2016թ-ին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

2016թ-ին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

2015թ-ը Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար խորհրդանշական տարի էր և մեր արտաքին քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ուներ Հայոց ցեղասպանությանը միջազգային հնչեղություն տալը և ճանաչման գործընթացին նոր թափ հաղորդելը: 2016թ-ի մարտահրավերները մի փոքր այլ են:

Անդրադառնանք ՀՀ տարածաշրջանային քաղաքականության գերակայություններին: Վրաստանը մեզ համար թշնամի երկիր չէ, սակայն փորձը ցույց է տալիս,որ միջազգային ասպարեզում երբեք չենք կարող ակնկալել հարևան այս երկրի աջակցությունը: Հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի առաջնային առևտրային գործընկերներն են և ռազմավարական դաշնակիցները, Հայաստանը ևս պետք է առաջարկելու բան ունենա Վրաստանին: Մինչ այժմ միայն Վրաստանը մեզ համար կարևորություն ուներ, որպես արտաքին աշխարհին կապող օղակ, իսկ իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանը կարող է դառնալ հարավին կապող կարևորագույն տարանցման և գազամատակարարման այլընտրանքային ուղի:

Տարիներ շարունակ խոսվում է հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին, որին աջակցություն է ցուցաբերում նաև վրացական կողմը, սակայն սայլը տեղից չի շարժվում: Վերջերս Իրան կատարած այցից հետո ՀՀ-ի Տրանսպորտի և կապի նախարարը հայտարարեց Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման մասին: Իհարկե, այդ ուղին Հայաստանի տարածքում կլինի միայն ավտոմոբիլային ճանապարհի տեսքով, սակայն փոքրիկ քայլ է Վրաստանի համար մեր երկրի կարևորությունը բարձրացնելու տեսանկյունից: Հայաստանը պետք է շահագրգռված լինի նաև իրանական գազը Վրաստան հասցնելու գործում, սակայն պատկան մարմինների` գործընթացի նկատմամբ անտեղյակությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք չենք փորձում օգտվել ընձեռված հնարավորություններից և կարծես թե սովորել ենք, որ միայն դիմացինները կարող են մեզ վրա լծակներ գործադրել: Վրաստանի հետ հարաբերություններում 2016թ-ի հրամայականը պետք է դառնա այնպիսի նախագծերի կենսագործումը, որոնք թույլ կտան բարձրացնել մեր ռազմավարական կարևորությունը:

Իրանի հետ 2016թ-ին պետք է աշխատենք ոչ միայն վերոնշյալ ուղղություններով, այլ օգտվենք հարաբերությունների ներկապնակի բոլոր գույներից: Մեզանում այնպիսի կարծրատիպ է առկա, թե Իրանը պատժամիջոցների չեղարկումից հետո պատրաստվում է ծրագրեր իրականացնել միայն Հայաստանի հետ, սակայն չպետք է մոռանանք, որ անկախ տարաձայնություններից Իրանն ու Ադրբեջանն ունեն սերտ հարաբերություններ և մեր կողմից ցանկացած նախագծի նկատմամբ ոչ բավարար ուշադրությունն ուղղակիորեն նպաստում է, որ դրանք կյանքի կոչվեն Ադրբեջանի հետ: Այսպես, եթե տարիներ շարունակ հայ-իրանական երկաթուղին միս ու արյուն չի ստանում, ապա բացառված չէ, որ գործարկվի ադրբեջանա-իրանական Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին, որը կզրոյացնի հայ-իրանական երկաթուղու գործարկման շանսերը: Տրամաբանական է, որ երկկողմանի շրջափակման մեջ գտնվող երկրի համար, որին շրջանցում են տարածաշրջանային մի շարք նախագծեր, կենսական է նախաձեռնողական քաղաքականության իրականացումը: Հայ-իրանական հարաբերությունների հեռանկաների մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ավելի քան կարևոր է դրանք կյանքի կոչելը:

Անդրադառնանք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մեր հարաբերություններին: Թուրքիան այսօր թաթախված է ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրների մեջ և իրատեսական չէ կարծել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են որևէ զարգացում ստանալ: Դրա փոխարեն մենք կարող ենք օգտվել Թուրքիայի քաոսային իրավիճակից և նոր թափ տալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, քրդերի նկատմամբ տարվող բռնի քաղաքկանության օրինակով մատնանշել այն վայրագությունները, որ Թուրքիան կատարել է մեկ դար առաջ:

Իսկ այժմ անդրադառնանք արտաքին քաղաքականության մեջ մեզ համար առաջնային համարվող Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նավթի գների շարունակական անկումն ու ադրբեջանական մանաթի արժեզրկումը այդ երկիրը ոչ միայն կանգնեցրել են սոցիալական բունտի, այլ նաև դիվանագիտական տկարության առջև: Նախկինում արտաքին քաղաքական ոլորտում Ադրբեջանի արձանագրած հաջողությունները հիմնականում պայմանավորված էին գումարային գործոնով, իսկ այժմ հավասարը հավասարի դեմ մրցակցելու պայմաններ են ստեղծվել, և նույնիսկ հայկական կողմն ունի առավելություն աշխարհասփյուռ հայ համայնքի տեսքով: Հենց այս տարում մենք պետք է կարողանանք ճիշտ կետում բռնել դիվանագիտական զարկերակը և աշխարհով մեկ իրազեկության արշավ սկսենք Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, որի միջոցով գուցե կարողանանք կանխել եվրոպական և միջազգային այլ կառույցներում հակահայկական բանաձևերի քանակը:

Այսպիսով, եթե ամփոփենք 2016թ-ին հարևանների հետ հարաբերություններում մեր հիմնական սկզբունքներն, ապա առաջանային կարևորություն պետք է տալ նախաձեռնողական և պրոակտիվ քաղաքականությանը, որը պետք է միտված լինի հաղթահարելու շրջափակումը, բարձրացնելու մեր երկրի ռազմավարական նշանակությունը, թուլացնելու ինչ-որ մեկ երկրից տարբեր հարցերում կախվածությունը: Ռիթմիկ դիվանագիտության իրականացումը, ճիշտ ժամանակին գործընթացները կանխատեսելու և արձագանքելու ունակությունը թույլ կտա տարածաշրջանում մեծացնել մեր կշիռը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում