Հայաստանում ներկայացվել են Հայաստանի եւ Չինաստանի մշակութային ժառանգության ընդհանրությունները

Հայաստանում ներկայացվել են Հայաստանի եւ Չինաստանի մշակութային ժառանգության ընդհանրությունները

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան փետրվարի 8-25-ը Երեւանում անց է կացրել հայ-չինական մշակութային փառատոն, որի շրջանակներում կայացած 6 միջոցառումների ընթացքում ներկայացվել են երկու երկրների մշակութային ժառանգության ընդհանրությունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, փետրվարի 26-ին ամփոփելով փառատոնը՝ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը տեղեկացրեց, որ ողջ փառատոնը լուսաբանել է չինական «Սինխուա» խոշորագույն լրատվական գործակալությունը:

Փառատոնի ընթացքում զուգահեռներ են անցկացվել հայկական եւ չինական տառագիտության բնագավառում, պարերի, ռազմարվեստի եւ մարտարվեստների միջեւ:

«Հատկանշական է, որ հայ երեխաներին հետաքրքրել էին հայկական եւ չինական տառագրությունները, որոնք առաջին հայացքից կարող են շատ բարդ թվալ, սակայն իրականում բավական պարզ են: Ձեզ նաեւ կզրարմացնի հայկական կոխի եւ չինական ցինդա մարտարվեստի նմանությունը: Խոսքը ոչ միայն մարտարվեստների տեխնիկական նմանությանն է վերաբերում, այլ նաեւ մենամարտին նախորդող ծիսակատարությանը՝ երգ ու պարին, երբ պարը սահուն կերպով փոխակերպվում է մենամարտի»,- նշեց Տ. Չոբանյանը:

Նրա դիտարկմամբ, քանի որ առաջին փորձը բավական հաջողված էր, իսկ հետաքրքրությունը, ինչպես հայկական, այնպես էլ չինական կողմից՝ բավական մեծ, նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում