասել ենք՝ մենք կողմնակից ենք գաղափարական դաշինքների և միայն այդ ուղղության վրա կարող ենք համագործակցել: Այնպես չի, որ ողջ ընդդիմադիր դաշտի հետ, ինչ է թե ընդդիմադիր են, հակված ենք համագործակցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում