ՀՀ ՊՆ օգնական. «Զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներն ակնհայտ են»

ՀՀ ՊՆ օգնական. «Զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներն ակնհայտ են»

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ ՊՆ առաջնահերթ գերակայությունների շարքում։ Զինված ուժերում մշտապես իրականացվող պաշտպանական բարեփոխումների համատեքստում կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության ամրապնդման գործընթացի մասին Times.am֊ը զրուցել է ՀՀ ՊՆ օգնական Ալիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։

2016թ. փետրվարի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում կայացել է խորհրդակցություն նվիրված գնումների գործընթացների բարելավմանը, թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և բարեվարքության ամրապնդմանը: Ի՞նչ եզրակացությունների են հանգել խորհրդակցության մասնակիցները։

Պաշտպանության նախարարության որդեգրած քաղաքականության հիմքում ընկած է այն հայեցակետը, որ ընդհանուր պաշտպանական բարեփոխումների արդյունավետության երաշխավորման համար առանձնահատուկ կարևորություն ունի համակարգում դեռևս առկա հակաօրինական վարքագծի դրսևորումների, արատավոր պրակտիկայի և կառավարման ոլորտում ձևավորած անառողջ կարծրատիպային մոդելների աստիճանական վերացումը։ Պետք է փաստել, որ պաշտպանության նախարարությունում բավականին երկար ժամանակ է ինչ ինտենսիվ աշխատանք է կատարվում կոռուպցիոն երևույթների վերացման դեմ: Սակայն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա թիմի հետևողական աշխատանքի արդյունքում այդ գործընթացն առավել ինստիտուտցիոնալ բնույթ է ստանում: Անզեն աչքով անգամ արդյունքներն ակնհայտ են։ Օրինակ մարդկային ռեսուրսների կառավարման և մասնավորապես՝ կադրային նշանակումների ու առաջխաղացման, ինչպես նաև զորակոչի ոլորտներում: Վերջին տարիներին իրավապահ և վերահսկողական մարմինների աշխատանքների ինտենսիվացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը զգալի համակարգային արդյունքներ տալիս է։ Տարբեր ոլորտներում պաշտոնանկ են արվել տասնյակ բարձրաստիճան զինվորականներ ու քաղծառայողները, նրանցից շատերը ենթարկվել են քրեական պատասխանատվության, ներդրվել են էապես տարբերվող կառավարման համակարգեր, որոնք գործընթացները ավելի թափանցիկ և կանխատեսելի են դարձնում: 

Զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն, իրապես, ակնհայտ է։ Այնուամենայնիվ անելիքներ դեռ շատ կան։ Կարո՞ղ եք ասել, թե ներկայում կոնկրետ որ ուղղություններն են համարվում առաջնահերթ և ի՞նչ է արվում կոռուպցիոն ռիսկերն էլ ավելի նվազեցնելու համար։

Ներկայումս ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի ուշադրությունը կենտրոնացած է գնումների գործընթացի վրա, քանի որ այն ռիսկային ոլորտներից մեկն է: Ընթացիկ տարվա սկզբից ուժեղացվեց հսկողությունը թիկունքային ապահովման ոլորտի մատակարարումների և գնումների գործընթացի կազմակերպման նկատմամբ։ Հայտնաբերվեցին խախտումներ, պատժվեցին պաշտոնատար անձինք, որոնցից մի քանիսը իրենց աշխատանքը ոչ պատշաճ ձևով կատարելու համար հեռացվեցին աշխատանքից:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ ուժային մեթոդներով իրականացվող պայքարը չնայած գրանցված ժամանակավոր իրական հաջողությունների, ակնկալվող ամբողջական արդյունքները չի կարող տալ, եթե չի զուգակցվում ինստիտուցիոնալ համակարգային փոփոխություններով։

Այս բացը լրացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել բարեվարքության ամրապնդման ծրագրի տեղայնացմանն ու դրա արժեհամակարգային ազդեցության տարածմանը: Միջազգային փորձից բխող բարեվարքության ամրապնդման ոլորտի հիմնական արժեքները ՀՀ ազգային ինստիտուտներում ներդրումը և գործառնական նորմերի զարգացումը դառնում է ժամանակի հրամայական: Դրանից ելնելով՝ ՊՆ-ն ապավինում է բարեփոխումների շարժիչ ուժի մի պարզագույն մոդելի.

1. Արժեքների ներդրում
2. Ինստիտուտների և նորմերի աստիճանական փոփոխություն, և դրա արդյունքում
3. Դրված նպատակների իրականացում

Ձեր նշած առաջին իսկ կետը վկայում է այն մասին, որ կոռուպցիոն ռիսկերը պայմանավորված են ոչ միայն ներբանակային գործոններով։ Խնդիրը մեծապես կախված է նաև հասարակության այլ շերտերում առկա բացասական երևությներով։

Այո։ Մեթոդոլոգիական առումով ռազմավարությունը հետևյալ դրսևորումն ունի։ Ընթացիկ բարեփոխումների համար կոռուպցիան համարվում է լուրջ խոչընդոտ, բայց պարզ է, որ կոռուպցիան վտանգ է, որը սերտորեն կապված է այլ երևույթների հետ։ Ուստի, այն ավելի շատ արդյունք է քան պատճառ: Այդ իսկ պատճառով կոռուպցիայի դեմ պայքարն առաջին հերթին ենթադրում է կառավարման ավելի կատարելագործված համակարգ, իրենց գործին գիտակ և սրտացավ ղեկավարներ և ամենակարևորը էթիկայի կանոնների զարգացում, որն էլ իր հերթին կնպաստի բարեփոխումներին խանգարող ստվերային երևույթները վերացնելուն: Հատուկ տեղ է հատկացվում նաև իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Համակարգի տարբեր շերտերին բարեփոխումների մասին տեղեկացնելու զուգահեռ, պետք է նրանց օգնել խորությամբ ընկալել և ներքնապես զարգացնել բարեփոխումների հատկապես արժեքային մասը: Զուգահեռաբար աշխատանք է տարվում գործիքակազմերի և ռազմավարությունների ձևավորման ու կատարելագործման ուղղությամբ, որպեսզի դրանք համապատասխանեցվեն բարեփոխումների խորքային գաղափարախոսությունը: Փաստ է, որ մեկ միասնական գաղափարախոսության առկայությունն առավելություն է, սակայն շատ հաճախ իրականությունն անկանխատեսելի է, ուստի որդեգրվում է ճկուն և հարափոփոխ մոտեցումների ռազմավարություն, ինչը բխում է նաև անվտանգային միջավայրի դինամիկայից:

Վերը նշվածի ապահովման նպատակով ՀՀ ՊՆ-ում ստեղծվել է Մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնը, որի հիմնական գործառույթներից է պաշտպանական ոլորտում բացասական երևույթների դեմ պայքարի համար ինստիտուցիոնալ հենքերի ձևավորումը և այլ ստորաբաժանումների գործունեության բարեփոխման համար ուղենիշների մշակումը։

Կարելի է վստահեցնել, որ արդյունքները շուտով տեսանելի կլինեն անգամ ամենավատատես շրջանակների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում