ԼՂ հարցում ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ անհամաձայնություն ունի, փոխարենը համաձայնեցված խաղ Եվրոպայի հետ. Մանասյան

ԼՂ հարցում ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ անհամաձայնություն ունի, փոխարենը համաձայնեցված խաղ Եվրոպայի հետ. Մանասյան

Հայաստանի անվտանգային  քայլերի, ռազմաքաղաքական վերանայումների բացատրությունն  Ադրբեջանի  գործողությունների  համատեքստում  պետք է դիտարկել: Այս մասին Times.am-ի հետ զրույցում  նկատեց  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն՝ անդրադառնալով սանձահարման/զսպման համակարգի ստեղծմանը:

«Եթե Ադրբեջանն անընդհատ դիվերսիոն խմբեր է ուղարկում, հրետակոծում է սահմանամերձ տարածքները, դա պատասխան պետք է ստանա, որի համար համակարգ է պետք, միայն հրացանով, ավտոմատով այդ հարցը չի լուծվի: Հետևաբար, մեր պաշտպանական դիրքերի ամրացման խնդիրներն Ադրբեջանի քայլերի շրջանակում են բացատրություն  ստանում: Չկա այնպիսի բան, որը գերազանցի այդ պաշտպանության համատեքստում արվող քայլերը և  մեզ նախահարձակողի կարգավիճակ ստանալու առիթ տա»,-ընդգծեց նա:

ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակով, Հայաստանի Հանրապետությունը որոշել է գործի դնել  «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը  պիտի նվազեցնի զինված դիմակայությունը:

Համակարգը մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղելու «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգը, իրականացվելու են  որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար՝ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» իրականացվելու է ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով:

Անվտանգային այս վերանայման հայտարարությանը զուգահեռ պարզ դարձավ, որ 200 մլն դոլարի վարկով Ռուսաստանը Հայաստանին նաև հարձակողական զենք է վաճառելու,   քաղաքագետ Մանասյանը ՌԴ-ի սպառազինական  այս ընտրությունը դիտարկում է ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում. «Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների սրման պայմաններում, դրա ֆոնին է դա անում: Քաղաքականությունը բարդ բան է»:

Հիշեցմանը, որ ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցում հավանական է համարվել 2016-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը՝ հաշվի առնելով  Ադրբեջանի  ռազմական կայուն ներուժի ամրապնդումը՝ զուգորդված տնտեսական պայմանների վատթարացմամբ,  ըստ այդմ՝ կարելի՞ է ասել, որ Արևմուտքում  ղարաբաղյան պատերազմի  վերսկսման  ռեալ վտանգ են տեսնում, ինչը կդրդի ինչ-ինչ քայլերի, քաղաքագետը նկատեց.«Ամբողջ տարածաշրջանը խառնելու ծրագրում եթե կա…Պետք է հարցնել Պենտագոնին, իսկ  մենք կարող ենք ընդամենն  ընթերցել մեկնաբանությունների, հայտարարությունների տակ թաքնված բաները, բայց դրանք էլ մեկ բան չեն ենթադրում, ավելին, մինչև մեկնաբանում ենք, իրավիճակ է փոխվում, ուստի ձեռքը միշտ զարկերակի վրա պետք է պահել»:

Այս համատեքստում  անդրադառնալով ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի քննարկման փաստին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե ստատուս քվոն իրենց չի բավարարում կամ «ձեռք» չի տալիս, Ալեքսանդր Մանասյանը պնդեց.«ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև համաձայնեցված խաղ կա: Ես չեմ կարծում, որ ՌԴ-ի և մեր համապատասխան ծառայությունները դա չեն հասկանում: Շատ ավելի բարդ է հասկանալ մերձավորարևելյան թնջուկը, որտեղ տարաբնույթ ուժեր կան, քան ղարաբաղյան կոնֆլիկտը»:

Դիտարկմանը՝ կա՞ հակասություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթությունում,  ասում են, թե սա միակ «տարածքն» է, որտեղ գերտերությունները լեզու են գտնում միմյանց հետ, քաղաքագետն արձագանքեց. «Չեն հոգնում ասելուց, որ իրենք այդ հարցում իրար հետ համաձայն են, բայց դա այդպես չէ»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում