Միշտ ասել են, որ կուտակայինին դեմ են, հիմա ի՞նչ են անելու. Թևան Պողոսյան

Միշտ ասել են, որ կուտակայինին դեմ են,  հիմա ի՞նչ են անելու. Թևան Պողոսյան

Կոալիցիաները պետք է ձևավորվեն իրական պատասխանտվություն կրելու սկզբունքի հիման  վրա: Թերևս Դաշնակցությունը նախկին փորձից դասեր քաղել է և շատ լավ պատկերացնում  է, թե նախկինում որն է եղել խնդիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

«Շատ դժվար է ասել՝ պայմանավորվածությունները կպահպանվե՞ն, պարզ չէ` հետագայում քաղաքական ի՞նչ զարգացումներ տեղի կունենան: Նախարարական կառավարման համակարգը քաղաքական պորտֆելներ է ենթադրում.  մարդիկ գալիս են տեսլականով, իրենք կարող են այդ ոլորտի մասնագետներ չլինել, բայց սեփական տեսլականով կարելի է քաղաքականությունը փոխել: Հիմա իրենք միշտ ասել են, որ կուտակայինին դեմ են,  ի՞նչ են անելու, օրե՞նք են փոխելու, մոտեցումնե՞րն են փոխելու: Իրենք պետք է հասկանան, թե ինչ քաղաքական պատասխանատվության տակ են մտնում»,- շեշտեց Պողոսյանը:

Դիտարկմանը, թե Դաշնակցությունն ընտրազանգվածի կորուստ ունի և գուցե մանդատների համա՞ր է գնում կոալիցիայի՝ գիտակցելով, որ համամասնական ցուցակով անցողիկ  շեմը չի հաղթահարի, պատգամավորը նկատեց, որ  Դաշնակցությունն եղել է այն քաղաքական ուժը, որն ունեցել է ամենակայուն  ընտրազանգվածը, բայցև պետք է հաշվի առնել, որ նախագահական ընտրություններին քաղաքական ուժը սեփական թեկնածուով չի ներկայացել:

«Վարկանիշի անկում ունեն բոլոր քաղաքական կուսակցությունները. ուրիշները ժամանակին ասում էին, թե ունեն 40 տոկոս, հիմա ես կասկածում եմ, որ կա որևէ քաղաքական  ուժ, որը 12 տոկոսի սահմանը կանցնի: Պետք է հասկանանք, թե  Դաշնակցությունն ընտրություններից առաջ ինչ վարքագիծ է ձևավորելու»,- նշեց պատգամավորն՝ ակնարկելով, որ հավատ չկա և դիմության, և ընդդիմության, և անձերի նկատմամբ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում