Ադրբեջանը փորձում է մեկուսացումից դուրս գալ` որպես ելք համարելով Իրանը. Գարիկ Քեռյան

Ադրբեջանը փորձում է մեկուսացումից դուրս գալ` որպես ելք համարելով Իրանը. Գարիկ Քեռյան

Ադրբեջանը, ենթարկվելով Արևմուտքի որոշակի ճնշումների, այժմ փորձում է մեկուսացումից դուրս գալ` որպես ելք համարելով Իրանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցին Իրան:

-Պարոն Քեռյան, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմամբ պայմանավորված տարածաշրջանում նոր հնարավորություններ են բացվում: Հայաստան-Իրան հարաբերություններին նոր շունչ հաղորդելու տեսանկյունից ի՞նչ ուղիներ կմատնանշեք:

-Ինչպես գիտենք, տարածաշրջանային որոշ փոփոխություններ պայմանավորված են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ: Փաստացիորեն, սա հնարավորություն է տվել Իրանին ոչ միայն վերականգնել նախկին կապերը եվրոպական երկրների հետ, այլև ներթափանցել հարավկովկասյան տարածաշրջան` տնտեսական ծրագիր իրականացնելու համար: Չունենալով սահման Վրաստանի հետ` Իրանի համար առաջին գործընկերները դառնում են Հայաստանն ու Ադրբեջանը: Ե’վ Հայաստանը, և’ Ադրբեջանը փոխադարձ շահագրգռված են Իրանի հետ համագործակցության զարգացմամբ:

Հայաստանի համար նախ շրջափակումը թուլացնելու որոշակի հնարավորություն է ստեղծվում: Դրանից բացի, քանի որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները բնական հունով են գնում, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը կարող է որոշակի դերակատարում ստանձնել նաև Իրանը Եվրասիական տնտեսական համագործակցության երկրներին կապելու իմաստով: Հաջորդը, Հայաստանը, միշտ էլ աշխատել է Իրանի հետ կապերը զարգացնելով դառնալ էներգետիկ տարանցիկ երկիր, եթե, իհարկե, իրանական էներգառեսուրսները գործող Իրան-Հայաստան գազամուղով փորձ արվի տեղափոխել դեպի Վրաստան և այլ երկրներ: Կա նաև քաղաքական դրդապատճառ: Հայտնի է, որ Իրանը չեզոք դիրքրոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ահա այդ ամենը ստեղծում է այդ բարենպաստ ֆոնը, շահագրգռությունը հայ-իրանական կապերի զարգացման տեսանկյունից:

-Ո՞րն է Ադրբեջանի շահագրգռությունը: Հայտնի է, որ Ադրբեջանի նախագահը մեծ պատվիրակությունով այցելում է Իրան: Նախատեսված է մի շարք բնագավառներում 10-ից ավելի փաստաթղթերի ստորագրում:

-Ադրբեջանը, ենթարկվելով Արևմուտքի քննադատություններին, որոշակի ճնշումների` կապված ժողովրդավարության անհրաժեշտ մակարդակի չապահովման, Ադրբեջանում եվրոպական կառույցների արգելման հետ, փորձում է մեկուսացումից դուրս գալ: Այդ մեկուսացումը ընդգծվեց հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման պայմաններում: Ադրբեջանը հայտնվեց ծանր իրավիճակում: Ահա սա Ադրբեջանի կողմից Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու քաղաքական ենթատեքստն է: Տնտեսական ենթատեքստն այն է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի տարածքը ռազմավարական առումով հարմար է Ռուսաստանի հետ կոմունիկացիաներ հաստատելու տեսանկյունից:

-Ամեն դեպքում, Ադրբեջանի ներսում անկայունության հարց կա, նա Իրանի հետ խնդիր ունի սահմանային հատվածում: Իսկ տարանցիկ երկրի հավանական տարբերակ Հայաստանն է նշվում: Հնարավո՞ր է Ալիևն իր այցելութամբ փորձի խոչընդոտել Հայաստանը Իրանի համար որպես տարանցիկ երկիր դառնալու ձգտումները:

-Ներկա փուլում Ադրբեջանը փորձում է Իրանին շահագրգռել, որ վերջինս նախընտրի ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Կարծում եմ` Իրանը երկու ուղղությունն էլ նախընտրելու է` կապվելով տարբեր շուկաների հետ: Իհարկե, սահմանային խնդիր կա` կապված Իրանի Հյուսիսում ադրբեջանցիների ազգայնական շարժումը խրախուսելու հետ, բայց ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է դրանք հարթել:

-Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ վարում են` Հայաստանին տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու քաղաքականություն: Ադրբեջանի նախագահի այցն Իրան կարո՞ղ ենք նաև այս համատեքստում դիտարկել:

-Դա միշտ կա ու միշտ լինելու է, քանի դեռ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտությունը: Սա աքսիոմա է, այս մասին էլ չենք խոսում: Ադրբեջանի նախագահի այցում այդ ենթատեքստը կա: Բայց ամեն ինչ պայմանավորել միայն դրանով, ինձ թվում է, սխալ է: Չպետք է մոռանալ, որ կան նաև Ադրբեջանի և Իրանի տնտեսական շահեր: Ես կարծում եմ, որ հայկական կողմը նույնպես ակտիվ աշխատում է, Իրանի հետ հարաբերություններում ոչ մի խոչընդոտ չկա, պարզապես մեր երկրի ունեցած հնարավորությունների հարց է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում