Գրենոբլում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովը եզրափակիչ նիստ է անցկացրել

Գրենոբլում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովը եզրափակիչ նիստ է անցկացրել

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը Գրենոբլի Հայկական մշակույթի տանը փետրվարի 5-ին մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի ամփոփիչ նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցեցին Իզեր դեպարտամենտի պրեֆեկտ Ժան Պոլ Բոնետենը, դեպարտամենտի նախագահ Ժան Պիեր Բարբիեն, Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, պատգամավոր Միշել Դեստոն, սենատոր Միշել Սավեն, քաղաքապետեր, ռեգիոնի խորհրդի անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆրանսահայեր:

Ֆրանսիացի պաշտոնատար անձինք իրենց ելույթներում ևս մեկ անգամ հավաստեցին հավատարմությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին՝ նշելով, որ դա պահանջ է ոչ միայն հանուն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության և արդարադատության: Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ժխտողականության դեմ պայքարին և ֆրանսիական իշխանությունների կողմից այդ մասին օրենքի ընդունման հարցում: Դեսպան Չիտեչյանը, իր գոհունակությունը հայտնելով Ֆրանսիայում կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լավագույնս կազմակերպման համար, ընդգծեց մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը:

Հայոց ցեղասպաության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի նախագահը ներկայացրեց տարվա ընթացքում հայկական կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումները, որից հետո ցուցադրվեց միջոցառումների մասին պատմող տեսանյութ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում