Հայաստանն ու Իրանը ձգտում են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը

Հայաստանն ու Իրանը ձգտում են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը

Հայաստան-Իրան կապերն առավել բազմակողմանի ու խորը դարձնելու ուղղությամբ փոխադարձ այցելություններ, մշակութային միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, փորձ է արվում զարգացնել Իրան-Հայաստան մշակութային կապերը, ակտիվացնել երկու երկրների միջև զբոսաշրջության հոսքը, որպեսզի երկրների ժողովուրդներն էլ ավելի ծանոթանան միմյանց: «Իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան խթանելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել իսլամական մշակույթին համապատասխան հնարավորություններ: Հայաստանը խաղաղ, գեղեցիկ ու հյուրընկալ երկիր է, կարծում եմ` իրանցիները մեծ սիրով կայցելեն»,- ասաց դեսպանը՝ անդրադառնալով նաև առողջապահական զբոսաշրջության խթանման անհրաժեշտությանը: «Կարծում եմ, որ ավելի մատչելի գներով ու լավ մասնագետների օգնությամբ հայ քաղաքացին կարող է Իրանում լիարժեք բուժում ստանալ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Դեսպանը, խոսելով քառամսյա իր գործունեության ընթացքում տարբեր նախարարների այցերի մասին, կարևորեց Հայաստանի մշակույթի նախարարության ու Իրանի Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության համագործակցությունը, որպեսզի Հայաստանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվի: «Մոտ ապագայում նախատեսվում է Իրանի մշակույթի ու Իսլամական կապերի կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան` ՀՀ մշակույթի նախարարի հրավերով: Հաջորդ շաբաթ Հայաստան է ժամանելու Իրանի առողջապահության նախարարության պատվիրակությունը, որը գլխավորելու է առողջապահության փոխնախարարը: Այցի շրջանակներում քննարկվելու են առողջապահության և դեղորայքի որոլտներում համագործակցության հնարավորությունները»,-տեղեկացրեց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Երկու երկրների մարզերի միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով նախատեսվում է Գիլանի նահանգապետի այցը Հայաստան` Արարատի մարզպետի ու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրավերով: Մոտ ապագայում սպասվում է նաև Թեհրանի քաղաքապետի այցը Հայաստան:

Դեսպանի խոսքով՝ նախատեսվում է նաև Իրանի Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակության այցը Հայաստան, որն այստեղ կուսումնասիրի բուհերի կարգավիճակը, կրթական մակարդակը, որպեսզի կարողանան ապահովել ուսանողների մեծ հոսք Իրանից Հայաստան:

«Մշակութային ոլորտում կատարած իմ առաջին քայլը կլինի այն, որ Իրանի Գիլան նահանգից Հայաստան կժամանի երաժշական խումբ, որը հրավիրվել է այստեղ ազգային տոնի միջոցառումներին մասնակցելու համար: Այգաբացի տասնօրյակի շրջանակում Հայաստան են ժամանելու նաև Իրանի Նիավարան մշակութային պալատի ղեկավարն ու մի բանաստեղծ, ովքեր ևս կմասնակցեն տոնական միջոցառումներին: Մենք ցանկանում ենք կազմակերպել ասմունքի երեկո և ստեղծել կապեր Իրանի ու Հայաստանի գրողների ու բանաստեղծների միջև»,-ավելացրեց Իրանի դեսպանը:

Իսկ ֆիլմերի սիրահարները առաջիկայում հնարավորություն կունենան դիտել իրանական ֆիլմեր: «Առաջիկայում բազմաթիվ միջոցառումների շարքում նախատեսում ենք նաև մշակութային օրերի անցկացում երկու երկրներում: Երևանում`Մոսկվա կինոթատրոնում, կկազմակերպվեն իրանական ֆիլմերի ցուցադրության երեկոներ, որպեսզի հայերը ավելի մոտիկից ծանոթանան իրանական մշակույթին»,-ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում