Ակնկալվում է ներդնել ներառական համակարգ միջին մասնագիտական հաստատություններում

Ակնկալվում է ներդնել ներառական համակարգ միջին մասնագիտական հաստատություններում

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազակերպություններն ակնկալում են նախնական և միջին մասնագիտական հաստատություններում մատչելիության ապահովում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո հաշմանդամություն ունեցող երեխան խնդրի առաջ է կանգնում:

«Երեխաները գնում են դպրոց, սովորում են, բայց ի՞նչ են անելու դպրոցից հետո, դա մի մեծ հարց է բոլորիս համար: Ո՞ւր գնան, կա՞ հարմարեցված հաստատություն, որտեղ կլինեն մասնագետներ, ասենք, մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատելու համար: Հաշմանդամություն ունեցող անձի համար մեծ հարց է նաև աշխատանք ունենալը: Այդ ամբողջը շղթա է: Տեսեք, մանկապարտեզի հատվածը բաց է մնում, գալիս է դպրոցի փուլը, որտեղ շատ լավ ներառական միջավայր է, և այդտեղ շղթան ավարտվում է: Դպրոցն ավարտած երեխայի ծնողը խնդիրների հետ մնում է միայնակ»,-ասաց Արմինե Սահակյանը:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ կա ուսումնարան, որը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Այդտեղ բավական թվով երեխաներ են սովորում: Ասեմ, որ ուսումնարանները աջակցություն են ստանում միջազգային կազմակերպություններից: Ուսումնարաններում աշխատանքներ են տարվում թե բովանդակային, թե շենքային պայմանների հարամարվետության տեսանկյունից: Եթե շենքը վերանորոգվում է, ուրեմն այն հասանելի պետք է լինի բոլորին, եթե ծրագրային բովանդակությունն է փոխվում, ուրեմն դա նախատեսված պետք է լինի բոլորի համար: Այս մոտեցումն առկա է Կրթության և գիտության նախարարության գործունեությունում»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի տնօրեն Զարուհի Բաթոյանն ավելացրեց, որ Երևանի և մյուս մարզերի քոլեջներում տարբեր ծրագրեր են իրականացվում, բայց դրանք առանձին ծրագրեր են: Խոսքը վերաբերում է միջին մասնագիտական հաստատություններում ներառական համակարգ ձևավորելուն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում