«Սառը պատերազմյան» ամերիկյան դոկտրինները կրկին ակտուալացել են

«Սառը պատերազմյան» ամերիկյան դոկտրինները կրկին ակտուալացել են

Մյունխենում կայացած Անվտանգության միջազգային գագաթաժողովի ժամանակ հնչած ելույթները իսկական սառը ցնցուղ են այն տեսաբանների համար, ովքեր կարծում էին, թե Խորհրդային միության փլուզումից հետո ավարտվել է նաև սառը պատերազմի ժամանակաշրջանը: Այնպիսի տպավորություն է, որ վերջին տարիներին լատենտ վիճակում գտնվող սառը պատերազմը թևակոխել է բավականին թեժ փուլ և նոր դրսևորումներ է ստանում: Արդիական են դարձել նաև սառը պատերազմի ժամանակ կիրառվող մի շարք տեսություններ, որոնցից մեկի մասին էլ բարձրաձայնեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. «Կարելի է ավելի կտրուկ արտահայտվել՝ Ռուսաստանն ու Արևմուտքը վերադարձել են սառը պատերազմի ժամանակներ կամ հարաբերությունները հասել նոր «սառը պատերազմի» մակարդակի: Գրեթե ամեն օր մեզ հայտարարում են ամենավտանգավոր սպառնալիքը մեկ ՆԱՏՕ-ի համար, մեկ՝ Եվրոպայի, մեկ՝ ԱՄՆ-ի»,-նկատել է Մեդվեդևը:

Այս համատեքստում ՌԴ կառավարության ղեկավարը շեշտել է, թե Արևմուտքը պետք է հրաժարվի ՌԴ-ի նկատմամբ «զսպման դոկտրինից» և միավորի ջանքերը՝ լուծելու առկա խնդիրները. «Արևմուտքն ու ՌԴ-ն ունեն հնարավորություն միավորվելու, որ պատասխանեն գոյություն ունեցող մարտահրավերներին»: Ըմբռնելու համար Մեդվեդևի խոսքերի բովանդակությունը նախ անդրադառնանք, թե ինչ է զսպման դոկտրինը և հասկանանք` իսկապես պատմական այս ժամանակահատվածում ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն առաջնորդվում են հենց այդ քաղաքականությամբ:

«Զսպման դոկտրինի» հեղինակը ամերիկացի դիվանագետ Զորջ Քենանն է, ով հեռավոր 1947թ-ին տվեց այդ քաղաքականության տեսական ձևակերպումը, որը գործնական երկարաժամկետ կիրառություն գտավ ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ: Անդրադարձ չենք կատարի «զսպման դոկտրինի» այն դրույթներին, որոնք կապված են կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի հետ և իսկապես կորցրել են իրենց ակտուալությունը: Քենանն առաջարկում էր ուժի միջոցով մշտապես հակազդել ռուսներին բոլոր այն կետերում, որտեղ ոտնձգության միտումներ են նշմարվում: Ամերիկյան քաղաքագետները ենթադրում էին, որ առանց Միցայալ նահանգների կողմից զսպման քաղաքականության ընդունման Խորհրդային միությունըն անխուսափելիորեն իր էքսպանսիան կտարածի ամբողջ Եվրոպայի նկատմամբ: «Զսպման դոկտրինը» գործնական կիրառություն գտավ հատկապես Տրումենի իշխանության տարիներին, երբ ԱՄՆ-ն փորձում էր արտաքին աշխարհից մեկուսացնել ԽՍՀՄ-ին և նրա դաշնակիցներին: Սկսվեց «Անակոնդայի ռազմավարության» կիրառումը, ինչը նշանակում էր Խորհրդային միության և նրա դաշնակիցների կողմից օղակի սեղմում: Եվ ի վերջո մեկ օր անակոնդան խեղդամահ կաներ իր զոհին, ինչպես, որ եղավ ԽՍՀՄ անկման դեպքում:
Իհարկե, պարոն Մեդվեդևն իր խոսքում անդրադարձ կատարեց միայն «զսպման դոկտրինին» առանց հաշվի առնելու, որ ամերիկյան քաղաքականությունն ամենևին էլ տեղում չի դոփել և Քենանի տեսությանը փոխարինելու եկան «Դոմինոյի» Քոլին Գրեյի «Դինամիկ զսպման» և Ալպերովիցի «Միջուկային զսպման» հայեցակարգերը, սակայն փորձենք հասկանալ, որքանով է ամերիկյան ներկայիս քաղաքականությունը համապատասխանում սառը պատերազմյան տրամաբանությանը:

Չնայած ԽՍՀՄ փլուզումն ու «Վարշավյան պակտի» չեղարկմանը հաջորդած ժամանակահատվածն ընդունված է բնութագրել որպես հետսառըպատերազմյան, սակայն Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը հակառակի մասին է վկայում: ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, գունավոր հեղափոխությունների շքերթը Ռուսաստանի Մերձավոր արտասահմանյան գոտում, որը նաև համարվում է կենսական շահերի գոտի, ոչ այլ ինչ է, քան զսպողական քաղաքականության իրականացում: ԱՄՆ-ն ձգտում է խոչընդոտել ոչ միայն Ռուսաստանի ընդլայմանը, այլ նաև սեղմում է պաշարման օղակը: Ընդամենը երկու տասնամյակ առաջ անհավանական կթվար, որ Ռուսական կայսրության և Խորհրդային «Ռուսաստանի երկու սիրեցյալները»` Վրաստանն ու Ուկրաինան ոչ միայն երես կթեքեն ՌԴ-ից, այլ նաև կպատերազմեն: ՆԱՏՕ-ն անընդհատ ընդլայնվում է դեպի Արևելք, եթե նախկինում զարմանք էր հարուցում, որ հյուսիսային արջի քթի տակ ՆԱՏՕ-ին անդամակցեցինք Արևելյան Եվրոպայի կոմունիստական անցյալ ունեցող երկրները, ապա Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո ամենևին էլ բացառված չէ Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը: Անակոնդան գնալով սեղմում է օղակը և գուցե հաջորդ փուլը ոչ թե Ռուսաստանի հարևաններին, այլ հենց դաշնային սուբյեկտներին Մոսկվայի դեմ հանելն է:

P.S. Հետաքրքրական է, երբ աշխարհում մոլեգնում է ահաբեկչությունը, որի հետևանքով աշխարհի ցանկացած անկյունում անվտանգության դեֆիցիտ է առաջացել, ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար մեկ սպառնալիք համարվում է Ռուսաստանը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում