Ալիևը վարկային դեգերումների մեջ է

Ալիևը վարկային դեգերումների մեջ է

Ադրբեջանի համար տնտեսական տարին այնքան էլ հաջող չսկսվեց: Նավթի գների շարունակական անկումը, մանաթի արժեզրկումը և դրան հետևող գործընթացները քաոսային դրություն են ստեղծել հարևան երկրում: Ադրբեջանի պետական եկամուտների 75 տոկոսը ստացվում է նավթից և գազից ստացվող եկամուտներից: Ածխաջրածնային այս երկու հումքին էլ բաժին ընկնում նաև արտահանման գրեթե 95 տոկոսը: Ստեղծված պայմաններում ակնհայտ է, որ ադրբեջանական տնտեսությունը գերզգայուն է նավթային շուկայում տեղի ունեցող նույնիսկ փոքրիկ ցնցումների նկատմամբ:

1994թ-ին Հեյդար Ալիևը կնքեց «դարի գործարքը», որն իրեն արդարացրեց շուրջ քսան տարի: Ադրբեջանի փրկության այդ դեղատոմսն էլ այսօր դարձել է ադրբեջանական տնտեսության անկման ուղեգիրը: Ինչպես շատ նավթ և գազ արդյունահանող երկրներ, Ադրբեջանը ևս վարակվեց «հոլանդական հիվանդությամբ», որն այսօր պարալիզացրել է ամբողջ տնտեսությունը: Տնտեսության սնման հիմնական աղբյուրը նավթն ու գազն է և փոխանակ դրանցից ստացվող եկամուտները ներդրվեն տնտեսության տարբեր ոլորտների զարգացման վրա, ծառայում է որպես միջոց գործող իշխանությունների հարատևությունն ապահովելու համար, ինչպես որ տեղի է ունենում Ադրբեջանի պարագայում:

Ստեղծված իրավիճակն ուղղակի սպառնալիք է հենց Ալիևի վարչակարգին, և վերջինս իր կաշին փրկելու համար դիմում է միջազգային տարբեր ատյանների ֆինանսական աջակցություն ստանալու համար: Ադրբեջանում սպասվող սոցիալական պայթյունը կանխելու համար Ալիևը չորս միլիարդ դոլար վարկ ստանալու փնտրտուքների մեջ է: Հիմնական ակնկակլվող աջակցությունն «Արժույթի միջազագային հիմնադրամից» է և «Համաշխարհային բանկից»: Ընդ որում, դեռևս տարիներ առաջ` հեռավոր 1992թ-ին, Ադրբեջանն ԱՄՀ-ից 363 միլիոն դոլարի վարկ էր վերցրել, որի մեծ մասը` արտոնյալ պայմաններով: 2009թ-ին վարկը մարելուց հետո Ալիևը բողոքել էր, որ այդ ԱՄՀ-ն տրված վարկի միջոցով կողոպտել է Ադրբեջանին և դադարեցրել այդ կազմակերպության գործունեությունն այնտեղ: Այսօր ոչ ավել ոչ պակաս Իլհամ Ալիևն ԱՄՀ-ից երեք միլիարդ դոլարի վարկ է ցանկանում ստանալ և ևս մեկ միլիարդ դոլար` «Համաշխարհային բանկից»: Առայժմ Ալիևին ձեռք է մեկնել «Վերակառուցման և զարգացման ասիական բանկը», ակնկալիքներ կան նաև «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից»:

Ադրբեջանի հորդորներին ի պատասախան` ԱՄՀ-ն և «Համաշխարհային բանկը» հունվարի 28-ից փետրվարի 4-ը պատվիրակներ էին գործուղել Ադրբեջան` վարկ տրամադրելու համար զեկույց պատրաստելու նպատակով: Վարկ տրամադրելու համար նրանք 5 պահանջ են առաջադրել պաշտոնական Բաքվին` պետական գույքի համատարած մասնավորեցում, պետական ապարատի կրճատում, դատական բարեփոխումներ, աշխատավարձերի, թոշակների և պետական ծախսերի սառեցում, անդամակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Որոշ աղբյուրներ շրջանառում են այն վարկածը, որ Ադրբեջանի իշխանությունները համաձայնել են միայն առաջին երկուսին, որի պատճառով էլ հնարավոր է մերժում ստանալ: Մյուս կողմից էլ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է պատրաստած զեկույցը, որտեղ կարծես թե դրական է գնահատվում Ադրբեջանի վարկեր ստանալու հավանականությունը:

Հատկանշական է, որ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի պատվիրակության Բաքու մեկնելու օրերին վարկային վարկանիշների «Standard & Poor’s» ծառայությունն իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշները՝ ազգային և միջազգային արժույթներով: Մասնավորապես՝ Ադրբեջանի վարկանիշը «BBB-»-ից, որը ներդրումային սանդղակի վերջին կետն է, իջել է մինչեւ «աղբային»՝ BB+ մակարդակի: Այս ամենն Ադրբեջանի իշխանությունների կողմից որակվեց որպես պրովոկացիա:

Փետրվարի սկզբին երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնեց Իլհամ Ալիևը, որն ադրբեջանական ընդդիմադիր շրջանակներում որակվեց, որպես փող հայթաթայթելու ևս մեկ փորձ: Առայժմ հստակ չի նշվում ինչ հաջողություններ Ադրբեջանը կունենա փողի հայթայթման գործում, սակայն պարզ է, որ վերջին մեկ տարում Ադրբեջանի պետական պարտքն ավելին կլինի, քան վերջին քսան տարիների ընթացքում: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է 6,5 մլրդ դոլար: Բացի այդ, նույն ժամանակաշրջանում բանկերի պարտքերը կազմել են 6,2 մլրդ դոլար, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի հետ միասին խոշոր ընկերությունների (Ազերէներժի, Ազալ և ուրիշներ) պարտքերը կազմել են 8,5 մլրդ դոլարից ավելի: Այսինքն` ամբողջությամբ վերցրած արտաքին պարտքը մոտ 25 մլրդ դոլար է կազմում: Իսկ սպասվելիք վարկերը էլ ավելի կմեծացնեն ֆինանասական բեռը: Բացի այդ պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական մանաթը կայուն պահելու համար արդեն իսկ վատնվել է պետական պահուստային ֆոնդի կեսից ավելին:

Այսպիսով, հասկանալի է, որ նույնիսկ միջազգային նոր վարկի տրամադրումն Ալիևի իշխանությունը ժամանակավոր երկարաձգելու փորձ կլինի: Երկրում լուրջ սոցիալական ճգնաժամ է հասունացել, պետական և մասնավոր հատվածներում շարունակվում է գործազրկության աճը, պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը:Նման պայմանները վաղուց արդեն ադրբեջանական հասարակությանը պետք է հանեին փողոց, սակայն առայժմ ցույցերը մասսայական բնույթ չեն կրում: Ադրբեջանը կորցնում է նաև իր գրավչությունն արտաքին ներդրողների համար, որը մի նոր ճգնաժամային փուլի մեկնարկ կարող է դառնալ: Այս ամենը կանխատեսելի է դարձնում նաև Ադրբեջանի ռազմական բյուջեի կրճատումն ու աշխարհով մեկ լոբբիստական գործունեության գրեթե դադարեցմանը: Ալիևը վիրավոր գազանի պես իր վերջին ճիգերն է գործադրում Արցախյան ճակատը լարվածության մեջ պահելու համար, սակայն ուժերն ի վերջո գերլարումից կսպառվեն:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում