Ինչո ՞ւ ԱՄՆ-ն ավելացրեց Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը

Ինչո ՞ւ ԱՄՆ-ն ավելացրեց Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ-ում քաղաքական ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարվա փետրվարին նախագահը ներկայացնում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում ներկայացրել է 2017թ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որի համաձայն՝ Հայաստանը Տնտեսական աջակցության հիմնադրամի կողմից կստանա $22,412,000, Ադրբեջանը՝ $10.936.000, իսկ Վրաստանը՝ $63 միլիոն:

Հարավկովկասյան երեք հանրապետություններին հատկացվող օգնության չափը նախորդ տարիների համեմատ մի քանի միլիոն դոլարով ավելացել է: Հիշեցնենք, որ 2016թ-ին Հայաստանին տրվել էր 18 մլն 360 հազար դոլար, Վրաստանին` 51 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանին` ութը: Արցախին, ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի ֆինանսական աջակցություն չի նախատեսվել:

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ի կողմից ամենաքիչ ֆինանասական օժանդակությունը ստացել է հենց 2016թ-ին և գրեթե 22 տոկոսով հատկացմանն ավելացումն անշուշտ դրական ազդակ է 2011 և 2012 թվականերին Հայաստանին հատկացվել է 40 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն, ինչպես նաև երկու միլիոն դոլարի չափով առանձին ֆինանսական օգնություն է տրվել նաև Լեռնային Ղարաբաղին: Գումարի այդ չափն անփոփոխ էր նաև 2013 թվականին, երբ ԱՄՆ-ն Հայաստանի համար սահմանեց 40 միլիոն դոլար աջակցություն: Եվս 5 միլիոն դոլար տրվեց Լեռնային Ղարաբաղին: Իրավիճակը կտրուկ փոխվեց 2014թ-ի ֆինանսական աջակցության ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը 38 տոկոսով կրճատեց 2014 ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը:ԱՄՆ նախագահն առաջարկեց 24 միլիոն 719 հազար դոլարի տնտեսական օգնություն: Այնուամենայնիվ, հայկական լոբբի ջանքերով գումարը հասավ 30.843 միլիոն դոլարի:

Շատերի կողմից ԱՄՆ-ի տրամադրվող օգնության նվազումը կապվում էր Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ: Հիշեցվում էր նաև, որ սկսած Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի երկարաձգումից հետո ԱՄՆ-ն սկսել է կրճատել հատկացվող գումարների չափը: Անշուշտ, այս գործոներն ունեն էական նշանակություն, սակայն կան այլ հիմնապատճառներ ևս, որոնց էլ կփորձենք անդրադառնալ: Խորհրդային միության փլուզումից հետո Հարավկովկասյան հանրապետություններից ԱՄՆ-ն առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը և ընգծված դրական տրամադրվածություն կար մեր երկրի նկատմամբ: Հայաստանը դիտարկվում էր, որպես ժողովրդավարական կղզյակ, որը մեծ ներուժ ուներ դառնալու արևմտյան մոդելի պետություն, սակայն սպասումներն այնքան էլ չարդարացան և համապատասխանաբար փոխվեց նաև քաղաքական վերաբերմունքը:

Սկսած 1988թ-ից մինչ 1995թ-ն ԱՄՆ-ի կողմից հատկացված ֆինանասական օժանդակությունն ուներ հիմնականում մարդասիրական օգնության դրսևորում: 1996-1998թթ-ին ԱՄՆ-ն աստիճանաբար նվազեցրեց մարդասիրական օգնության մասնաբաժինը` մեծացնելով զարգացման ծրագրերին ուղղված գումարների չափաքանակը, իսկ 1999թ-ից սկսված առաջնահերթությունը տրվում է մասնավոր սեկտորի զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Ռիչարդ Միլսը, 2015թ-ին դառնալով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, տվեց համաշխարհային գերտերության` Հայստանում նոր քաղաքականություն վարելու մեկնարկը: Անկախությունից ի վեր ԱՄՆ-ն փորձում էր փափուկ ուժի կիրառման միջոցով Հայաստանում մեծացներ իր ազդեցությունը և արևմտյան արժեքների նկատմամբ հետաքրքրությունը: Թերևս, այդ հանգամանքով էր պայմանավորված, որ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարների օժանդակություն էր հատկացնում Հայաստանին, որի առյուծի բաժինն ընկնում էր դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը:

Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ԱՄՆ-ն ակնհայտորեն փոխեց իր ֆինանսական քաղաքականությունը: Պատճառների թվում կարող ենք նշել այն հանգամանքը, որ մինչ ԱՄՆ-ն գումարներ էր ծախսում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների խթանման, ժողովրդավարական արժեքների տարածման ուղղությամբ, Ռուսաստանն այդ ժամանակահատվածում ուժեղացնում է իր դիրքերը հայկական տնտեսության մեջ և տիրանում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներին` այդ կերպ մեծացնելով իր ազդեցության լծակները: ԱՄՆ-ն, որն աշխարհում իր մեծությամբ երկրորդ դեսպանատունն ունի Հայաստանում, բնականաբար, չի կարող գոհանալ ներկայիս իրավիճակով: Այդ պատճառով միանգամայն կանխատեսելի է, որ այսուհետ ԱՄՆ-ն կփորձի մեծացնել տնտեսական հատվածում իր ներգրավածությունը, ինչի վկայությունն է նաև Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի իրականացումը:

Այսպիսով, տեսնում ենք, որ տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում ԱՄՆ-ը–Ռուսաստան մրցակցությունը Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու լավ հնարավորություն է ստեղծում, որն անշուշտ, կարող է դրական ազդեցություն գործել և ներդրումների նոր հոսք ապահովել: Բացի այս ամենից ԱՄՆ-ն վերջին երկու տարում փորձում է մեծացնել ներգրավվածությունը Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը զուգահեռ ցուցաբերելով նախաձեռնողական քաղաքականություն ևս մեկ ազդակ հղելով Ռուսաստանին, որ ազդեցության տարածման համար պայքարը չի ավարտվել:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում